Բաժիններ՝

Ինչո՞ւ է Ֆրանսիան խլացնող լռություն պահպանում Ադրբեջանում բանտարկված Լապշինի գործում. հոդված «Լե Մոնդ»-­ում

Դրոմի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնը հոդված է հրապարակել ֆրանսիական «Լե Մոնդ» պարբերականում, որտեղ բացատրում է, որ ռուս­իսրայելցի երիտասարդ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղ այցելության մեղադրանքով:

Լաբոնը նշում է, որ Ֆրանսիան պետք է բացատրություն պահանջի պաշտոնական այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Փետրվարի 7-­ին տեղի ունեցավ ծայրահեղ լուրջ մի իրադարձություն. այդ օրը ռուս­իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվեց Ադրբեջան՝ վերջինիս պահանջով: Ո’չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:

Մտահոգության տեղիք է հատկապես տալիս Ադրբեջանի կողմից մեջբերված և քաղաքական պատվեր կատարող Բելառուսի դատարանի կողմից ընդունված արտահանձնման որոշման պատճառաբանությունները․ Ալեքսանդր Լապշինը «հանցագործություն» է կատարել՝ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և, առավել ևս, այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ հիմնականում հայերով բնակեցված մի անկախ պետություն, որը Բաքվին էր նվիրաբերվել Ստալինի կողմից:

Ինչպես այս գործն է հավաստում, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի փորձի մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արտաքին բոլոր շփումներից՝ այնուհետև ավելի հեշտորեն նրան ագրեսիայի ենթարկի, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլ ամսին։

Ադրբեջան՝ ֆիզիկական և իրավական անապահովության երկիր

Բայց այդ ռազմավարությունը դատապարտված է ձախողման, և Լապշինի գործն ավելի շատ է ուշադրություն հրավիրում ղարաբաղյան ժողովրդավարության վրա: Մեզնից շատերն են արդեն այցելել Ստեփանակերտ և իրենց վկայությունը բերել ղարաբաղյան ժողովրդավարության ճշմարտացիության և ուժի մասին:

Լինելով Ֆրանսիա­Արցախ բարեկամության շրջանակի անդամ՝ ես բազմիցս այցելել եմ Լեռնային Ղարաբաղ այդ երկրի ընտրված իշխանությունների հրավերով: 2015 թ․ սեպտեմբերին պաշտոնական Ստեփանակերտի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ տարբեր ոլորտներ ներկայացնող երկու հարյուր ֆրանսիացներս քննարկումներ էինք անց կացնում ղարաբաղցի մեր գործընկերների հետ մեր քաղաքների միջև բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացում ապրող մի երկրում
տնտեսական հնարավորությունները շահագործելու հնարավորությունները։

Ի՞նչ է մտադիր անել պարոն Ալիևը։ Մեզ կրկին արգելել մուտք գործել ադրբեջանական տարածք իր անհեթեթ և ժամանակավրեպ persona non grata «սև ցուցակների» միջոցո՞վ: Իսկ ո՞վ կցանկանա մեկնել մի երկիր, որը ֆիզիկական և իրավական անվտանգության այդքան քիչ երաշխիք է ապահովում։

Արտահանձնման պահանջներ ներկայացնել բոլորիս հանդե՞պ: Սակայն անհամար տեղական քաղբանտարկյալներով արդեն բազմամարդ Բաքվի բանտերում բավականաչափ տեղ չի գտնվի մեզ բոլորիս համար:

Վերհիշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները Բելառուսը և Ադրբեջանը համարում են հավասարազոր բռնապետություններ, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 157-­րդ եւ 163-­րդ հորիզոնականները 180 երկրների շարքում խոսքի ազատության վարկանիշային սանդղակում, որ Բելառուսը պարզապես հեռացվել է Եվրոպայի խորհրդից, որ Ադրբեջանին նույնն է սպառնում, և որ, ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի ­ «մամուլի ազատության երկու գիշատիչների» ­, ղեկավարության տակ գտնվող այս երկու պետությունները միջազգային հանրության վերջին շարքերում են գտնվում:

Ֆրանսիան սեփական արժեքների վիճարկման հանդիման

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները քննվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի տեղեկատվական առաքելության կողմից՝ Բաքվի «խավիարային դիվանագիտության» պատճառով, որի օգնությամբ այդ պետությունը կաշառում է բազմաթիվ եվրոպական պատգամավորների եւ որ առաքելության կողմից իրականացված լսումների հաշվետվությունները մերկացնում են իրականությունը՝ վկայելով,
թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը:

Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում: Նա համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ պարտավորվելով աջակցել Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին՝ կնքելու խաղաղության պայմանագիր, որը պաշտոնապես վերջ կդնի ավելի քան քսան տարի երկարաձգվող հակամարտությանը: Ադրբեջանի հետ հարաբերությունները չպետք է մեր երկրին դրդեն զոհաբերել
սեփական արժեքները, այլ, ընդհակառակը, մեր երկիրը պետք է հստակ կերպով արտահայտի դրանք, ինչպես բոլոր այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատումը:

Ողջունելի է, երբ մեր դիվանագիտությունը մտահոգվում է վերջերս Մոսկվայում բանտարկված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հարցում, սակայն ինչու՞ է այդ դիվանագիտությունը շարունակում քար լռություն պահպանել Ալեքսանդր Լապշինի գործի վերաբերյալ, ինչպես նաև Ալիևի վարչակարգի անհամար այլ զոհերի
գործերի վերաբերյալ:

Այս ամենը մեզ վրդովվեցնում է, սակայն մեզ քաջալերում է մարդու իրավունքների ցանկացած խախտման, խոսքի ազատության կամայական սահմանափակումների դեմ պայքարելու մեր հաստատակամության մեջ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ այլուր: Այսօր մենք բոլորս Ալեքսանդր Լապշին ենք։ Պարտիկ Լաբոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս