«Ադրբեջանցի ահաբեկիչների վերադարձը վտանգավոր է»
Ադրբեջանցի ահաբեկիչները վերադարձը չի կարող վտանգավոր լինել Հայաստանի կամ Արցախի համար: «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ վտանգ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի համար Սիրիայում ահաբեկչական խմբավորումներում ներգրավված ադրբեջանցիների վերադարձը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը պատասխանեց.
«Եթե ադրբեջանցին որոշել է գնալ և մտնել «Իսլամական պետություն» խմբավորման մեջ, նա այլևս ադրբեջանցի չէ, նա համարվում է «Իսլամական պետության» մարտիկ: Գաղափարական առումով նա չի կարող իրեն զոհաբերել Ադրբեջանի համար»:
Նրա խոսքով` դա վտանգավոր է Ադրբեջանի համար, և արդեն ահաբեկչական գործողություններ դրսևորումներ այնտեղ եղել են:
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը խոսքով`մոտ 900 ադրբեջանցիներ անդամագրվել են ահաբեկչական կառույցներին: Իհարկե, այս թվին եթե գումարենք թուրքական ծագում ունեցողներին, կկազմի բավականին զգալի թիվ: Բացի դրանից, կան ադրբեջանցիներ, որոնք մեկնել են Թուրքիա և չեն կարողանում մտնել Սիրիա՝ կռվելու համար ահաբեկչական խմբավորումների կազմում: Ներկայումս, ստեղծված իրավիճակից ելնելով, նրանք չեն ցանկանում և վերադառնում են Ադրբեջան»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների ապագայի վերաբերյալ հարցին՝ արաբագետը նշեց, որ Սիրիայում ապրող քրիստոնյա փոքրամասնության ապագա կարգավիճակը կախված է, թե ով կգա իշխանության Սիրիայում:
«Իհարկե, հայ համայնքն ունի հին ու խորը արմատներ Սիրիայում, և ինչպիսի իշխանություն էլ հաստատվի այնտեղ, նրանք պետք է հասկանան, որ հայերը մեծ դերակատարություն են ունեցել և ունեն պետության կայացման գործում»,- ասաց արաբագետը:
Հիշեցնենք, որ Սիրիայում 6 տարվա պատերազմի հետևանքով փախստականների թիվը կազմում է 5-6 միլիոն մարդ, որից 20 հազարը ապաստան է գտել Հայաստանում: