«Իսկանդեր»-ն ու «Սկադ»-ը բավարար են Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը ոչնչացնելու համար

Ադրբեջանը չի կարող «Իսկանդեր»-ի նման զենք ձեռք բերել, դրանից հզոր մեր պարագայում պետք է լինի միջուկային զենքը: Ինչը նա նույնպես չի կարող ձեռք բերել: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ձեռք են բերել հզոր, կործանարար նոր զինատեսակ:

«Թող նման բաներ գնա և իր համագյուղացիներին պատմի: Նախ, նման զենքը հնարավոր չէ թաքցնել, երկրորդ, մեր ունեցած «Իսկանդեր»-ն ու «Սկադ»-ը բավարար են Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը ոչնչացնելու համար: Իրենց մամուլում են մասնագետները խոսում, որ եթե գործի դնենք այդ զինատեսակները ու թիրախավորենք համապատասխան օբյեկտները, ապա Ադբեջանի 2/3-ը կմնա ջրի տակ: Դա ես չեմ ասում, իրենք են խոսում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ հայկական կողմի ունեցած զինատեսակները ռազմավարական առավելություն ունեն: Այսօր Իլհամ Ալիևը բանակցում է Իսրայելի հետ, որ ձեռք բերի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, բայց, ըստ Վաղարշակ Հարությունյանի, դա էլ չի փրկի:

«Իրենք ստիպված են միլիարդներ ծախսել: Մենք, պատերազմի մեջ չմտնելով, ստիպեցինք Ադրբեջանին մտնել տնտեսական մրցավազքի մեջ, մեծ փողեր  ծախսել, դա այն դեպքում, երբ իր ֆինանսական միջոցները կրճատվում են»,-ասաց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ուժեղացել է` Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ փաստերն այլ բանի մասին են խոսում:

«Ալիևը PR սիրող մարդ է: Տեսեք, թե ինչով է զբաղվում, իրենց հսկողության տակ եղած մի գյուղում Ալիևը մեծ փողեր է նեդրել ու Ադրբեջանի հասարակությանը  ցույց է տալիս, թե այն «ազատագրել» է, շոու է սարքում: Հիմա ինքն ասում է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ինքը ուժեղացել է, այդ դեպքում ինչո՞ւ համանախագահող երկրները ընդունեցին Հայաստանի` հետաքննության մեխանիզմներ ներդնելու մասին առաջարկները, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը բողոքում ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ինքը շատ բան է խոսելու, որովհետև դա ուղղված է ներքին սպառողին»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս