
Հայկական բրենդի ստեղծումից՝ ռազմաարդյունաբերություն. Որո՞նք են ՏՀՏ ոլորտը զարգացնելու ուղղությունները

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող «ՏՀՏ լիդերների հանդիպում» հերթական ֆորումը համախմբել էր միության անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ռազմավարության գործողությունների պլանը հաջորդ 5 տարիների համար:
Քննարկման արդյունքում ՏՀՏ ոլորտի լիդերներն առանձնացրել են ոլորտի զարգացման 6 ռազմավարական ուղղություններ:
Այդ ուղղություններ են՝
- Կրթություն և աշխատուժի ձևավորում
- Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia)
- ՏՏ ընկերությունների և ոլորտի շահերի պաշտպանություն
- Ռազմաարդյունաբերություն
- Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government)
- ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում
Ոլորտի ներկայացուցիչները հասկացել են խնդիրներն այս ոլորտներում, հստակեցրել են նպատակները և մշակել են այս ուղղությունների տեսլականը: Բոլոր ուղղություններով աշխատանքը կատարելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր:
Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումները կազմակերպվում են 2007 թվականից:
Միջոցառման նպատակն է՝ մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և քննարկել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող առաջնային խնդիրները։ ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը, և այլն: Հանդիպում-ֆորումը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:
Այս անգամ «ՏՀՏ լիդերների հանդիպում» երկօրյա ֆորումին մասնակցել են շուրջ 60 ներկայացուցիչներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են EIF-ը, CQG-ը, Macadamian-ը, WEB-ը, Ucom-ը, Proximus-ը, Leviathan-ը, VOLO-ն և մի շարք այլ ընկերություններ:
Հանդիպում-ֆորումին մասնակիցներ են եղել նաև Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրից, Պաշտպանության նախարարությունից և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:
Սիրարփի Աղաբաբյան