ՀՀԿ­-ն ակնկալում է գյումրեցիների գիտակցված քվեն

Այս տարիների ընթացքում կան կատարված աշխատանքներ՝ ավելի քան 3 հազար շիրակցի ստացել է բնակարան, բայց դա ձեռքբերում չէ, այլ իշխանության պարտականությունը: Եվ քանի դեռ Գյումրիում կա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչ, նշանակում է՝ իշխանությունը դեռ անելիք ունի: Այս մասին մարտի 26­-ին Գյումրիում Թատերական հրապարակում, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Իրականում շատ դժվար է խոսել այն մարդկանց հետ, ովքեր ամենածանր փորձությունների միջով են անցել ու անցնում: Ամենածանր սոցիալական պայմաններն ունեն ու, լսելով չէ, որ գիտեն՝ ինչ է նշանակում աղքատություն ու գործազրկություն: Այս տարիների ընթացքում կատարված աշխատանք կա, բայց կան նաև բազթողումներ, իսկ այդ բացթողումների հետևանքները դուք ձեր մաշկի վրա զգացել եք: Եթե փոփոխություններն ինչ­ որ տեղ շատ են պետք, ապա քայլերը, որոնք կատարվում են, առաջին հայացքից, տեսանելի չեն լինում՝ տպավորություն է, որ ոչինչ չի կատավում»,-­ նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Խոսելով անօթևանության մասին՝ ՀՀ արդարադատության նախարարը փաստեց՝ քանի դեռ կան անօթաններ՝ իշխանությունը դեռ անելիք ունի: «Նշանակում է՝ մենք դեռ աշխատանք ունենք անելու ու դեռ պարտավոր ենք լսելու ձեր դժգոհություններն ու այդ դժգոհություններին լուծում տալու»,­- նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀԿ ծրագրերը, որտեղ, ինչպես ՀՀ արդարադատության նախարարն է փաստում՝ խոստումներ չկան: «Եթե խոստում ես տալիս, այն հեշտ է խախտել, դրա համար ավելի հեշտ է խոսել արվածից՝ տարիներ առաջ ոչ մեկը չէր հավատում, որ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»­ը կարող է իրականություն դառնալ՝ այն էլ հպարտության առարկա, բայց դա այդպես է: Դեռ ներդրումները կշարունակվեն և այս տարի կունենանք նոր աշխատատեղեր: Խոսել Շիրակի մարզի զարգացման մասին առանց «Շիրակ» օդանավակայանի՝ դժվար է: Այս 3 ամսվա ընթացքում՚ «Պոբեդա» ավիաընկերությունը շուրջ 15 հազար մարդու փոխադրում է իրականացրել, իսկ վաղն արդեն տոմսերի վաճառք կսկսի «Տարոն» ավիոընկերությունը։ Սա նշանակում է, որ այստեղ բազաներ են տեղակայվելու ու ստեղծվելու են աշխատատեղեր»,­- նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավատացնելով, որ Գյումրին ունի աշխարհի կենտրոնը դառնալու բոլոր հնարավորությունները:

ՀՀ արդարադատության նախարարը նաև հույս հայտեց որ ապրիլի 2-­ին գյումրեցին ընտրության կգնա պատվախնդրությամբ և ոչ հուսախաբ ու նեղսրտված: «Մենք խոստումներ չենք տալու: Մենք լավ գիտենք ձեր տված քվեի գինը, մենք դա թանկարժեք նվեր ենք ընդունելու, որովհետև դա գիտակցված քվե է լինելու՝ դժվարություններ տեսած մարդու, բայց, միևնույն ժամանակ, ապագայի նկատմամբ հույս ունեցող մարդու քվե»,­- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս