Բաժիններ՝

«Ապրիլի 3-ին վաղ առավոտյան տիկին Մարինեն հեռախոսով փորձել է կապվել որդուն, նրան պատասխանել են ադրբեջաներենով…»

«Արմենպրես»-ը շարունակում է «Հերոսի ծնողները» նախագիծը՝ այս անգամ ներկայացնելով ապրիլյան պատերազմի ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհված գնդացրորդ, հերոս Ժորա Եսայանի ծնողներին՝ Արթուր եւ Մարինե Եսայաններին:

Դարբնիկ գյուղը լուռ էր ու հանդարտ: Գյուղի փողոցներում հազիվ թե մեկին կարելի էր տեսնել, բայց տիկին Մարինեն վստահեցրել էր՝ ում էլ հանդիպեք, հաստատ կիմանա ու կբացատրի՝ ինչպես գտնել Ժորայենց տունը: Հենց այս գյուղում է ծնվել ու մեծացել Ժորա Եսայանը՝ հայրենի գյուղի հետ անչափ կապված ու մեծ ընկերական շրջապատ ունեցող մի տղա, ով ապրիլից հետո համալրել էր գյուղի հերոսների շարքը, եւ ում անունով անվանակոչվել էր գյուղի փողոցներից մեկը:

Ժորայի ծնողները ջերմ էին ու գրկաբաց, որդուն եւս սովորեցրել էին լինել այդպիսին, ինչի շնորհիվ նա վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը:

Երեք եղբայր, երեքն էլ շատ մտերիմ. հերոսի մայրը պատմում է, որ ավագ որդին միշտ կանգնած էր ընտանիքի եւ ընկերների կողքին, օգնության էր հասնում բոլորին:

Կարդացեք նաև

«Երկուսիս հետ էլ շատ մտերիմ էր Ժորաս, բայց որ հայրն էր աշխատանքից տուն վերադառնում, գրկից չէր իջնում:  Մի տարեկան էր, Արսենս ծնվեց, ու հենց այդ տարիքից էլ Ժորան իրեն զգում էր որպես մեծ եղբայր: Առաջին դասարան շատ դժվար գնաց, ես արդեն երրորդ բալիկին էի սպասում ու երեւի ամիս ու կես գնացել դպրոցի բակում կանգնել եմ, որ չլացի: Հետո արդեն, որ երրորդ որդիս ծնվեց, Ժորաս համակերպվեց ու հասկացավ, որ պիտի հանգիստ գնա դպրոց, տանը փոքրիկ կա: Էդպես հասկացող էլ մեծացավ»,-պատմում է  մայրը:

Ժորայի նկարների կողքին շարված էին նրա մեդալները. տասը տարեկանից սկսել էր զբաղվել կարատեով, մարզում առաջին տեղն էր զբաղեցրել, տարբեր տարիներին անցկացված Հայաստանի առաջնություններում՝ երկրորդն ու երրորդը: Տիկին Նարինեն ասում է՝ Ժորան շատ ուժեղ էր, մեծ կամք ուներ, սիրում էր սպորտը, բայց մասնագիտության ընտրության հարցում դեռեւս չէր կողմնորոշվել, ամեն ինչից փորձում էր քաղել միայն լավը. «Դպրոցում նախնական դասարաններում շատ լավ էր սովորում, հետո մի պահ եկավ, որ սկսեց այդքան էլ լավ չսովորել: Ավագ դասարաններում դպրոցը թողեց, մտածում էինք՝ Մասիսի քոլեջն ընդունվի, բայց այդպես էլ մինչեւ բանակ գնալը որեւէ բան չորոշեց: Եղբայրս Երեւանում բնակարանների վերանորոգմամբ էր զբաղվում, Ժորաս գնում էր, օգնում, միասին աշխատում էին»:

Ժորան ուներ շատ ընկերներ, անչափ ընկերասեր էր, ինչի ապացույցը, տիկին Մարինեի խոսքով, որդու արարքներն էին. «16 տարեկան էր, ձմռան մի օր տուն եկավ առանց վերարկուի, ասացի՝ Ժորա ջան, վերարկուդ որտեղ է, ասաց՝ մամ, ընկերս բանակից նոր է վերադարձել, վերարկու չունի, որ հագնի, իմը տվել եմ, մինչեւ իրեն նորը կգնի»:

Մայրը մի պահ լռում է, խոսակցությանը միանում է հայրն ու ասում. «Չգիտեմ՝ մինչեւ հիմա էլ չենք զգում, որ նա չկա, ոնց որ դեռ սպասենք»:

Ժորան նույնքան աջակցող ու հոգատար էր նաեւ բանակում, շատ շուտ էր հարմարվել բանակային կյանքին, անգամ որոշել էր ժամկետային ծառայությունից հետո մնալ Զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող:

«Երբ էլ զանգում էինք Ժորայիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, դուք լավ եղեք: Նույնիսկ անգամ եթե դժվարություններ լինեին, որոնք այսպես թե այնպես բանակում պիտի լինեին, չէր ասում: Բանակում շատ շուտ ձեռք բերեց էլի մեծ ընկերական շրջապատ: Դեպքերից հետո ուզում էի իմանալ, մոտ ընկերներին հարցրի, թե զոհված ութ զինվորներից  ում հետ է ավելի շատ մոտ եղել, ինձ ասացին՝ բոլորով մտերիմ էին, մի ընտանիքի պես: Անվախ ու քաջ էր  տղաս. մի օր ասաց, որ որոշել է մնալ որպես պայմանագրային, ես հուզվեցի փորձում էի համոզել, որովհետեւ ինձ համար երկու տարին արդեն իսկ շա տ էր. ուր մնաց մշտական ծառայության լիներ, ու, փաստորեն, տղաներն ամբողջ կյանքը մնացին զինվոր»:

Հայրն ասում է, որ որդին կյանքում կարծես շտապեր, ուզում էր հասցնել անել ամեն ինչ, մշտապես ինչ-որ գործերով էր զբաղված: «Մի կես ժամով տուն կմտներ, մի բան կուտեր ու կգնար. ասում էինք՝Ժորա ջան, գոնե մի քիչ տանը մնա. չէ, գործեր ուներ, պիտի գնար»:

Տիկին Մարինեն Ժորայի հետ կապված մի դեպք հիշեց. որդու արած մի արտահայտություն այս ամիսների ընթացքում հանգիստ չէր տալիս նրան:

«Նախքան բանակ գնալը մի աղջկա հետ էր խոսում. այդ աղջկան ասել էր՝ դու ինձնից հեռու մնա, իմ կյանքը կարճ է: Մեզ ծանոթ աղջիկ էր, հետո ինձ ասաց, ես շատ հուզվեցի, գնացի Ժորայիս գրկեցի, ասացի՝ ինչի ես այդպիսի բաներ ասել, Ժորաս ինձ հանգստացրեց՝ թե բա մամ, էդպես եմ ասել, որ հեռու լինի ինձնից: Իսկ ավելի ուշ ես պարզեցի, որ բանակում նորից է այդ աղջկան գրել ու ասել է՝ հիշում ես, որ գրել էի՝ կյանքս կարճ է, երեւի ես հայրենիքի համար եմ գնալու:

Այդ աղջիկն ինձ ուղարկեց նամակը, որ չմտածեմ՝ ստում է: Չգիտեմ՝ կարող է ինչ-որ բան է զգացել, թե ոնց: Մյուս զինվորների ծնողների հետ, որ խոսում ենք, շատերն են նման դեպքեր պատմում, շատերի որդիներն են նման բաներ ասել»:

Ծնողները որդու հետ խոսել են ապրիլի 1-ին, երբ Ժորան պատրաստվում էր բարձրանալ դիրքեր: Ինչպես եւ միշտ, հայրը որդուն հորդորել էր ուշադիր լինել, ինչքան էլ իրավիճակը հանդարտ լիներ, որդին էլ խոստացել էր տեղ հասնելուն պես զանգել: Այս անգամ Ժորան էլ ավելի սպասումով էր տրամադրված, դիրքերից պիտի իջներ, գար արձակուրդ ու շտապեր Քարվաճառում ծառայող եղբորը տեսակցության:

«Եղբոր երդմնակալության ժամանակ չէր ստացվել, որ գա, օրերն էր հաշվում, թե երբ պիտի գնա եղբոր մոտ: Ապրիլի 2-ի առավոտյան Արսենս զանգեց, ես հիշում եմ՝ ընկերուհիս էր մեզ հյուր եկել, ես անընդհատ խոսում էի Ժորայիս մասին, որ շուտով արձակուրդ է գալու: Արսենենց մոտ արդեն տագնապ էր,  հարցրեց, թե Ժորայի հետ խոսել եմ, ես էլ պատասխանեցի, որ երեկոյան զրուցել եմ, նորից կփորձեմ: Դե, հետո տանը մենակ մնացի, ամեն օրվա նման լուրերն էի նայում, տեսնեի՝ ինչ վիճակ է, ու որ չլսեցի՝ ինչ է կատարվում սահմանին, սկսեցի բարձր լացել, զանգեցի ամուսնուս, ինձ հանգստացրեց, ասաց, որ Ջաբրայիլում ամեն ինչ կարգին է:  Չգիտեմ՝ այդ օրն ինչպես ենք անցկացրել. ո՛չ Ժորաս էր հասանելի, ո՛չ էլ ընկերները»:

Ապրիլի 3-ին վաղ առավոտյան տիկին Մարինեն կրկին փորձել է կապվել որդուն, նրան պատասխանել են ադրբեջաներենով: «Զանգը գնում է, հեռախոսը վերցնում են ու զգում եմ, որ հայերեն չեն խոսում, ամուսնուս ասում եմ՝ հայ չի վերցնում, էլի ինձ հանգստացնում է, ասում՝ միգուցե Ղարաբաղի բարբառն է, չեմ հասկացել: Ամսի 4-ին նորից զանգեցինք, ու այս անգամ ռուսերեն ինչ-որ բան էին խոսում, Արթուրը վերցրեց հեռախոսը. մի խոսքով, գնացինք զինկոմիսարիատ, այնտեղ ադրբեջաներեն հասկացողներ կային, նորից զանգեցինք ու հաստատվեց: Դեռ ոչինչ հստակ չգիտեինք, մի պահ մեզ ասել էին, որ Ժորան ողջ է, բայց ամուսինս գնաց Ջաբրայիլ, այնտեղ վերջնական հաստատվեց, որ անհետ կորածների ցուցակում է»:

Ժորա Եսայանը «Հրեշտակների ջոկատի» անմահ հերոսներից մեկն էր, ով Ջրականի (Ջաբրայիլի) 112 դիրքի ավագ, հերոս սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին պայքարել էր մինչեւ վերջ ու ընկել հերոսական մահով: Տիկին Մարինեն դժվարությամբ է հավատում, որ դեպքերից մոտ մեկ տարի է անցել, ասում է՝ կարծես երեկ լիներ, երբ նախքան դիրքեր բարձրանալը խոսեց որդու հետ:

«Բոլորի համար էլ դժվար է: Դեպքերից հետո պայքարեցինք, որ եղբայրն էլ չծառայի, բայց չստացվեց, տեղափոխեցին ավելի մոտ տեղ՝ Էջմիածին: Գիտեք, հետո մենք արդեն ցանկացանք, որ Արսենս վերադառնա ծառայության, թե չէ այսպես չէր լինի: Մտածեցինք՝ գոնե գնա, մի քիչ ցրվի, չէր կարողանում այս ամենից արթնանալ: Հիմա էլ շաբաթը մեկ էլի գալիս է, ժամերով եղբոր (նկարի-խմբ.) կողքին է նստում, բայց գոնե շաբաթը մեկ է գալիս, բանակում մի փոքր ցրվում է: Հայրն էլ մտադրվել էր այս ընթացքում գնալ Ռուսաստան, Ժորաս ասել էր՝ չգնա, մինչեւ ինքը գա, միասին կգնան, բայց ամուսինս էլ մի տեսակ մտածմունքների մեջ էր, որոշեց՝ մինչեւ էրեխեքը դուռը չբացեն, չմտնեն ներս, Հայաստանից դուրս գնացողը չէ»:

Հերոսի մայրն ասում է՝ հայրենիքի համար են տղաները զոհվել, հպարտություն կա, բայց դա էլ բավարար չէ մխիթարվելու, դժվար ժամանակաշրջանը հաղթահարելու համար:

«Ժորաս ծնվեց, երբ ես 17 տարեկան էի. միշտ հպարտանում էի, որ ես 37 տարեկան կլինեմ, Ժորաս էլ՝ 20: Ես հպարտ եմ եղել նրանով, որ կողքիս է եղել:  Հասկանում եմ՝ ինչ-որ վատ արարքով չի զոհվել, նայել է, հետեւում տեսել եղբայրներին, ծնողներին, հայրենիքը, բայց  դե… Չգիտեմ՝ միգուցե հիմա այլ կերպ եմ մտածում, միգուցե ինչ-որ բան փոխվի տարիների ընթացքում, չգիտեմ՝ հետո ինչ զգացողություններ կլինեն»:

Դեպքերից հետո տիկին Մարինեն աշխատանքի առաջարկ է ստացել, այժմ աշխատում է գյուղի դպրոցում որպես դռնապահ, իսկ հերոսի հայրը շարունակում է իր աշխատանքը որպես ավտոբուսի վարորդ: Ծնողներն ասում են, որ ընտանիքի հանդեպ գյուղում ուշադիր են եւ ջերմ, Ժորայի անունով փողոց, իսկ դպրոցում՝ դասարան են անվանակոչել, որտեղ միասին քիչ ավելի ուշ այցելեցինք, միաժամանակ նրանք  վստահ են՝ հերոսացած զինվորներն արժանի են դրան. «Մենք չենք էլ ասում, որ ինչ-որ այլ բաներ պիտի արվեն, բայց մի բան գիտենք. տղաներն արժանի են, որ նրանց միշտ հիշեն, քանի որ նրանք հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի զոհվեցին»:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս