Հայաստանում նվազել է շինարարության ծավալը
Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին շինարարության ծավալները կազմել են 17 մլրդ 134,5 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում 13,8 տոկոսով:
Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրում են ունեցել կազմակերպությունների միջոցները` շուրջ 9 մլրդ 259,8 մլն դրամ: 2016 թվականի հունվար-փետրվարի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 45,7 տոկոսով:
Միևնույն ժամանակ, 2 անգամ ավելացել է Համաշխարհային բանկի վարկերով ֆինանսավորվող շինարարության ծավալները` կազմելով 564.4 մլն դրամ: Այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2,8 տոկոսով ավելացել է բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը: Այս տարվա հունվար-փետրվարին այն կազմել է 3 մլրդ 542,3 մլն դրամ:
Օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալը կազմել է 875,5 մլն դրամ` նվազելով 0,8 տոկոսով: