Բաժիններ՝

«Նպատակը բավականին հավակնոտ է». Վարչապետը՝ Հայաստանի՝ ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու մասին

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ-ի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառումը:

Վարչապետը ողջունեց այս նախաձեռնությունը՝ ասելով, թե ուրախ է, որ Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու անդամ: Նրա խոսքով՝ սա Հայաստանի համար մի նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական մարմինների և արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ ավելի հաշվետու, իսկ ՀՀ քաղաքացուն՝ ավելի կոմպետենտ և տեղեկացված:

«Սրանք միանգամայն համահունչ են մեր կողմից որդեգրած բաց և թափանցիկ կառավարության գործելաոճին և հանդիսանում են մեր կողմից իրականացվող ռեֆորմների բաղկացուցիչ մասը: Հանքարդյունաբերությունը որքան՝ կարևոր, այնքան էլ՝ բարդ ոլորտ է, այստեղ խաչվում են հանրային ակնկալիքները, գործարարի շահը, երկրի կայուն զարգացման գերակայությունը: Մեզ համար կարևորը հավասարակշռությունն է, գտնել այն բանաձևը, որը բոլորի համար կստեղծի թափանցիկ և արդյունավետ կառավարման դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ, ոլորտում միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառում: Նպատակը բավականին հավակնոտ է, դրան հասնելու համար, բարի կամքից բացի՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի բազիս, որտեղ շահառուները կունենան համատեղ որոշումներ կայացնելու  մեխանիզմ: Այս հարթակը մենք գտանք ԱՃԹՆ ձևաչափում»,- նշեց վարչապետը:

Կ. Կարապետյանն ընդգծեց, որ այս գործընթացի կարևորությունն այն է, որ այն իրականացվելու է եռակողմ՝ կառավարությունը, արդյունահանող միությունը և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խմբի միջոցով:

Վարչապետի դիտարկամբ՝ ԱՃԹՆ-ն միջոց է, բայց ոչ՝ վերջնանպատակ. «Անհրաժետ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացուն: Առաջին 1.5 տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխանող զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական և մատչելի տեղեկավությամբ»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, ևս ողջունեց Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին:

«Ուզում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին որպես թեկնածու երկիր անդամակցելու առթիվ: Հայաստանի բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ օգտագործումը շատ կարևոր է:  Ես ուզում եմ ողջունել Հայաստանի իշխանություններին, վարչապետին և նրա թիմին՝ ԱՃԹՆ-ին անդամակցելու ուղղությամբ շատ հստակ և ակտիվ քայլել իրականացնելու համար: ԱՄՆ դեսպանատունն ունեցել է կարևոր օժանդակող դեր այս գործընթացում: Այժմ մեկնարկում է աշխատանքների նոր փուլը: Ես վստահ եմ, որ Հայաստանն իր այս նոր հանձնառությունը կապահովի, կառավարությունը հաշվետվություններ կապահովի մուտքերի վերաբերյալ, հանքարդյունաբերական ընկերությունները կներկայացնեն իրենց հաշվետվությունները, և հասարակությունը հնարավորություն կունենա հետևել և համոզվել, որ Հայաստանի բնական պաշարները ծառայում են ի շահ Հայաստանի ժողովրդի»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ ինքը շատ ուրախ է այսօր գտնվել այս միջոցառմանը. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու գործնական աջակցությունը Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի  ճամփորդության ընթացքում, որպեսզի բարելավվի բիզնես միջավայրը, բարձրացվի վստահությունը, նվազեցվի կոռուպցիան, աղքատությունը, ու այն դառնա բարգավաճման աղբյուր ամբողջ Հայաստանի բնակչության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս