Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԵՄ հետ բանակցությունների առկախման պատճառ կարող է դառնալ. ԵԽ զեկուցող
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները տխրեցնող է համարել երկրի ժողովրդավարների համար: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
«Անարդար ընտրական մթնոլորտում Թուրքիայի բնակչությունը փոքր տարբերությամբ աջակցություն ցուցաբերեց Էրդողանին անվերահսկելի լիազորություններ տվող, ավտորիտար համակարգին հարիր սահմանադրական փաթեթին: Սա Թուրքիայի բոլոր
ժողովրդավարների համար ցավալի օր է:
Ակնհայտ է, որ երկրի ուժերի տարանջատումը չհարգող, վերահսկման որևէ մեխանիզմ չունեցող սահմանադրությամբ երկիրը չի կարողանա միանալ Եվրամիությանը: Եթե փաթեթն առանց փոփոխության կիրառվի, ապա դա Եվրամիության հետ բանակցություններն առկախելու պատճառ կդառնա», հայտարարել է Փիրին: Նա ընդգծել է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները ենթադրում են հեռացում եվրոպական արժեքներից:
«Ես շարունակելու եմ լինել Թուրքիայում հանուն ժողովրդավարության և հիմնարար իրավունքների պայքարող ցանկացած անձի կողքին»,-նշել է նա: