Բաժիններ՝

«Սա ազդակ է ուղարկում, որ երկիրը բաց է ու պատրաստ է թափանցիկ լինել». «Լիդիան Ինթերնեյշնլ» գոծադիր տնօրենը՝ Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին անդամակցելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր տեղի ունեցավ ՀՀ-ի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառումը: ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային  ստանդարտ է, որին անդամակցում է 51 երկիր:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այս գործընթացի կարևորությունն այն է, որ այն իրականացվելու է եռակողմ՝ կառավարությունը, արդյունահանող միությունը և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խմբերի միջոցով:

Բազմաշահառու խմբի կառավարությունը ներկայացնող անդամ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝ երբ առաջին անգամ իրենք որոշում էին կայացնում՝ կատարելու այս «կարևոր» քայլը, բավականին բարդ էր, դեռևս պարզ չէր՝ ԱՃԹՆ-ն ինչ է, արդյունքները ոչ այնքան ակնհայտ էին, թեև կային վերլուծություններ, բայց այդքան հստակ չէին:

Կարդացեք նաև

«Այնուամենայնիվ, գնահատելով ընդհանուր վերաբերմունքն ԱՃԹՆ այլ երկրներում, որոնք արդեն անդամակցել են, մենք այդ քայլը կատարեցինք: Մենք ունեինք լուրջ մտահոգություն՝ քաղհասարակության հետ կապված, որովհետև տեսնում էինք, որ այնտեղ էլ կան բազմաթիվ հոսքեր, բախումներ, ու քաղհասարակությունը ևս ունի իր ներքին խնդիրները: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ձևավորել երեք խմբերի ներկայացուցիչներին, ու սկսվեց ամենադժվար աշխատանքը, որովհետև ի սկզբանե երեք կողմերն իրար նկատմամբ ունեին ծայրաստիճան անվստահություն: Առաջին մի քանի ամիսը մենք բազմաթիվ ջանքեր գործադրեցինք, որպեսզի կարողանանք առաջին ամենապարզ քայլերը կատարել, երբ մենք պետք է սովորեինք իրար լեզուն հասկանալ, երբ մենք պետք է համակերպվեինք, որ անգամ ամենապարզ խնդիրների վերաբերյալ մեզ մոտ կարող են ծագել բազմաթիվ միջադեպեր՝ այն առումով, որ չէինք պատկերացնում, որ հնարավոր է այդքան պարզ խնդրի վերաբերյալ ունենալ բացարձակապես տարբեր կարծիքներ: Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ու ամեն ինչ իդեալական է, որովհետև երեք տարբեր խմբեր են աշխատում, բայց սկիզբը շատ ոգեշնչող է»,- նշեց Դ. Հարությունյանը:

Բազմաշահառու խմբի արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող անդամ, Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը հանքարդյունաբերական ոլորտում գործող կազմակերությունների անունից ասաց, որ դա շատ կարևոր, միգուցե նաև շրջադարձային ձեռքբերում է ՀՀ կառավարության քաղհասարակության և ընկերությունների համար:

Նրա խոսքով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, հենց առաջին օրվանից, ինչով կարողացել՝ սատարել է ԱՃԹՆ-ի գործընթացին և կարևորել է, որովհետև հանքարդյունաբերության ոլորտում աշխատելուց առավել կարևոր է աշխատել մի միջավայրում, որտեղ գործում են հավասար կանոններ, որտեղ գործում են առավելագույն թափանցիկություն և հստակ խաղի կանոններ:

«Այդ գործելաոճից շահում են բոլորը՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և հատկապես բիզնեսը: ԱՃԹՆ-ն իսկապես նպաստելու է ՀՀ-ին ներդրումային ավելի լավ գրավչություն տալու առումով, հայտնի է, որ ԱՃԹՆ-ի անդամ երկրներում ավելի շահագրգռված են լինում ներդրումներ կատարել: Գուցե առաջին անգամ համատեղ աշխատանք տեղի ունեցավ 3 կարևոր խմբակցությունների, շահագրգիռ կողմերի միջև՝ քաղաքացիական հասարակության, կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների: Քննարկումներ շատ են եղել, բայց երևի սա առաջին աշխատանքն էր, սա բաց երկխոսություն էր: Շատ տարաձայնություններ եղան, բայց, ի վերջո, հասանք կոնսենսուսի, բոլորս եկանք ինչ-որ փոխզիջումների, և հենց սա է ԱՃԹՆ-ի կարևորագույն առաքելություններից մեկը»,- նշեց Ա. Ստեփանյանը:

Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամ Ինգա Զարաֆյանն էլ նկատեց, որ մենք հիմա գտնվում ենք նախընտրական ժամանակաշրջանում. «Ուսումնասիրելով բոլոր 9 կուսակցությունների և դաշինքների ծրագրերը՝ մենք տեսել ենք, որ հանքարդյունաբերությունը եղել է խնդիրներից մեկը, որը բոլոր ծրագրերում առկա է, դա նշանակում է, որ այդ ոլորտի խնդիրներն արդեն կուտակված են և ազդում են մեր երկրի էլեկտորատի վրա: Քաղհասարակությունն առաջին հերթին՝ մտահոգված է, որ Հայաստանը չմտնի այլ երկրների շարքի մեջ, որտեղ առկա է «հումքային կցորդ» հասկացողությունը: Հույս ունենք, որ մենք այդպես էլ չենք մտնի և կայուն ձևով կզարգացնենք մեր տնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Մենք ակնկալում ենք տեղեկատվություն ստանալ բոլոր այն ֆինանսական հոսքերից, որոնք առկա են ոչ միայն մեր երկրում, այլ նաև օֆշորային գոտիներում: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչքանո՞վ են նրանք ազդում մեր հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության վրա»:

Դ. Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նաև ասաց, որ Ադրբեջանն անդամակցում էր ԱՃԹՆ-ին, բայց քանի որ չէր բավարարում մի շարք պահանջների, դրա համար նրա կարգավիճակը կազմակերպությունում իջեցվել է. «Այն օրը, որ մենք հայտարարեցինք մեր անդամակցության մասին, այդ նույն օրը նրանք հայտարարեցին, որ դուրս են գալիս կազմակերպությունից»:

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կտա իրենց ընկերությանը Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածու անդամ դառնալը՝ հաշվի առնելով, որ այն մինչ այժմ էլ է թափանցիկ աշխատել: Ի պատասխան՝ Հ. Սթիվենսոնն ասաց.

««Լիդիան Արմենիան» իրոք արդեն իսկ հրապարակում է բոլոր ֆինանսական հաշվետվությունները, ամեն ինչ թափանցիկ է, ու այն, ինչ մենք վճարում են ՀՀ-ի կառավարությանը, թափանցիկ է և բաց: Այդուհանդերձ, մեզ՝ որպես ընկերություն, ԱՃԹՆ-ին անդամակցությունը տալիս է այն, որ, երբ ՀՀ կառավարությունը ցանկություն է հայտնում ադամակցել ԱՃԹՆ-ին, մեր բաժնետերերն ավելի մեծ վստահություն են ունենում՝ որպես երկիր, որտեղ ներդրումներ են անում, որովհետև սա ազդակ է ուղարկում, որ երկիրը բաց է ու պատրաստ է թափանցիկ լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս