Առանձնապես ու խոշոր չափի վնաս
Մենք ամբողջովին ու հիմնավորապես ներքաշվել ենք նախընտրական գործընթաց: Լրատվությունը միայն քարոզարշավի օրինական ու հակաօրինական անցքերն է լուսաբանում: Բայց երեկ տնտեսական տեղեկատվություն հայտնվեց: Հարազատ Պետեկամուտների կոմիտեն էր հեղինակը: Հավանաբար ցանկանում էր հիշեցնել իր գոյության փաստը ու հասարակությանը տեղեկացնել, որ իրենք շարունակում են օրնիբուն աշխատել: Աշխատել՝ հանուն հայրենաց պետբյուջեի և նախընտրական կրքերից անկախ: Ցավոք, այդ պաշտոնական հաղորդագրությունը տխուր լուրով էր սկսվում:
Պարզվում է, որ 2015 և 2016թթ. «Էյր Արմենիա» ընկերությունը ֆիզիկական անձանցից գանձել է ավիատոմսերի արժեքի մեջ մտնող պետական տուրքի գումարը: Ըստ ՊԵԿ-ի, այդ ընկերությունը երկու տարվա ընթացքում գանձել է 683 մլն 753 հազար դրամ: Բարեխղճորեն գանձել է, բայց չարամտորեն չի փոխանցել պետբյուջե:
Ու հիմա կուտակված տույժերի հետ պետության վնասը կազմում է 1 մլրդ 486 մլն դրամ: Ահա ձեզ մեր փառապանծ տնտեսական օրենսդրությունը: Քարոզարշավի ընթացքում մույնիսկ իշխող քաղաքական ուժն է խոսում «հարկերի տակ ճկռող» գյուղատնտեսության մասին: Բոլորն ուզում են գյուղացու սիրտը շահել ու քվեն ստանալ: Ընտրություններին բան չմնաց:
Բայց ոչ ոք չի ուզում տեսնել, թե որքան անհանդուրժող ու դաժան է մեր տնտեսական օրենսդրությունը: Ուշադրություն դարձրեք հրապարակված պաշտոնական թվերի վրա: Վայ տնտեսվարողը երկու տարվա ընթացքում պետբյուջե չի փոխանցել մոտ 684 մլն դրամ: Եվ այդ գումարը կրկնակիից ավելի մեծացել է՝ դառնալով 1 մլրդ 486 մլն դրամ ու «առանձնապես խոշոր չափի վնաս»: Այս օրինակը հրաշալի հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչու է մեր տնտեսությունը հայտնվել այսօրվա վիճակում:
Ցանկացած տնտեսվարող, որ հայտնվում է ֆինանսական բարդ վիճակում, դատապարտված է կործանման: Պետական տույժ-տուգանքների ծավալները ոտքի կանգնելու և բիզնեսը շարունակելու ոչ մի հնարավորություն չեն թողնում: ՊԵԿ-ն իրեն օրենքով վերապահված կարգով անմիջապես քրեական գործ կհարուցի: Կհարուցի՝ հիշեցնելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը (տվյալ դեպքում՝ 179 հոդվածի
3-րդ մասի 1-ին կետը): Կրկնում եմ, խոսքը տվյալ ընկերության մասին չէ, այլ տնտեսության կազմակերպման չոր ու դաժան օրենքների: Թե չէ, ասացվածքի համաձայն՝ «Բոշին էշ վրա չեկավ, մեզ էլ՝ ավիաընկերություն»: Բոլորս էլ հիշում ենք, որ նախ՝ «Հայկական ավիաուղիները» սնանկացան: Հետո սնանկացավ «Արմավիան», որն ինքն իրեն ազգային արժեք էր հայտարարել: «Էյր Արմենիան» այս ոլորտում գործում էր 2003-ից՝ որպես բեռնափոխադրումներ իրականացնող ավիաընկերություն: Հետո 2013-ին ընկերությունը ուղևորափոխադրման արտոնագիր ստացավ և հայտարարագրած յոթ ինքնաթիռով չվերթեր կազմակերպեց: Մեկ տարի էլ չանցած չվերթերը դադարեցվեցին:
Ընկերությունից խոստացան վերսկսել 2015-ին: Փոխարենը՝ 2015-ի ամռանն ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի ու Ռուբեն Հայրապետյանի միջև անհասկանալի, համարյա խուլիգանական միջադեպ եղավ, ու ավիաընկերության բիզնես-վայրէջքի պատմությունը նոր թափ ստացավ: Վարկատու բանկը դատարան դիմեց, ու սկսվեց ընկերության սնանկացման գործընթացը: Այդ պահին ընկերության ղեկավարությունը հայտարարում էր, որ իրենք առողջացման ծրագիր ունեն ու, որ իրենք կփրկեն 250 աշխատակից ունեցող կազմակերպությունը: Եվ ահա գործը հասավ այսօրվա հանգրվանին: Այս գործընթացն անսպասելի չէր:
Բայց մեր ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը միայն այսքանով չի սահմանափակվում: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ նկատելիորեն աճել են իր «տարբեր ստորաբաժանումներից ստացվող իրավախախտումների վերաբերյալ փաստաթղթաշրջանառության ծավալները»: Հասարակությունը հավանաբար այս փաստը պիտի ընկալի՝ որպես ՊԵԿ-ի աշխատանքների արդյունավետության ցուցանիը: Այլապես հաղորդագրության մեջ այդքան մանրամասն վիճակագրություն չէր հայտնվի: Տեսեք՝ 2015թ. ՊԵԿ-ի կառույցները կենտրոնական գրասենյակ առաքել են իրավախախտումների 1080 արձանագրություն-փաստաթուղթ:
2016-ին այդ թիվը համարյա կրկնապատկվել է՝ դառնալով երկու հազար հատ: Ավելին, ըստ պաշտոնական տվյալների՝ «2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը»: Այսինքն՝ մինչ քաղաքական ուժերը երկիրը քարոզարշավի տակ առած՝ մարզեմարզ, բակեբակ են պտտվում, գործադիր իշխանությունը, ի դեմս անաչառ ու անխոջ հարկահավաքների, ժրաջան աշխատում է: Տույժ ու տուգանք է, որ գրվում է:
Գրվում ու դրանց հիմքով քրեական գործեր են հարուցվում: Մնում է ընդամենը մի հասարակ ու պուճուր բան՝ այդ քրգործերի թիրախում հայտնված սնանկացած ընկերություններից գումար գանձել: Կամ՝ այդ գումարները քերել (եթե Դուք գերադասում եք փողոցի բառուբանով խոսել): Իսկ թե ինչ նպատակով ու ինչ արդյունավետությամբ կծախսվեն այդ գումարները, բոլորովին այլ խնդիր ՝է: Արդեն հայտարարված է, որ 2016-ին թոշակների բարձրացում չսպասեք: