«Դպրոցների այն տնօրենները, որոնք ընտրություններին լավ են աշխատում, հետո սկսում են պահանջներ ներկայացնել». Սերոբ Խաչատրյան

«Դպրոցը հանրային հաստատություն է. եթե բնակչության 9%-ը մի կուսակցության անդամ է, ապա 90%-ն անկուսակցական կամ այլ կուսակցության անդամ է։ Որքանո՞վ է ճիշտ, որ երեխան գնա մի դպրոց, որի տնօրենը կուսակցական է։ Հիմա ծնողները, երբ դպրոց են փնտրում, ասում են՝ գոնե տնօրենը թունդ կուսակցական չլինի, որովհետև ամեն այսպիսի ընտրություն ունի իր գինը. այն տնօրենները, որոնք լավ են աշխատում, հետո սկսում են հարցեր դնել՝ ես ձեզ ծառայություն եմ մատուցել, վերանորոգեք իմ դպրոցը կամ ինձ հողատարածք տվեք։ Այս ամենն ուղիղ իմաստով վնասում է կրթությանը»,- այսօր կազմակերպված «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Բանախոսը բերեց  Հունաստանի օրինակը, որի կոլապսի գլխավոր պատճառներից մեկը, ըստ նրա՝ համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը. «Հունաստանում այդ գործընթացը սկսվեց 1993-ին PASOK կուսակցության կողմից, սա ի վերջո հանգեցրեց տնտեսական փլուզման, նման նախադեպ ունենք մեր աչքի առաջ, բայց շարունակում ենք այդ ճանապարհով»։

Նրա խոսքով՝ եթե միշտ ասում էին, թե տնօրենները կուսակցական գործունեությամբ զբաղվում են ոչ աշխատանքային ժամերին, ու փաստեր էին պահանջում, ապա հիմա այդ փաստերը կան. «Թող հետաքննություն սկսեն»։

Ինչ վերաբերում է պետական դպրոցների տված կրթության որակին, ապա նա նշեց, որ պաշտոնյաների մեծ մասն իրենց երեխաներին չեն ուղարկում պետական դպրոցներ, այլ ուղարկում են մասնավոր դպրոցներ, որտեղ, կրթության փորձագետի խոսքով՝ այսպիսի խնդիրներ չկան. «Ոչ թե պետք է ասենք, որ տնօրենները վատն են, այլ ստեղծվել է իրավիճակ, երբ մարդկանցից պահանջվում է դրսևորվել իրենց վատագույն կողմով։ Սա լուրջ խնդիր է, ու, եթե այս համակարգը չվերանա, Հայաստանն առաջիկայում կրթության ոլորտում շատ լուրջ խնդիրներ կունենա»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս