Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի
Հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել են Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով:
Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ, տեղեկացնում է BBC-ին:
Մարտի 22-ի ցերեկը տեղական ժամանակով 14:40-ին (Երեւանի ժամանակով 18:40-ին) տղամարդն ավտոմոբիլով կանխամտածված անցել է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ սկսել տակը գցել անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին:
Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարը փակել են ոստիկանները:
Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել է հարձակվողին:
Արդեն ուշ երեկոյան Սկոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել է հրեշավոր եւ նողկալի հարձակում: Ահաբեկչական գործողությունից շատ չանցած Մեյը հրավիրել է արտակարգ իրավիճակների կառավարական կոմիտեի՝ COBRA-ի նիստ:
«Հարձակման վայրն ընտրվելէոչ պատահաբար: Ահաբեկիչը որոշել էր հարված հասցնել մեր երկրի հենց սրտում»,-լրագրողներին հայտարարել էՄեյն այդ նիստից հետո:
Սկոթլանդ յարդն ասում է, որ հարձակվողը գործել է միայնակ: Միեւնույն ժամանակ ոստիկանությունն ստուգում է, թե նա գործել է արդյոք սեփական նախաձեռնությամբ, թե ունեցել է հանցակիցներ: Իշխանությունները պարզում են բազաթիվ տուժածների ինքնությունը:
Հարձակման պահին Վեստմինստերյան կամրջին էին գտնվում մի խումբ ֆրանսիացի դպրոցականներ, նրանցից երեքը վիրավորվել են:
Տուժել են նաեւ երեք ոստիկաններ, որոնք գնում էին կամրջով՝ վերադառնալով պարգեւատրման արարողությունից:
Վիրավորների թվում են Լանքաշիրի կոմսության էջ Հիլի համալսարանի չորս ուսանողներ: Լոնդոնի «շտապ օգնության» աշխատակիցները հայտարարել են, որ լուրջ վնասվածքներով 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:
Առայժմ ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել լոնդոնյան հարձակման պատասխանատվությունը, որն իր սցենարով նման է Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններին, որտեղ հանցագործներն ավտոմեքենայի տակ են գցել մարդկանց, ինչպես նաեւ Իսրայելում, որտեղ նմանօրինակ գրոհները լայն տարածում էին գտել ոչ վաղ անցյալում: