Վարկավորումը սպասվածից թույլ է աճում

ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի վերջին փոփոխեց ՀՀ տարածքում գործող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը և 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ։ Գործող 21 բանկերը 2 տարի ժամանակ ունեին և պետք է իրենց կապիտալն արդեն 2017թ. հունվար 1-ի դրությամբ համապատասխանեցնեին ԿԲ նոր պահանջին։

Բանկերից 4-ն այս ընթացքում դադարեցրին գործունեությունը՝ միաձուլվելով այլ բանկերի հետ։ Մնացած 17 բանկերի կեսը կապիտալը համալրեց միայն 2016-ի տարեվերջին (ոմանք՝ նույնիսկ Ամանորից մի քանի օր առաջ)։ Այս ամենի արդյունքում բանկերի լիկվիդայնությունը զգալիորեն աճեց։ Այսինքն՝ կուտակվեց մեծ ծավալի փող, որը պետք էր արագ տեղաբաշխել (հիմնականում՝ վարկավորման ձևով)։ Միևնույն ժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկը նախորդ տարվա ընթացքում և այս տարվա առաջին ամիսներին նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է բերեր նաև առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ՝ իր հերթին, պետք է մեծացներ վարկերի նկատմամբ պահանջարկը։ Վերը նշված երկու գործոնները՝ կապիտալի ներհոսքը և տոկոսադրույքը հաշվի առնելով՝ մասնագետները ենթադրում էին, որ 2017-ի առաջին եռամսյակում կգրանցվի վարկավորման ծավալների կտրուկ աճ։

Արդարացա՞ն արդյոք այդ կանխատեսումները։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների բազայում արդեն ամփոփվել են 2017 թվականի հունվար և փետրվար ամիսների ցուցանիշները (մարտ ամսվանը կհրապարակվի մի փոքր ավելի ուշ)։ Այսպես, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը (կամ եթե կուզեք՝ վարկային պորտֆելը) 2017 թվականի փետրվարի վերջին կազմել է 2 տրլն 52.9 մլրդ դրամ։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ (2 ամսվա ընթացքում)՝ բանկերի վարկային պորտֆելն աճել է 8.7 մլրդ դրամով կամ 0.42%-ով։ Սա ամենևին այն աճը չէր, ինչ ակնկալվում էր` կապիտալի ներհոսքի արդյունքում։

Որպեսզի պատկերն առավել պարզ դառնա՝ ԿԲ տվյալների հիման վրա մենք կազմել ենք գծապապատկեր 1-ը, որտեղից երևում է, թե 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվարին որքանով է աճել առևտրային բանկերի վարկային պորտֆելը՝ նախորդ տարվա համեմատ։ Այլ կերպ ասած, այստեղ ներկայացված է վարկերի աճի ամսական դինամիկան։ Օրինակ, 2017 թվականի փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 0.4%-ի աճ, փետրվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, ընդամենը 0.1% աճ։ Փոխարենը, ինչպես տեսնում եք, աճն առավելագույնի է հասել 2016 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին (համապատասխանաբար՝ 1.5% և 1.7%)։ Հատուկ շեշտենք, որ այս ընթացքում փոխարժեքի լուրջ տատանումներ չեն եղել, և փոփոխությունները պայմանավորված չեն արտարժութային վարկերի՝ դրամային արտահայտությամբ աճով:

Ինչ եզրակացություն կարելի է անել այս թվերից։ Ըստ էության, վարկային պորտֆելի փոփոխությունը վարկավորման ծավալների մասին լիարժեք պատկերացում չի տալիս։ Տեսականորեն հնարավոր է, որ վարկային պորտֆելի թույլ աճը պայմանավորված լինի նախկինում տրված վարկերի մարումներով։ Օրինակ, պատկերացրեք, եթե բանկը հունվար ամսին իրականացրել է 10 մլրդ դրամի վարկավորում և նույն ամսում հաճախորդները մարել են նրա կողմից ստացած 10 մլրդ դրամի չափով վարկեր։ Փետրվարին իրականացրել է 40 մլրդ դրամի վարկավորում, իսկ նախկինում տրված վարկերից մարվել է 50 մլրդ դրամ։ Այս դեպքում, բանկի վարկային պորտֆելը հունվարի նկատմամբ կնվազի՝ չնայած այն հանգամանքին, որ վարկավորման ծավալները քառակի աճել են։ Ամեն դեպքում, մյուս ամիսների տվյալները ձևավորում են որոշակի օրինաչափություն, և նոյեմբեր-դեկտեմբեր ու հունվար-փետրվար ամիսների այս տվյալները կարող են վկայել վարկավորման թույլ աճի մասին։

Իսկ կոնկրետ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների շոշափելի աճը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ բանկերը կարողացել են ներգրավված կապիտալը շատ արագ «գործի մեջ դնել»՝ առանց հաջորդ տարվան սպասելու։ Սակայն ընդգծենք. սա ընդամենը ենթադրություն է։ Մի հետաքրքիր հանգամանքի մասին նույնպես նշենք։ 2017 թվականի հունվար-փետրվարի վարկային պորտֆելի աճը գրանցվել է բացառապես արտարժութային վարկերի հաշվին։ Այսպես, արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 358.9 մլրդ դրամ, ինչը 18.6 մլրդ դրամով կամ 1.4%-ով գերազանցում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ցուցանիշը։

Դրամի փոխարժեքն այս ընթացքում լուրջ փոփոխություններ չի կրել, այսինքն՝ այս աճը փոխարժեքով պայմանավորված չէ։ Մյուս կողմից՝ ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 9.9 մլրդ դրամով կամ 1.4%-ով և կազմել 694 մլրդ դրամ։

Այսինքն, ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի՝ առանց այն էլ բարձր դոլարայնացվածությունը խորացել է։ Եթե 2016-ի դեկտեմբերի վերջին ընդհանուր վարկերի 65.5%-ն էր արտարժույթով, ապա փետրվարի վերջին այդ ցուցանիշը կազմել է 66.2%։ Ավելացնենք, որ ըստ ոլորտների դիտարկելու դեպքում՝ ստացվում է, որ հունվար-փետրվար ամիսների ընթացքում բանկերի վարկային պորտֆելն աճել է հիմնականում արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի հաշվին։ 2017 թվականի փետրվարին արդյունաբերությանը տրված վարկերի ծավալը կազմել է 452.4 մլրդ դրամ՝ 2016 թվականի դեկտեմբերի 420 մլրդ-ի դիմաց։

Պորտֆելն աճել է 32.4 մլրդ դրամով, ընդ որում՝ գրեթե ամբողջությամբ արտարժութային վարկերի հաշվին։ Աճել են նաև առևտրի (5.7 մլրդ դրամով), գյուղատնտեսության (1.7 մլրդ դրամով) տրամադրված և սպառողական վարկերը (1.3 մլրդ դրամով)։ Մնացած ոլորտների վարկային պորտֆելները նվազել են։ Սա նշանակում է, որ բանկերը նախընտրել են ֆինանսավորել խոշոր բիզնես-վարկառուներին։

Տեսանյութեր

Լրահոս