Որոնք են Հայաստանի գլխավոր գործընկեր երկրները
Հայաստանի և այլ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 760 մլն 989,1 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 22,2 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016-ի հունվար-փետրվարին այն կազմել էր 622 մլն 559,4 հազար դոլար:
Արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի հունվար-փետրվարին իրականացվել է 233 մլն 707,9 հազար ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` 2016-ի հունվար-փետրվարի 189 մլն 672,9 հազար դոլարի ցուցանիշը գերազանցելով 23,2 տոկոսով:
Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ հունվար-փետրվարին իրականացվել է 81 մլն 438,8 հազար ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51,4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 53 մլն 796 հազար դոլար:
Շուրջ 21,2 անգամ ավելացել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը: 2017 թվականի հունվար-փետրվարին այն կազմել է 44 մլն 447 հազար դոլար, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 2 մլն 92,4 հազար դոլար:
Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Բուլղարիան է. ծավալները կազմել են 41 մլն 34,6 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականի հունվար-փետրվարին այն կազմում էր 30 մլն 788,9 հազար դոլար: Այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդին 33,3 տոկոսով:
Հայաստանի և Գերմանիայի միջև իրականացվել է 38 մլն 947,1 հազար դոլարի առևտուր` նվազելով 2 տոկոսով: 2016-ին այն 39 մլն 728,6 հազար դոլար էր:
Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 16,5 տոկոսով` կազմելով 29 մլն 881,4 հազար դոլար: Նախորդ տարվա հունվար-փետրվարին այն կազմել էր 35 մլն 769,2 հազար դոլար:
Մեր մյուս հարևան երկրի՝ Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 13,3 տոկոսով: 2017 թվականի հունվար-փետրվարին իրականացվել է 27 մլն 924,3 հազար դոլարի առևտուր, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում` 32 մլն 206,6 հազարի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, զգալի աճ է գրանցվել նաև Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառության ծավալներում: 2017 թվականի հունվար-փետրվարին այն 2,8 անգամ ավելացել է` կազմելով 26 մլն 47,5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 9 մլն 187,3 հազար դոլար:
2,1 անգամ ավելացել է Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը: 2017-ի հունվար-փետրվարին այն կազմել է 24 մլն 908,6 հազար, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 12 մլն 94,6 հազար դոլար: