Պարտադիր աուդիտի «քամբեքը» (վերադարձը)

Խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի պահանջը վերադառնում է։ Այսինքն՝ խոշոր ընկերությունները կրկին պարտավոր կլինեն իրենց հաշվետվությունները հրապարակել՝ անկախ աուդիտորի կողմից ուսումնասիրություն անցնելուց հետո։ Սա բավականին կարևոր իրադարձություն է տնտեսական կյանքում, որը մնացել է նախընտրական թոհուբոհի ստվերում։

Ինչով է սա կարևոր և ինչ է տալու տնտեսությանն ու բիզնեսին։ Մինչ առաջ անցնելը՝ մի քանի բառով անդրադառնանք նախապատմությանը։

Պարտադիր աուդիտը ՀՀ նախկին վարչապետ (ներկայումս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ) Տիգրան Սարգսյանի առանցքային նախաձեռնություններից մեկն էր։ Տիգրան Սարգսյանը համոզված էր, որ պարտադիր աուդիտի ներդրումը կբարձրացնի խոշոր ընկերությունների թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ 2009 թվականի հոկտեմբերին Կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագծին։

Այդ փոփոխությունների համաձայն՝ խոշոր կազմակերպություններն այդուհետ պարտավոր էին հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Խոշոր էին համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը գերազանցում էր մեկ միլիարդ դրամը, կամ հաշվետու տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում էր մեկ միլիարդ դրամը: 2011 թվականին ներդրվեց խոշոր ընկերությունների՝ պարտադիր աուդիտ անցնելու իրավական պահանջը։ Ինչպես ներկայացվում էր, դրա գլխավոր նպատակն էր՝ համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը Եվրամիությունում գործող լավագույն մասնագիտական փորձին:

Համակարգը գործեց մոտ 3 տարի։ Որքանո՞վ այն նպաստեց թափանցիկությանը՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում կառավարությունը փորձում էր ամեն գնով աշխատեցնել այս համակարգը։ Պարտադիր աուդիտը չանցած ընկերությունների անունները պարբերաբար հրապարակվում էին, իսկ 2013 թվականին կառավարությունն է՛լ ավելի հեռուն գնաց և որոշեց պետական գնումներին մասնակցելու իրավունքից զրկել այն ընկերություններին, որոնք պարտադիր աուդիտը չէին անցել, ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություն ներկայացրած կամ պարտադիր աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ էին ունեցել։

Սակայն հետո տեղի ունեցավ հակառակը։ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում փոխարինած Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2014թ. մայիսին որոշեց վերացնել պարտադիր աուդիտի պահանջը։ Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ 3 տարի առաջ նախատեսվում էր այլ իրավական ակտերի ընդունում (այդ թվում` այլընտրանքային ստուգումների), և այդ շրջանակում առաջարկվում էր նաև պարտադիր աուդիտի վերացում: Սակայն նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, իսկ պարտադիր աուդիտի նորմը վերացվեց: Սրանք պաշտոնական մեկնաբանություններն էին։

Իսկ, այսպես ասած, կուլիսներում այլ մեկնաբանություններ էին շրջանառվում՝ ինչպես պարտադիր աուդիտի ներդրման, այնպես էլ՝ այն վերացնելու ժամանակ։ Օրինակ, ներդրման ժամանակ ոմանք նշում էին, որ պարտադիր աուդիտը լրացուցիչ բեռ է բիզնեսի համար և սպասարկելու է միայն մի խումբ ֆինանսական կազմակերպությունների շահերը։ Այսինքն՝ աուդիտորական ծառայությունների նկատմամբ պահանջարկն այս փոփոխությամբ էապես աճում էր՝ ավելացնելով նաև աուդիտորական կազմակերպությունների քանակն ու նրանց եկամուտները։ Ի դեպ, ընդդիմադիր ուժերն ու մի շարք անկախ փորձագետներ դեմ էին պարտադիր աուդիտի վերացման պահանջին։

Օրինակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ պարտադիր աուդիտի պահանջի վերացումն ունի 3 նպատակ. առաջին՝ մեծահարուստներին ազատել ավելորդ բեռից, երկրորդ նպատակը՝ ջախջախել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը ֆինանսական աշխարհում, և երրորդ՝ նախապատրաստել աուդիտի կլանումը Ֆինանսների նախարարության կողմից։ Իսկ, օրինակ, ԱԺ պատգամավոր (ներկայումս՝ ՀՀ բնապահպանության նախարար) Արծվիկ Մինասյանը գտնում էր, որ պարտադիր աուդիտի վերացումը ձեռնտու է այն խոշոր կազմակերպություններին, որոնք գործում են ստվերում։

«Պետք չէ վերացնել աուդիտը և ասել, թե հարկային մարմինը ստուգումներ անցկացնում է և չարաշահումներ է բացահայտում: Աուդիտորական կազմակերպություններ և հարկայինը տարբեր մարմիններ են և տարբեր գործառույթներ են իրականացնում: Պետք չէ ասել, թե հարկայինը խախտումներ է բացահայտում, և աուդիտ պետք չէ»,- ասում էր նա:

Ինչևէ, հիմա՝ կրկին 3 տարի անց, պարտադիր աուդիտի պահանջը վերականգնվում է, որովհետև, ինչպես նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ հանրության մոտ պարտադիր աուդիտի նկատմամբ պահանջը շարունակում է արդիական լինել: Նշենք, որ պարտադիր աուդիտի «վերադարձի» մասին առաջին պաշտոնական հայտարարությունները հնչեցին դեռ այս տարվա հունվարի վերջին, երբ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների առաջարկը։ Իսկ փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունը ցանկանում է վերականգնել պարտադիր աուդիտի իրավական նորմը:

Սակայն այդ պահանջը կվերականգնվի ոչ նույն ձևով, ինչպես նախկինում էր։ Կառավարությունը խոստանում է այն վերականգնել վերանայված, ավելի հավասարակշիռ պայմաններով: «Մենք առաջարկում ենք վերականգնել պարտադիր աուդիտի նորմը: Մի շատ կարևոր բացառությամբ` ցանկանում ենք փոփոխել և հաշվապահական հաշվառման եվրոպական չափորոշիչներին համահունչ դարձնել խոշոր կազմակերպության բնորոշումը: Այսօրվա գործող երկու պայմանների փոխարեն՝ առաջարկելու ենք երեք պայման, որոնցից երկուսի միաժամանակ տեղի ունենալու դեպքում կազմակերպությունը կորակվի՝ որպես խոշոր: Այդ պայմաններն են՝ հասույթի ցուցանիշը, որի առնչությամբ ներկայումս քննարկում ենք 2 մլրդ դրամի շեմը, բայց հնարավոր է՝ այն փոփոխվի, համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը, որի շեմը քննարկում ենք 2 մլրդ դրամը, և նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակի միջին ցուցանիշը, որը ներկայումս քննարկում ենք 100 աշխատող»,- ասել էր Անանյանը` հավելելով, որ այս երեք պայմաններից երկուսի բավարարման դեպքում կազմակերպությունը կհամարվի խոշոր, և, հետևաբար, այն կունենա պահանջ իր ֆինանսական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու:

Նրա գնահատմամբ` այս փոփոխությունները կտարածվեն 1000 խոշոր կազմակերպություններից մոտ 250-300-ի վրա (ի դեպ, Banks.am-ի հետ զրույցում նա այլ թիվ էր հնչեցրել՝ 300-350 կազմակերպություն)։

Պարտադիր աուդիտի պահանջը կվերականգնվի շատ արագ՝ 1.5-2 ամսվա ընթացքում։ Փոխնախարարի խոսքով՝ հաշվապահական և աուդիտորական ոլորտի կարգավորմանն առնչվող այս նախագիծն առաջիկա 10 օրում կամբողջականացվի, իսկ մասնագիտական քննարկումներն ավարտելուց 10 օր հետո հանրային լայն քննարկումներ կանցկացվեն: Ծրագրվում է, որ ապրիլի կեսից մայիսի սկիզբ նախագիծը կներկայացվի կառավարության հավանությանը, որին արժանանալուց հետո կքննարկվի Ազգային ժողովում:

Հիմա ամենակարևորը՝ ինչ կտա սա բիզնեսին։ Նախ՝ նշենք, որ աուդիտը բավականին թանկ հաճույք է՝ այն կարող է արժենալ 1 միլիոնից մինչև 10 կամ ավելի մլն դրամ։ Այսինքն, մի քանի հարյուր ընկերությունների համար սա լրացուցիչ բեռ է, ինչը որոշ իմաստով հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ բիզնեսի համար լրացուցիչ գլխացավանքներ չստեղծելու մոտեցմանը։ Սակայն խոսքը վերաբերում է գերխոշոր ընկերություններին, որոնց շրջանառության համեմատ՝ դա մեծ գումար չէ։

Մյուս կողմից՝ պարտադիր աուդիտի պահանջի վերականգնումը կրկին կաշխուժացնի աուդիտորական ծառայությունների շուկան։ Նախ՝ դաշտում գործող մոտ 3 տասնյակ աուդիտորական ընկերությունների եկամուտները կաճեն, և բացի այդ՝ կավելանան նաև նոր աուդիտորական կազմակերպություններ՝ հաշվի առնելով, որ աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ պահանջները մեղմացվելու են՝ այդ կազմակերպություններում որակավորված աուդիտորների թիվը 5-ից իջեցվելով 2-ի:

Իսկ որքանո՞վ կնպաստի պարտադիր աուդիտը թափանցիկության աճին։ Դժվար է ասել, քանի որ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե պետությունն ինչ մեխանիզմներ է ներդնելու այդ պահանջի կատարումն ապահովելու համար և ինչ պատժամիջոցներ է սահմանելու այդ պահանջը խախտելու համար։

Ընդամենը մի պարզ օրինակ նշենք։ Պարտադիր աուդիտի նորմը, ինչպես նշեցինք, 2014-ին հանվել է, սակայն ներկայումս գործող օրենքով ֆինանսական հաշվետվությունների հրապարակման նորմը մնացել է։

Այսպես, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն՝ խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները (խոշոր կազմակերպության սահմանումը մնացել է նույնը՝ 1 մլրդ դրամի ակտիվներ կամ շրջանառություն):

Սակայն հետաքրքրվողները կարող են բացել ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկն ու ստուգել՝ դրանցից քանիսի՞ հաշվետվություններն է հնարավոր գտնել ինտերնետում։ Քանի որ մենք դա բազմիցս ստուգել ենք, ասենք՝ այդպիսի կազմակերպությունների թիվը մի քանի տասնյակ է (չհաշված ֆինանսական կազմակերպությունները, որոնց հաշվետվողականությունը կարգավորվում է այլ օրենքներով)։ Բանն այն է, որ ըստ օրենքի՝ ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով: Այսինքն, խոշոր ընկերությանը ոչինչ չի խանգարում իր հաշվետվության գրքույկ տպագրել՝ 1000 օրինակով, և դա տեղավորել ընկերության չհրկիզվող պահարաններում (գործնականում դժվար է պարզել՝ գրքույկները տարածվե՞լ են, թե՞ ոչ)։

Սակայն ժամանակից շուտ հոռետեսություն չանենք, քանի որ, կարծես ցանկություն կա այդ բացը լրացնել։ Մասնավորապես, Ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ ընկերությունների հաշվետվությունները հրապարակվեն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վարած ձեռնարկությունների ռեգիստրում։ Այսինքն՝ դրանք հնարավոր կլինի գտնել ոչ միայն առանձին թերթում կամ նրա կայքում, այլ ԱՎԾ-ի կողմից վարվող միասնական ռեգիստրում:

Սա իրոք քայլ առաջ է։ Հնարավոր է նաև իրականացնել թափանցիկության բարձրացմանը վերաբերող այլ՝ պարզ և ոչ ծախսատար քայլեր, որոնց մասին, թերևս, ավելի ճիշտ կլինի խոսել ընտրություններից հետո՝ առաջարկելով դրանք ընտրություններից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս