Տնտեսական կենացներ՝ ընտրությունների շեմին

Խորհրդարանական քարոզարշավը սկսվեց տնտեսական անզուսպ խոստումներով։ Ընտրողների հետ առաջին հանդիպումներից կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերի մեծ մասը շեշտը դրել է տնտեսական ծրագրերի, ավելի ճիշտ, տնտեսական խոստումների վրա։ Նույնիսկ հանրապետականները։ Իսկ դա նշանակում է, որ նրանք էլ գիտեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ նախընտրական քարոզարշավն «առատության եղջյուրների» խոստումների շրջան է։ Միակ առանձնահատկությունն այն է, որ տնտեսական խոստումների մեջ այս անգամ «ներքաշվեց» նաև ՀՀ նախագահը։

Ներքաշվեց Ֆրանսիայում ունեցած հանդիպումների ժամանակ։ Նա հայտարարեց, որ գործարարությամբ զբաղվելու պարզությամբ Հայաստանն աշխարհում 38-րդ երկիրն է, իսկ տնտեսական ազատության ցուցանիշով՝ 31-րդը։ Ֆրանսիական ներդրումների ակնկալիքով Սերժ Սարգսյանը նույնիսկ ասաց, որ «Տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է միջինը 20-25 տոկոս աճ»։

Մեր նախագահը հավանաբար մոռացել է, որ ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը, պատկերավոր ասած, «երեկչէառաջի օրն» է լքել մեր երկրի տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտը։ Ու խոշոր բիզնեսը, ի տարբերություն պարզ ընտրողի, մի փոքր ավելի երկար հիշողություն ունի։ Այդ պարզ ընտրողին կարելի է նախընտրական հանդիպումների ժամանակ պատմել, որ կառավարությունն արդեն մշակել է 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր։ Որ 2018թ. տնտեսական բարեկեցության տարի է լինելու, իսկ 3,2 մլրդ ներդրումներից 800-850 մլն դոլարը ներդրվելու է հենց այս տարի։

Եվ այդ ակնկալվող ներդրումներից 85 մլն դոլարը բաժին է ընկնելու Արմավիրի մարզին, ուր 3,5 հազար նոր աշխատատեղ է ստեղծվելու։ Այս մասին արմավիրցիներին ինքը՝ վարչապետը, տեղեկացրեց նախընտրական քարոզչահանդիպման ընթացքում։ Այլ կերպ ասած՝ տնտեսական մեծ-մեծ խոստումների ժամանակն է։

Դրանք նախկին ընտրարշավներում սովորաբար բաժին էին ընկնում «Օրինաց Երկրին»։ Այդ կուսակցությունն անվանափոխվելուց հետո էլ շարունակում է նույն բանն անել։ Այս քարոզարշավի սկզբին մեզ նույնիսկ նավթի ու, կարծեմ, նաև գազի հանքահոր խոստացավ։ Բայց անգամ այդ անհատնում հանքահորերի խոստումով՝ «Հայկական վերածնունդը» զիջում է քաղաքական նորեկ «Ծառուկյան դաշինքին»։ Այս դաշինքի նախընտրական ծրագրում տնտեսական 15 կետ կա։ Թե որքանով են դրանք իրատեսական՝ փորձագիտական վերլուծության նյութ է։ Մենք պարզապես կարող ենք արձանագրել, որ դրանք կարծես հակասական են։ Մի քիչ։ Գոնե։ Տեսեք, մեզ մի կողմից՝ խոստանում են փոքր ու միջին բիզնեսը երեք տարով ազատել հարկերից։

Մյուս կողմից՝ խոստանում են 25 հազար դրամով ավելացնել կենսաթոշակներն ու պարբերաբար ինդեքսավորել դրանք։ Մի կողմից՝ խոստանում են համաներումով զիջել հարկային տույժերը, մյուս կողմից՝ խոստանում են սուբսիդավորել գյուղատնտեսության վարկավորումը։ Գյուղացուն խոստանում են վարկ տալ 3-5 տոկոսի չափով։

Բայց գաղտնի են պահում, թե որտեղից կարելի է հայթայթել սուբսիդավորման գումարներ, եթե խոստանում են վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը։ Եթե խոստանային, որ այդ տխրահռչակ արագաչափերից ու կարմիր գծերից գանձվող տուգանքները կուղղորդվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, առաջարկը կարելի կլիներ իրատեսական համարել։ Բայց այդ դեպքում քաղաքական այս ուժը կհավակներ ստանալ միայն վարկ ակնկալող գյուղացիների քվեները։

Փոխարենը՝ կկորցներ ավտոմեքենա ունեցողների ձայները։ Ուստի գերադասում են խոստանալ բոլորին ու ամեն ինչ։ Նախընտրական գործընթացների լավագույն ավանդույթներով։ Ավանդույթները, իհարկե, գերակշռում են։ Իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն, օրինակ, նորից հայտարարեց, որ հանուն հայրենիքի պատրաստ է համագործակցել սատանայի հետ։ Հայտարարեց ու նորից չհստակեցրեց, թե սատանա անվան տակ ո՞ր քաղաքական ուժի հետ համագործակցությունն ի նկատի ունի։

Այնպես որ, քաղաքական ուժերի վարձու թամադայի կենաց հիշեցնող նախընտրական տնտեսական ծրագրերը լուրջ վերլուծության կարիք հավանաբար չունեն։ Հատկապես որ, Արմավիրի մարզում ընտրողների հետ վարչապետի հանդիպման ժամանակ ԱԺ գործող (ու ապագա) պատգամավոր Սեյրան Սարոյանը շատ միանշանակ ներկայացրեց իրենց ծրագիրը. «Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի՝ մեր դեմ խաղ չկա»։ Մնացյալն արդեն շատախոսություն է։

Տեսանյութեր

Լրահոս