Բաժիններ՝

Իրանը դատապարտել է ԱՄՆ-­ի հարվածը սիրիական ավիաբազային

Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ­-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:

«Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-­ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7­-ին իրականացվել Է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,­-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Իրանի ԱԳ նախարարության կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը եւ էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դեռեւս ստվերում են մնում նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից:

Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ է օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար, ինչը վտանգ է ներկայացնում եւ հակասում է միջազգային իրավունքին:

Ավելի վաղ ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:

Այդ ավիաբազայից ապրիլի 4­-ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:

Մինչդեռ, ինչպես նախօրյակին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել:

«Ես հաստատում եմ, որ սիրիական բանակը երբեք այդ զենքը չի կիրառել ու չի կիրառի ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ ահաբեկիչների դեմ»,­-ասել է նա:

Մուալեմի խոսքով՝ Սիրիան 2013 թվականին միացել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ հստակորեն կատարում է իր պարտավորությունները:

Նա սուտ է համարել սիրիացի զինվորականների կողմից Խան Շեյխուն քաղաքում քիմիական ռազմամթերքի կիրառման վերաբերյալ ընդդիմության կողմից տարածվող լուրերը: ԱԳ նախարարը նաեւ նախազգուշացրել է, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են թունավոր նյութերի պաշարներ պահել քաղաքներում եւ այլ բնակավայրերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս