Բաժիններ՝

Աթեշյանը հարմար պայմաններ չի տեսնում փոխանորդի պաշտոնը թողնելու համար

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծում է` դեռևս չկան պայմաններ, որ ինքը լքի Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը: Այս մասին Աթեշյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Պատրիարքի պաշտոնը ոչ մեկի անձնական սեփականությունը կամ ժառանգությունը չէ: Հետևաբար, կա անհրաժեշտություն խնդիրներն ուսումնասիրել այս մակերեսայնությունից այն կողմ»,­ նշել է Աթեշյանն` ասելով, որ որպես պատրիարքական փոխանորդ աշխատել է այն «զգայուն հիմքերի վրա, որոնք ձևավորվել էին 2010 թվականին»: «Այստեղ իմ կողմից որևէ դիմադրություն կամ համառություն չկա: Երբ պայմանները հասունանան, գործընթացն ինքն իրեն թափ կհավաքի»,­-հայտարարել է Սրբազանը:

Մեկնաբանելով տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հորդորը` պաշտոնական գրագրության մեջ այլևս չկիրառել փոխանորդի պաշտոնը` Աթեշյանն ասել է, որ Բեքչյանը փորձառու հոգևորական է, սակայն «Քյոլնից արված պոպուլիստական կոչերը որևէ նպաստ չեն բերի ստեղծված փակուղու հաղթահարմանը»:

«Կարծում եմ, որ խնդիրները կարող են լուծվել ոչ թե միմյանց ուժ ցուցադրելով, իշխանություն ապացուցելով, այլ բարեպաշտության ոգով»,­-նշել է նա:

Խոսելով պատրիարքական տեղապահի ընտրություններում Բեքչյանի հաղթանակի մասին` նա ընդգծել է, որ ընտրված տեղապահը չի կարողացել երդմնակալության արարողություն իրականացնել, և այս մասին տեղյակ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Աթեշյանն անդրադարձել է նաև հանդիպում կազմակերպելու հարցով Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումին` հայտնելով, որ այս պահին որևէ պատասխան չի ստացվել:

«Մեր հուսառատ սպասումները շարունակվում են: Կարծում եմ` այս գործընթացում առողջ մթնոլորտում կարող ենք շփումներ հաստատել իշխանական շրջանակների հետ: Մենք հակադիր կողմեր չենք: Պատրիարքարանը Թուրքիայի մի կառույցն է և ունի պետության վստահությունը»,­-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս