Բաժիններ՝

Հայկական քոչարին, «աղջիկ ուզելու» ու դոլմայի պատմությունները՝ բրազիլական թոք-շոուի եթերում

Եթե բրազիլական թոք-շոուի ուղիղ եթերում պատահաբար ականատես եք լինում հայկական քոչարու անհավանական կատարման, կամ եթե նույն հեռուստաշոուի ընթացքում պորտուգալերեն լեզվով ձեր ականջին է հասնում հայկական դոլմայի անունը, ապա այստեղ անկասկած խառն է Սան Պաուլոյում բնակվող մեր հայրենակից դերասան Արթուր Հարոյանի անունը:

Ծնունդով վանաձորցի Արթուրը դերասան է, առաջին քայլերը սկսել է դեռ Հայաստանում՝ խաղացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում: Տարիներ առաջ Արթուրը մեծ դժվարությամբ՝ նույնիսկ ծնողներին խաբելու գնով, որոշեց մեկնել Բրազիլիա, և այդ որոշումն արդարացված էր:

Artur Haroyan (4)

Արթուր Հարոյանի անունը բրազիլացի հանդիսատեսին հայտնի դարձավ դեռ 2012 թ., երբ «GRUPO ARCA» (Տապան) թատերական խմբի հետ համատեղ՝ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսեց Հայոց ցեղասպանության մասին՝ բրազիլացի հանդիսատեսին ներկայացնելով իր կողմից հեղինակած «1915» թատերական ներկայացումը, որի բեմադրիչը դարձավ բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին (Rogério Rizzardi)։ Այս տարի ևս Սան Պաուլոյի հանդիսատեսը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ մեկ անգամ ևս ականատես եղավ աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող, դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությանը:

Կարդացեք նաև

Artur Haroyan (3) Artur Haroyan (6)

«1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի և թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր` Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ և ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: Պիեսի հիմքում նաև ընկած են Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ և մենախոսություններ, ինչպես նաև՝ իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Artur Haroyan (5)

168.am-ը դերասան Արթուր Հարոյանի հետ զրուցեց թոք-շոուներում հայտնվելու նրա առաքելության մասին, որի ընթացքում բացահայտվեցին նաև Բրազիլիայում նրա բեմադրած թատերական ներկայացման մանրամասները:

Արթուր, ինչո՞ւ որոշեցիր մեկնել Բրազիլիա:

– Եթե մի նախադասությամբ ասելու լինեմ, ապա՝ ես այստեղ եկա երազանքի հետևից:

Ո՞րն էր երազանքը:

– Երազանքները դեռ իրագործվելու փուլում են, բայց ես այստեղ հաջողացրի իրագործել իմ ծրագրերից մի քանիսը, այդ թվում՝ ավարտեցի տեղի Թատրոնի և կինոյի լավագույն դպրոցներից մեկը՝ Incenna-ը, և ներկայացրի իմ հեղինակած թատերական ներկայացումը՝ «1915»-ը, որ Հայոց ցեղասպանության թեմայով է, ու որն այստեղ խաղում ենք դեռ 2012 թվականից:

Artur Haroyan (2)

Ի՞նչ առիթներով եք հաճախակի հրավիրվում որպես բրազիլական թոք-շոուի մասնակից, գուցե առիթը Ձեր ազգային պատկանելությո՞ւնն է, կամ որոշակի հետաքրքրությո՞ւնն այդ տեսակին, որովհետև առաջին դեպքերում դուք թոք-շոուի ուղիղ եթերում բացահայտեցիք հայկական պարի գեղեցկությունը, երկրորդ դեպքում՝ ազգային ավանդույթներից մի քանիսը, այդ թվում՝ նաև ազգային դոլման:

– Առաջին անգամ ինձ բրազիլական հայտնի թոք-շոու էին հրավիրել մեր բեմադրած «1915» ներկայացման առիթով: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ բրազիլացի հանդիսատեսի շրջանում, հետևաբար՝ գուցե դրա պատճառով որոշակի հետաքրքրություն առաջացավ նաև իմ ազգային պատկանելության նկատմամբ: Նրանք հետաքրքրված են մեր տեսակով, և ես, առիթն օգտագործելով, պարբերաբար ներկայացնում եմ նրանց մեր ազգային ավանդույթներն այնքանով, որքանով իրենց դա հետաքրքիր է: Առաջին անգամ երկար զրույց ունեցանք, խոսեցինք հայկական մշակույթի, արվեստի մասին, և ես այդ կոնտեքստում նրանց իմ ձևով ներկայացրի մեր ազգային պարերից մեկը: Երկրորդ անգամ խոսեցինք ազգային ավանդույթների, մասնավորապես՝ «աղջիկ ուզելու» և ազգային հայտնի կերակրատեսակի՝ դոլմայի մասին:

Բրազիլիայում հայկական համայնք կա՞:

– Հայկական համայնք կա, 3 եկեղեցի ունենք, մետրոյի կայարան, որ կոչվում է «Armenia», հայտնի հայկական ռեստորաններ կան: Ընդհանուր առմամբ ակտիվ համայնք է:

Հ.Գ. Բրազիլաբնակ հայ դերասանի հետ զրուցելու թեմաները դեռևս առջևում են: Այս հղումներով կարող եք դիտել հատվածներ նրա մասնակցությամբ թոք-շուից, որտեղ մեր հայրենակիցը ներկայացնում է հայկական պարը, խոսում ազգային ավանդույթների ու սովորությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս