Nokia 3310-ում գործարկվել է առաջին բանկային հավելվածը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների արտադրության շուկա: Ու չնայած ընկերության հիմքում հիմա ոչ այնքան հայտնի HMD ընկերությունն է, շատերի համար սա հին Nokia-ն է: Ընկերության մատուցած ամենամեծ անակնկալը Nokia 3310-ի վերադարձն էր:
Հիմա արդեն վերաթողարկված հեռախոսն ունի առաջին բանկային հավելվածը: Alfa բանկի հետ համագործակցությամբ՝ ստեղծվել է Alfa Mobile 3310 հավելվածը: Հավելվածի միջոցով հնարավոր է ստուգել հաշվի մնացորդը, ֆինանսական գործարքներ, վճարումներ կատարել: Այս հավելվածը հասանելի է դարձել այսօր:
Nokia 3310-ն առանձնանում էր իր շատ ամուր կառուցվածքով և շատ հզոր մարտկոցով: Ինչը վերաբերում է երկրորդին, ապա նոր հեռախոսը կարող է մրցել մի շարք հայտնի և թանկարժեք սմարթֆոնների հետ: Nokia 3310-ի մարտկոցը սպասման ռեժիմում կարող է ծառայել 25 օր, իսկ զանգեր կատարելու դեպքում՝ 22 ժամ:
Նոր հեռախոսի էկրանը տարբերվում է նախորդից: Նոր Nokia 3310-ն ունի 2,4 դյույմանոց QVGA էկրան՝ 320 ×240 պիքսել ընդլայնմամբ:
Nokia 3310-ն ունի Bluetooth, աշխատում է երկու քարտով, ունի 2 ՄՊ հզորությամբ տեսախցիկ և microSD-ի հնարավորություն:
Սիրարփի Աղաբաբյան