Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա
Ապրիլի 12-ին Ռուսաստանն արգելափակել է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին:
Արեւմտյան երկրների կողմից պատրաստված փաստաթուղթը հավաքեց ընդունման համար անհրաժեշտ 10 ձայն, ինչը Մոսկվային հարկադրեց վետո դնել դրա վրա: Բացի ՌԴ-ից, նախագծի ընդունման դեմ հանդես եկավ Բոլիվիան: Ղազախստանը, Չինաստանը եւ Եթովպիան քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի շուրջ բանաձեւի առնչությամբ Ռուսաստանի գործողությունների քննադատությամբ: Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատը:
«Ռուսաստանն արդեն ութերորդ անգամ իրեն հակադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեծամասնությանը: Ռուսաստանը ծանր պատասխանատվություն է ստանձնում՝ հետեւողականորեն խոչընդոտելով սիրիական դոսյեի շրջանակներում բազմակողմ միջոցառումներին՝ դրանով իսկ պաշտպանելով դաշնակից Բաշար Ասադին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունների ղեկավարներ Զիգմար Գաբրիելը եւ Բորիս Ջոնսոնը համապատասխանաբար ափսոսանք են հայտնել Ռուսաստանի կողմից բանաձեւի վրա վետո դնելու առիթով: Գաբրիելի խոսքով՝ «Ռուսաստանի վետոն մեծ ափսոսանք է հարուցում»:
«Անհրաժեշտ են անցկացնել հետաքննության եւ պարզորոշ ազդանշան տալ քիմիական զենքի օգտագործման դեմ», մեջբերում է անում նախարարի խոսքից Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Բորիս Ջոնսոնը տարակուսանք է հայտնել ՌԴ-ի որոշման կապակցությամբ: «Ճնշված եմ, որ Ռուսաստանը կրկին խանգարեց միջազգային հանրակցությանը, որը դատապարտում է քիմիական զենքի օգտագործումը»,-գրել է ՋոնսոնըTwitter սոցիալական ցանցում:
Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին այն կարծիքն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է փոխընդունելի բանաձեւ ընդունի Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: