Տխուր տարբերություն և ավելի տխուր նմանություն

Համաշխարհային լրատվության ամենատարօրինակ լուրն ամերիկյան ծագում ունի: Նյու Յորքի ամենահարուստ 80 բնակիչները դիմել են նահանգի օրենսդիր մարմնին: Ընդհանրապես մեծահարուստներն ամբողջ աշխարհում ընկալվում են օլիգարխներ: Մարդիկ, ովքեր էական ազդեցություն ունեն իրենց երկրի տվյալ պահի քաղաքական իշխանության վրա: Զարգացած երկրներում քաղաքական դեմքերը տվյալ երկրի օրենքով նախատեսված ժամկետներում հայտնվում են պետության ղեկին: Հայտնվում ու իշխանության ժամկետը լրանալուց հետո, որպես կանոն, հեռանում են առաջին դիրքերից:

Օրինակ, նույնիսկ շատ քիչ բրիտանացիներ գիտեն, թե այսօր ինչով է զբաղված Մեծ Բրիտանիայի 73-րդ վարչապետ Թոնի Բլեերը: Մինչդեռ նա բրիտանական բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է տասը տարի՝ 1997-2007թթ.: Մինչդեռ այդ երկրում բոլորը գիտեն իրենց ամենահարուստ հայրենակիցներին: Այս տեսանկյունից դատելով՝ Հայաստանն էլ կարելի է անվանել զարգացած երկիր: Որովհետև անկախության մեր 26 տարիների ընթացքում երեք նախագահ ենք փոխել: Նախագահների քանակից հինգ անգամից ավելի՝ վարչապետներ: Պաշտոնավարած նախարարներից շատերին մոռացել ենք: Հուր-հավիտյան ենք մոռացել: Մինչդեռ այս ողջ շրջանում մեր երկրի մեծահարուստների ցուցակը համարյա նույնն է մնացել:

Ավելի ճիշտ, մեծահարուստների ցուցակում մեկ-երկու նոր անուն է հայտնվել: Իսկ ցուցակից ընդամենը մեկն է դուրս մնացել: Նյույորքյան 80 մեծահարուստների ազգանուններն ուսումնասիրելով՝ կհամոզվեք, որ ԱՄՆ-ում էլ նույն պատկերն է: Այդ ցուցակի որոշ անուններ անգամ մեզ՝ հայաստանցիներիս են հայտնի: Որովհետև աշխարհում դժվար է գտնել տառաճանաչ մարդ, ով չի լսել Ռոքֆելլեր կամ Սորոս ազգանունը:

Բոլորը գիտեն, որ Ռոքֆելլերները, 100-150 տարի է՝ մեծահարուստ տոհմ են: Բայց հենց այստեղ ավարտվում է մեր ու զարգացած երկրների մեծահարուստների նմանությունը: Ավարտվում է նմանությունն ու սկսվում է տարբերությունների շղթան, որի պատճառով մեր երկիրը դեռ երկար տարիներ հնարավոր չի լինի դասել զարգացած երկրների շարքին: Տեսեք՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Մեր համարյա բոլոր մեծահարուստները հավակնում են պատգամավոր դառնալ: Կամ էլ «աջակցում են» այս կամ այն քաղաքական ուժին: Ու համարյա բոլորն «աջակցում են» իշխանության մաս կազմող քաղաքական ուժի: Նորից երկրով մեկ թևածում են ընտրակաշառքների մասին լուրերը: Մեծահարուստները, բացահայտ կամ մեկուսի, խոստումներ են տալիս ընտրողներին:

Նյութական խոստումներ: Մեկին՝ փող, մեկին՝ աշխատատեղ, մեկին՝ ճանապարհների ասֆալտապատում, մեկին՝ կրթավարձ, մեկին՝ տեխնիկա: Պաշտոնապես բնակչության մեկ երրորդն աղքատ է: Իսկ աղքատ մարդկանց խոստանալու շատ բան կա: ԿԸՀ-ի քնքուշ նկատողություններից հետո մեր մեծահարուստները կոնկրետացան օրենքով թույլատրելի խոստումների շրջանակների վրա: Խոստանում են կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Քաղաքական ուժերից մեկը նույնիսկ վերաթարմացրեց արդեն մոռացված՝ խորհրդային ավանդները վերադարձնելու խոստումը:

Մեծահարուստներն ու քաղաքական ուժերն այս բոլոր խոստումներին «Նախընտրական տնտեսական ծրագիր» անունն են տվել: Տվել ու գցել են նախընտրական գործընթաց:

Եվ իզուր է ֆինանսների գործող նախարարը դժգոհում, որ աշխատավարձ ու թոշակ բարձրացնել խոստացող քաղաքական ուժերն աղբյուրները չեն նշում: Այսինքն՝ չեն ասում, թե որտեղից են գումար հայթայթելու իրենց խոստումը կատարելու համար: Նախարարն իզուր է բողոքում: Խոստումները լիովին մտնում են «Ընտրապայքար» կոչվող խաղի կանոնների մեջ:

Ճիշտ այնպես, ինչպես իր զարմանքը: Ով՝ ով, բայց մեծահարուստները գիտեն, որ բարեգործությամբ ու խոստումներով երկիր չես պահի: Բայց վերադառնանք նյույորքյան մեծահարուստներին: Նրանք դիմել են նահանգի օրենսդիր մարմնին՝ խնդրելով բարձրացնել մեծահարուստներից, այսինքն՝ իրենցից գանձվող հարկերը: Սա՝ այն դեպքում, երբ նահանգի կարգավիճակ ունեցող Նյու Յորքում ամերիկյան ամենաբարձր հարկերն են: Մեծահարուստների պարագային հարկերը 40 տոկոսի են հասնում: Մեկ-երկու տարի առաջ դերասան Դեպարդյեն հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից:

Հրաժարվեց ու ՌԴ քաղաքացիություն ընդունեց, որովհետև իր հայրենիքում սոցիալիստ կառավարիչները բարձրացրել էին հարուստներից գանձվող հարկերը: Նյույորքյան մեծահարուստների համար հարկերից խուսափելը, հարկավ, շատ ավելի հեշտ է: Բավական է բիզնեսը գրանցել ամենափոքր հարկեր ունեցող ամերիկյան նահանգում: Մինչդեռ նրանք նահանգային իշխանություններին կոչ են անում բարձրացնել իրենցից գանձվող հարկերը և դրանք ուղղորդել դպրոցների, ճանապարհների, կամուրջների վերանորոգմանը: Բարձրացված հարկերով հոգալ անօթևանների կարիքները:

Այս պարզ օրինակը ցույց է տալիս, որ մեծահարուստը ողորմություն բաժանողը չէ, այլ՝ մեծ հարկ մուծողը: Կարո՞ղ եք նման բան պատկերացնել մեր պարագային: Մեր մեծահարուստների երկրպագուները հարկավ կարող են հակադարձել, որ իրենց կուռքերը չեն վստահում պետական չինովնիկներին:

Ուստի իրենք են խոստանում ասֆալտել ճանապարհ, կամ դպրոց նորոգել: Որովհետև չինովնիկները կգողանան իրենց հատկացրած միջոցները: Այս կարծիքը մոտ կլիներ իրականությանը, եթե որևէ մեկը կարողանար մեր մեծահարուստներին տարբերակել մեր չինովնիկներից: Իրականում ստացվում է, որ «տղերքը» պարզապես իրար չեն վստահում:

Ու հավանաբար այդ անվստահությունն է ապահովում քաղաքական ուժերի այս մեծ քանակը: Ամեն «թիմ» փորձում է իշխանության հասնել հարստության անզուսպ գործընթացն իր կողմը թեքելու տեսլականով: Իսկ մինչ այդ կարելի է մեծ-մեծ խոստումներ տալ: Մեկ-մեկ էլ՝ ողորմություն բաժանել: Ահա այսպիսի տխուր տարբերություն:

Տեսանյութեր

Լրահոս