«Ներկայացում մարդկային ուժի, սեռական հարաբերությունների, սիրո, դավաճանության, մահվան և արգելված ցանկությունների մասին». բրազիլաբնակ Արթուր Հարոյանը՝ նոր ներկայացման մասին
Բրազիլաբնակ հայ ռեժիսոր և դերասան Արթուր Հարոյանը լատինաամերկյան հանդիսատեսին հայկական քոչարիի, տոլմայի և աղջիկ ուզելու ավանդույթներին ծանոթացնելուց հետո ձեռնամուխ էր եղել Ցեղասպանության մասին պատմող «1915» ներկայացման բեմադրմանը, որը, ինչպես հուշում է բրազիլական մամուլի արձագանքը՝ մեծ հաջողություններ էր գրանցել Սան Պաուլո քաղաքում և նրա սահմաններից դուրս։ Ինչպես մեզ հետ զրույցում նկատում է Արթուրը՝ «1915»-ը Ցեղասպանության մասին պատմող առաջին ներկայացումն էր Լատինական Ամերիկայում, որ նվիրված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Բոլորովին վերջերս Արթուր Հարոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բրազիլիայի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հայկական «ARCA» («Տապան») թատերական խմբի կողմից (հիմնադիրը Արթուր Հարոյանն է) նոր ներկայացում է բեմադրվել՝ «Այս աշխարհից դուրս»-ը: «1915»-ից հետո սա երկրորդ ներկայացումն է, որ Արթուրը բեմադրում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:
168.am-ը զրուցել է Արթուր Հարոյանի հետ, ծանոթացել նոր ներկայացման մանրամասներին.
– Արթուր, դատելով նոր ներկայացման լուսանկարներից՝ բոլորովին այլ բան եք մտածել այս անգամ: Ի՞նչ ներկայացում է:
– Այո, այս անգամ բռնել ենք էքսպերիմենտալ թատրոնի ուղին, որն ամբողջովին ողողված է Պինա Բաուշի «Մարմնի այբուբենի» մեթոդով։ Ներկայացումն առաջ է բերում մարդկային ուժի, սեռական հարաբերությունների, սիրո, դավաճանության, մահվան և արգելված ցանկությունների թեմաները: Այն պատմում է յոթ կերպարների մասին, ովքեր երկրագնդի վրա տեղի ունեցած հզոր աղետից հետո հայտնվել են մի վայրում, որ կոչվում է «Այս աշխարհից դուրս»: Այստեղ դոմինանտ են իրենց կողմից կերտված կանոններն ու ավանդույթները։
– Ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը, երբ ասում ես՝ մարմնի այբուբեն:
– Ողջ ներկայացումն ուղեկցվում է Պինա Բաուշի «Մարմնի այբուբենի» տեխնիկայով, ինչպես նաև՝ մնջախաղի, պարի, ժեստիկուլյացիայի, մարմնի մանիպուլյացիայի էլեմենտներով, որի գաղափարն իմ խումբ ներմուծեց դերասան և պարուսույց Ֆաբիո Պարպինելլին՝ ստեղծելով բանաստեղծական, զգայական և միստիկ մթնոլորտ։ Ըստ ներկայացման ռեժիսորի՝ Կլեբեր Գոեսի, մենք գալիս ենք մի հայտարարի, որտեղ ժեստիկուլյացիան և մարմնի մանիպուլյացիան հայտնվում է առաջին պլանում, որին, անկասկած, աջակցում է տեքստը։ Ներկայացումը ստեղծագործական ազատության և էքսպերիմենտալ թատրոնի արդյունք է, որի հիմքում ընկած են բարդ ներքին խառնվածք ունեցող հերոսները։
– Պրեմիերան բառացիորեն օրեր առաջ էր, չէ՞:
– Այո, այն կայացավ աշխարհում մեծ ճանաչում գտած «Fringe» ամենամյա միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենում Պարա նահանգի մայրաքաղաք Կուրիտիբայում։ Սովորաբար այս փառատոնի հյուրերը ոչ միայն Բրազիլիայում գործող թատերական խմբերն են, այլև ողջ աշխարհից ժամանած հայտնի խմբեր, դերասաններ, թատերագետներ և այս ոլորտն աշխարհում ներկայացնող այլ մասնագետներ:
– Ի՞նչ արձագանքների արժանացավ ներկայացման պրեմիերան:
– Նախ չափազանց հաճելի էր լսել լրագրողների կարծիքը, ովքեր ասում էին, որ փառատոնի ամենատարօրինակ և միաժամանակ յուրօրինակ ներկայացումն էր: Արձագանքները դեռ առջևում են, որովհետև պատրաստվում ենք հանդես գալ Սան Պաուլո քաղաքում, Աստծո կամոք, կշրջագայենք նաև քաղաքի սահմաններից դուրս։ Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես Բրազիլիայի հայկական գաղութը կընդունի այս նոր բեմադրությունը, քանի որ այն լիովին տարբերվում է նախորդից՝ «1915»-ից: Ներկայացման հետ զուգահեռ՝ Սան Պաուլոյում բավականին ճանաչում ունեցող ռեժիսոր Սպիլ Պաշեկոյի հետ մեկտեղ վավերագրական ֆիլմի գաղափարը ծնվեց, որը պետք է որ կապի Հայաստանն ու Բրազիլիան։
– Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը, որ հավակնում է կապել Հայաստանն ու Բրազիլիան:
– Ֆիլմի հիմքում իմ կյանքի պատմությունն է, թե ինչպես երեք տարեկան հասակում երազում էի Բրազիլիայում ապրելու մասին։ Այսօր տեսնում եմ, որ երազանքս իրականանալուն պես «իրականացել» (կայացել) եմ նաև ես։ Նախատեսում ենք, որ նկարահանումները տեղի կունենան Հայաստանի այն վայրերում, որոնց այս կամ այն կերպ առնչություն եմ ունեցել ես: Դա կդառնա մի ճամփորդության պատմություն, որ մեզ կբերի հեռավոր Բրազիլիա, որտեղ էլ այժմ բնակվում և իմ մասնագիտական գործունեությունն եմ ծավալում ես: Շատ երջանիկ կլինեմ, եթե Հայաստանում գտնվեն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կօգնեն այս վավերագրական ֆիլմի կայացմանը։
– Վերադառնալով մեր զրույցի թեմային՝ կուզենայի իմանալ՝ իսկ ովքե՞ր օգնեցին «Այս աշխարհից դուրս»-ի ստեղծմանը:
– Ներկայացման զգալի մասն իրականացավ crowdfunding-ի միջոցով, իսկ առանց UGAB Brasil-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղ) աջակցության՝ այս ներկայացումը պարզապես տեղի չէր ունենա: