Հին ու նոր խոստումներ
Ապրիլի մեկն այս տարի շուտ սկսվեց: Մոտ 40 օր շուտ սկսվեց իրար խաբելու գործընթացը: Նախընտրական քարոզչության շրջանակներում քաղաքական գործիչները մեծ-մեծ խոստումներ են տալիս: Մենք էլ ձևացնում ենք, թե ուշադիր հետևում ենք: Հետևում ու լսում ենք 100 հազար դրամանոց թոշակների, ճոխ-ճոխ ներդրումների, կոռուպցիայի դեմ պայքարի ու արդարության վերականգնման մասին խոստումները: Ապրիլի մեկին մենք էլ կներքաշվեք խաբելու գործընթացի մեջ: Այդ օրն իրար բոլ-բոլ կխաբենք:
Իսկ ապրիլի երկուսի ուշ երեկոյան մեզ բոլորիս կխաբեն: Խաղի կանոնների համաձայն՝ դա կկոչվի «2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներ»:
Ու հետո հասարակական կյանքը կվերադառնա սովորական հուն: Գյուղնախարարությունը կհայտարարի, որ ավարտվել է «Պատվաստանյութերի բաշխման և գուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը»: Հայտարարությունից կհասկանանք, որ նախընտրական քարոզարշավի թեժ օրերին այդ նախարարությունը մեզ արդեն փորձել էր տեղեկացնել սույն գործընթացի մեկնարկի մասին: Բայց մենք նախընտրական ժխորի մեջ բաց էինք թողել այդ արժանավոր տեղեկատվությունը լսելու ու գնահատելու հնարավորությունը:
Որովհետև կենտրոնացած փորձում էինք հասկանալ, թե ով է ավելի իրատես: Կառավարող կուսակցության վարչապե՞տը, ով 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերից է խոսում, թե՞ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, ով խոսում է 15 մլրդ դոլարանոց ներդրումների մասին: Կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի: Ալարկոտ-ալարկոտ կշարունակվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ծրագիրը: Որովհետև ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն ասել է, որ ինքը համաձայն չէ, որ «այդ նախագիծը ձախողվել է»:
Պարզապես կառուցման աշխատանքները «դանդաղ են շարժվում, բանն այն է, որ, եթե այնտեղ աշխատողներ չեն լինում, դա դեռ չի նշանակում, թե աշխատանքը կանգ է առել»: Տեսնո՞ւմ եք՝ ինչ պարզ, հստակ ու տրամաբանական բացատրություն է: Գլխավորը՝ լավատեսական: Այսինքն՝ մայրուղին վաղ թե ուշ կառուցվելու է՝ անկախ քաղաքական ուժերի վերադասավորումից:
Անկախ 3,2 կամ 15 մլրդ դոլար հնարավոր ներդրումներից: Անցած ութ տարում 35 կմ կառուցել ենք, առաջիկա 100 տարում կկառուցենք մնացած 460 կմ-ն: Ու հենց ավարտենք տնտեսական առաջընթացը, նկատելի կդառնա բոլորի համար, նույնիսկ՝ հոռետեսների: Այդ ժամկետներում կիրականանան 2017-ի բոլոր նախընտրական խոստումները: Նույնիսկ ՀՀ վարչապետի «Արեգակի և վերաանգնվող էներգետիկայի մյուս աղբյուրների ավելի լայն գործարկման ծրագրերը»:
Այս խոստումը վարչապետը Կոտայքի մարզում տվել է Աբովյան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Խոստացել ու ավելացրել է.
«Եթե դուք ապագա մասնագետների համար ուսումնական ծրագիր ունեք, և, եթե դուք հաշվարկել եք ձեր տեխնիկական բազայի պահանջները, փաստաթղթերը ներկայացրեք Էներգետիկայի նախարարություն, այնտեղ դրանց հետ մանրամասն կծանոթանան»: Ընդունեք, որ այս ընտրությունները բավական ինքնատիպ են ու շատ-շատ են տարբերվում նախորդներից: Նախկինում մեզ սովորաբար թոշակ-նպաստ-աշխատավարձի բարձրացում էին խոստանում: Կամ՝ խորհրդային ավանդների վերադարձ: Հիմա այդ խոստումներն աժմեական չեն: Խորհրդային ավանդներն արդեն վերադարձրել-պրծել են: Հավանաբար: Կամ էլ խորհրդային ավանդատուներն են պրծել: Կարծեմ, սա ավելի հավանական է:
Հիմա մեզ նոր գերժամանակակից խոստումներ են տալիս: Խոստումներն ավելի կատարելագործվել են. Դիլիջանի բանկային համաշխարհային կենտրոնով, Գյումրիի նույնքան համաշխարհային տեխնոպարկով հիմա ընտրող չես ոգևորի: Հիմա վերականգնվող էներգետիկայի զարգացում է պետք: Ի հեճուկս խորհրդային ավանդները վերադարձնել և հայաստանյան նավթահորեր խոստացող քաղաքական դեմքերի: Նման վեհերոտ փորձ եղավ այս տարվա ապրիլի մեկին նախորդող քարոզարշավի հենց սկզբին: Ափսոս, որ հետագա շարունակություն չունեցավ: Քարոզարշավի վերջին շաբաթի տնտեսական լուրերից կ?րելի է առանձնացնել այն, որ այս տարվա անցած երկու ամսվա ընթացքում մոտ 10,5 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Այս ընթացքում ավելացել է թե ներքին սպառումը, թե արտահանումը: Արահանման ծավալների աճը, իհարկե, դրական տնտեսական փաստ է: Ի տարբերություն ներքին սպառման աճի: Որովհետև այն տեղի է ունեցել ոչ թե արտադրության ոլորտում էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացման պատճառով, այլ՝ որ այս տարի ձմեռը խիստ անբարենպաստ էր: Բնակչությունը գարնան գալստի հետ նոր-նոր է շունչ քաշում (կամ քաշելու)՝ ջեռուցման վարձերից պրծնելով: Բայց նախընտրական պայքար ներքաշված հասարակության համար սա հետաքրքիր չէ: Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ տոկոսներով են բաշխվելու մեր քվեները քաղաքական ուժերի միջև: Բան չմնաց: Ժողովրդական ասացվածքի համաձայն՝ ամեն ինչ հայտնի է դառնում 40 օրից: Ապրիլի երեքին կիմանանք: