Լեռնային Ղարաբաղի «սև խոռոչը»՝ Խոջալուի կոտորածից 25 տարի անց

Ձեզ ենք ներկայացնում Խոջալուի դեպքերի վերաբերյալ իտալական հեղինակավոր «Panorama» ամսագրում օրերս լույս տեսած վերլուծական հոդվածը՝ բ.գ.թ., դոցենտ Գրիգոր Ղազարյանի թարգմանությամբ։ Հատկանշական է, որ հոդվածագիրը չի շրջանցել մի քանի առանցքային վկայություններ, որոնցով ի ցույց է դրվում Ադրբեջանի պատասխանատվությունը Խոջալուում կատարվածի համար, ինչպես նաև անդրադարձել է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի և ԽՍՀՄ կազմում Արցախի ինքնորոշման օրինականության փաստերին։

Ազերիների մոռացված ջարդը՝ կազմակերպված հայկական զինված ուժերի կողմից: էթնիկ և տարածքային խնդիրները քառորդ դար անց դեռևս չեն լուծվել։

Խոջալու, 25 տարի անց։ Քանի՞ մարդ գիտի՝ ինչի մասին է խոսքը։ Քչերը, թերևս, շատ քչերը։

Այն, ինչ կատարվեց Խոջալուում,  մի սարսափելի կոտորած էր, որով գրվեց Լեռնային Ղարաբաղի մոռացված պատերազմի սև էջերից մեկը։ 1992-ի փետրվարի 25-26-ը, մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Բալկանյան տարածաշրջանի վրա, Խոջալուում  սպանվեցին թվով 161 էթնիկ ազերի քաղաքացիներ։ Դա Լեռնային Ղարաբաղի պատերազմում էր, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած մի հողում, որը Սովետական Միության փլուզումից ի վեր՝ պայքար է մղում հանուն անկախության։ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի Հանրապետությունը, միջազգային հանրության կողմից համարվում է «Առկախված» պետություն՝ մի պետություն, որը գոյություն չունի։ Ադրբեջանը պնդում է, որ տարածքն իրենն է, մինչդեռ Հայաստանը պաշտպանում է ԼՂ-ը՝ սատարելով վերջինիս ինքնորոշման պահանջը։

Հակամարտությանը բնորոշ է ցածր լարվածությունը, և այն շարունակվում է 1992-ից մինչ օրս։ Անցյալ տարի՝ ապրիլին, Ադրբեջանի իշխանությունները ռազմական միջամտությամբ հանդես եկան Ղարաբաղում՝ փաստացիորեն հօդս ցնդեցնելով բանակցային գործընթացում մինչ այդ պահը կառուցված նուրբ կամուրջները։ Ղարաբաղյան պատերազմը երբեք չի դադարել, և մինչ այժմ էլ երկիրն ապրում է զինված, անառիկ վիճակում, իհարկե, ոչ հայաստանյան կողմի համար, որի բոլոր բնակիչներն այսօր էլ պատրաստ են մարտի դուրս գալու, քանի որ պատերազմը երբեք էլ չի ավարտվել։

Խոջալուի կոտորածից անցել է մեկ քառորդ դար, սակայն զոհերի մասին առայժմ հստակ տեղեկություն չկա։ Ադրբեջանական ռեժիմի և որոշ միջազգային կառույցների տվյալների համաձայն՝ կոտորածն իրականացվել է հայկական զինված ուժերի 366-րդ գնդի կողմից։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զոհերի թիվը կազմում է 613 քաղաքացիական անձ, որոնցից 106-ը՝ կին, 63 մանկահասակ։ Ադրբեջանը բարձրաձայնում է «ցեղասպանության» մասին։ Այնուամենայնիվ, ցեղասպանություն չի եղել։

Խոջալուն Լեռնային Ղարաբաղի պատերազմի սարսափելի և ամոթալի էջերից է, սակայն դա «ցեղասպանություն» չէր։

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները կետային կառավարում են իրականացնում ադրբեջանական ԶԼՄ-ների ամբողջ դաշտում։ Ինչպես նշվում է միջազգային հեղինակավոր աղբյուրների կողմից, Բաքվի գործող ռեժիմն աշխարհում ազատության հանդեպ ամենաբռնակալ և ավտորիտար իշխանություններից է, իսկ նախագահ Իլհամ Ալիևը հոր իշխանությունը ժառանգություն ստանալուց հետո հասել է նախագահական պաշտոնավարման հերթական երրորդ շրջանին՝ ձայների 85% մեծամասնությամբ:

Խոսենք փաստերից։ Իննսունականների վերջին, ոգևորված Սովետմիության Гласность-ի և Перестройка-ի ներմուծած խոսքի հարաբերական ազատությամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը վերահաստատեցին ինքնորոշման իրենց իրավունքն Անկախության հանրաքվեի միջոցով, որն ըստ կարգի՝ տեղի ունեցավ 1991-ի դեկտեմբերի 10-ին՝ գործող օրենքների և ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն։ Հանրաքվեին հաջորդեց Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ներխուժումը Լեռնային Ղարաբաղ։

Ավելի քան մեկ տարի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը «Град» հրթիռների կրակի և ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ էր։ Հայաստանի դերը հակամարտության ռազմական փուլում և միջազգային ուժերի միջամտության բացակայության պայմաններում կայանում էր քաղաքացիների պաշտպանության և հումանիտար, տնտեսական և դիվանագիտական աջակցության մեջ։ Մինչդեռ ռազմական գործողությունների մեջ ընդգրկված էին ԼՂ հայկական ինքնապաշտպանական ուժերը։ 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ստորագրվեց Բիշքեկյան համաձայնագիրը։

Ինչ վերաբերում է Խոջալուի փաստերին, տարբեր հ/կ-ներից և միջազգային կառույցներից, որոնք դեպքերի ժամանակ տեղում ներկա չեն եղել, կարծիքներ են ստացվել, թե «ջարդերն իրականացվել են հայկական զինված ուժերի կողմից»։ Ադրբեջանական շատ աղբյուրներ, ինչպես նաև Կովկասում այդ տարիներին ակտիվ եղած արևմտյան լրագրողները տարբեր փաստեր են նշում, ինչից օգտվել է նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդված տեղեկատվությունը։

Խոջալուի համայնքն այն առաջնագծում էր, որտեղ տեղակայված են եղել ադրբեջանական զինուժի «Град» հրթիռային կայանքները, որոնցից ռմբակոծվում էր հայկական քաղաքացիական բնակչությունը։ 1992-ի փետրվարի 25-ից մի քանի շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ռադիոկապով սկսեց ադրբեջանական ռազմական ղեկավարությանը և ադրբեջանցի քաղաքացիներին տեղեկացնել Խոջալուի տարածքում ադրբեջանական հրթիռային կայանքների վնասազերծմանն ուղղված՝ հայկական կողմի ռազմական գործողությունների անխուսափելիության, ինչպես նաև քաղաքացիական անձանց տարհանման նպատակով թողնված հումանիտար միջանցքի մասին։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական, այսինքն՝ ոչ հայկական աղբյուրները, Խոջալուի բնակիչ Սալման Աբբասովը հայտարարել է, որ «Ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը ռադիոյով բազմիցս հայտարարել են, որ առաջանալու են մեր ուղղությամբ, և մեզ խնդրել են լքել քաղաքը (…). Ի վերջո, երբ հնարավոր եղավ տարհանել կանանց, երեխաներին ու տարեցներին, նրանք՝ ադրբեջանցիները, արգելեցին մեզ դա անել»։

Այդ տարիներին Խոջալուի քաղաքապետ եղած Էլման Մամեդովը նշում է․ «Փետրվարի 25-ի 20:30-ին մեզ տեղեկացրեցին, որ հայկական ռազմատեխնիկան քաղաքի մերձակայքի մարտական դիրքերում է։ Ռադիոյով տեղեկացրինք բոլորին։ Ես ուղղաթիռներ խնդրեցի՝ ծերերին, կանանց և երեխաներին տարհանելու համար։ Աջակցություն այդպես էլ չեղավ…»։

Կատարվածի վրա լույս է սփռում նաև Խոջալուի դեպքերի հետաքննության հանձնաժողովի նախագահ Ռամիզ Ֆաթալիևի վկայությունը․ «Խոջալուի դեպքերից չորս օր առաջ՝ փետրվարի 22-ին, Նախագահի, վարչապետի, ՊԱԿ-ի պետի և այլոց ներկայությամբ տեղի ունեցավ [Ադրբեջանի] Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց քաղաքացիներին չտարհանել Խոջալուից»։

Այս հայտարարությունից ավելի քան ակնհայտ է դառնում Ադրբեջանի իշխանությունների կողմից իր իսկ քաղաքացիների հանցավոր օգտագործումը՝ որպես վահան՝ հրթիռային կայանքների դեմ։ Այսինքն, խոսքը, այսպես կոչված, «վահանային քաղաքականության» (shield policy) մասին է, որը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ ոտնահարում է։ Բացի այդ, 1992թ. ապրիլի 2-ին Независимая Газета-ին տված իր հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտոնանկ արված նախագահ Մութալիբովը հաստատում է, որ «հայերը միջանցք էին թողել քաղաքացիների փախուստի համար։ Ուստի, ինչո՞ւ պիտի նրանք կրակ բացեին։ Հատկապես Աղդամին հարակից գոտում, որտեղ այդ ժամանակ բավականին շատ էին [ադրբեջանական] ուժերը, որը կարող էր օգնել քաղաքացիական անձանց»։

Աղդամի շրջակայքում (ռազմական գործողությունների թատերաբեմից կիլոմետրեր հեռու) տեղակայված էին «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ռազմականացված կազմավորումները։ Նույն Մութալիբովը 2001թ. տված իր մեկ այլ հարցազրույցում կրկնում է՝ «Ակնհայտ էր, որ ինչ-որ մեկը կազմակերպել է կոտորածը՝ Ադրբեջանում իշխանությունը փոխելու նպատակով»՝ այդպիսով ակնարկելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի մասին, որի զորամիավորումները տեղակայված էին Խոջալուի մերձակայքում՝ այն նույն զորամիավորումները, որոնք դրանից մի քանի օր առաջ Բաքվում հեղաշրջում էին կազմակերպել։

Խոջալուի դեպքերի շուրջ նմանատիպ հայտարարություններ և գնահատականներ տրվել են ադրբեջանցի բազմաթիվ անձանց և լրագրողների կողմից։ Մինչդեռ Ադրբեջանի ալիևյան վարչակարգը փաթեթավորած տեսքով մի հայատյաց «ճշմարտություն» է հրամցնում, և մինչ օրս ադրբեջանցի այն այլախոհները, ովքեր վիճարկել են այդ «ճշմարտությունը»՝ Խոջալուի փաստերի առնչությամբ, կա՛մ ձերբակալվել են, կա՛մ սպանվել։ Այս ամենը, ի հավելումն քաղաքացիներին որպես վահան օգտագործելու փաստի, Ադրբեջանի՝ հանցավոր գործունեության պատասխանատվությունն էլ ավելի ակնհայտ է դարձնում։ Իսկ թվերը կարևոր են․ վերջին յոթ տարիների ընթացքում, ըստ SIPRI-ից (Stockholm International Peace Research Institute) ստացված տվյալների, Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 2.500 %-ով, ինչը համեմատելի է Նացիստական Գերմանիայի վերազինմանն անցյալ դարի 30-ականներին։

Այդ հանգամանքը, որին հավելվում են 1994թ․ հրադադարի մասին համաձայնագրի հաճախակի խախտումները՝ Ադրբեջանի ղեկավարության բարձրագույն օղակներից՝ դեսպաններից մինչև Նախագահ հնչող բացահայտորեն ռազմատենչ հայտարարությունների ուղեկցությամբ, և Ադրբեջանի դպրոցներում պետականորեն հովանավորվող հայատյաց քարոզարշավը, անկասկած, Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) միջնորդությամբ, հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացող բանակցությունների հաջողության ամենամեծ խոչընդոտն են։ Ադրբեջանական վարչակարգի ռազմաշունչ և հայատյաց հռետորաբանությունը ժամանակավրեպ երանգավորում ունի և հիշեցնում է անցյալ դարի մութ տարիները։

Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար Բաքվի հայտարարությունները խիստ վտանգավոր են և անկայունություն ու անորոշություն են սերմանում միջազգային անվտանգության ողջ համակարգում։

Այսօր Ադրբեջանը հրաժարվում է ուղղակիորեն բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ և ուղարկողին է վերադարձնում ԵԱՀԿ առաջարկները՝ կապված շփման գծից դիպուկահարների հետքաշման և հրադադարի խախտման հետևանքով առաջացած միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ։ Մինչդեռ Հայաստանը պատրաստակամ է հասնելու հակամարտության բանակցային կարգավորմանը՝ մի լուծման, որը հիմնավորապես կբացառի ռազմական գործիքների կիրառումը վերջնական նպատակին հասնելու ճանապարհին։ Սա է այն դիրքորոշումը, որը կիսում է միջազգային հանրությունը և պահանջում, որպեսզի որդեգրեն նաև հակամարտության կողմերը։

Այս ամենի ֆոնին, Խոջալուի կոտորածից քսանհինգ տարի անց, մնում է հուսալ, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը կկարողանա հասնել գիտակցության այն մակարդակին, որ վերջապես կիսի Անդրեյ Սախարովի 1975 թվականի  Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ելույթի հետևյալ միտքը. «Խաղաղությունը, առաջընթացը և մարդու իրավունքներն անքակտելիորեն փոխկապակցված են․ անհնար է հաջողել դրանցից մեկում, եթե անտեսված են մյուսները»։

22 փետրվարի, 2017

Տեսանյութեր

Լրահոս