«Ռուսաստանի շահերից է բխում նոր կարճաժամկետ, բայց արյունոտ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում»

Մեր զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Ապրիլյան պատերազմին հաջորդած դիվանագիտական ակտիվությունը և այդ ակտիվությունից ակնկալվող համաձայնությունների իրականացման և ընդհանրապես ողջ բանակցային գործընթացը փակուղում է, իրավիճակը շփման գծում բավականին լարված է, օրերս ադրբեջանական կողմը նոր հարձակում նախաձեռնեց, կան տարածաշրջանային և արտատարածաշրջանային նոր զարգացումներ։ Ի՞նչ փուլում է իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ, և ի՞նչ զարգացումներ են սպասվում ինչպես` շփման գծում, այնպես էլ` բանակցային գործընթացում։

– Բանակցություններ, ըստ էության, չկան։ Միակ էական քննարկումը, որ բանակցությունների ընթացքում եղավ վերջին 12 ամսում, Արևմուտքի կողմից առաջարկված` անվտանգության մեխանիզմների ներդրման հարցն էր, ինչն Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ մեռցրին։ Սա հող ստեղծեց նոր պատերազմի համար։ Ադրբեջանը պատրաստվեց հարձակման։ Թե ԼՂ, և թե ՀՀ սահմանների միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն հետախուզական-նախապատրաստական աշխատանքներ է տանում։

– Ներկայումս ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի քաղաքականությունը շփման գծում։

– Դժբախտաբար պատերազմն անխուսափելի է թվում։ Ադրբեջանը մոտ ժամանակներում կփորձի ձեռնարկել ևս մեկ լայնածավալ, բայց կարճաժամկետ հարձակում` այս անգամ արդեն օգտագործելով ապրիլյան պատերազմից առած դասերը։ Հիմա Ադրբեջանի գերխնդիրը շատ ավելի մեծ տարածքներ գրավելն է, առավել հավանականությամբ, շփման գծի հարավ-արևելքում։ Չնայած` ադրբեջանական ռազմական մարտավարությունը, հնարավոր է, նաև մի շարք անակնկալներ մատուցի ՀՀ և ԼՂ կողմերին։

Հայկական կողմի պաշտպանական տակտիկան և արտաքին քաղաքականությունն անզոր են եղել վերջին մեկ տարում ստիպելու Ալիևին դադարեցնել հյուծման պատերազմը։ Սա չհայտարարված պատերազմի տեսակ է, որի պայմաններում սահմանները մշտական հարձակման տակ են, և ինչն ուղեկցվում է մարդկային զոհերով։ Ժամանակ առ ժամանակ ձեռնարկվում է նաև առավել լայնածավալ հարձակում, ինչպես, օրինակ, 2016-ի ապրիլին, տարածքներ ձեռք բերելու համար։ Այսպես կոչված` «սողացող» առաջխաղացումներով Ադրբեջանը նոր իրողություն է ստեղծում կոնֆլիկտի գոտում` ՀՀ-ին պարտադրելով հակամարտության իր համար ցանկալի լուծումը։

– Այս ամենի վերջնանպատակը կարո՞ղ է նոր երկարատև պատերազմը լինել` հաշվի առնելով անցնող երկու տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսական անկումն ու մանաթի արժեզրկումը, ինչը, մի շարք վերլուծաբանների համոզմամբ, Ադրբեջանին ետ է պահում լայնածավալ գործողություններից։

– Հաջող պատերազմով Ալիևը մի քանի նպատակների կարող է հասնել։ Նախ, ադրբեջանցիների դժգոհությունը բարձր գների և պակասած եկամտի պատճառով, կնվազի։ Սա փորձված մեթոդ է, օրինակ` մանաթի «ազատ լողացող» ռեժիմին անցնելուց գրեթե անմիջապես հետո 2016-ի հունվարին Ադրբեջանի տարբեր շրջաններում սկսվեցին, այսպես կոչված, «հացի ցույցերը»` գների աճի դեմ։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ալիևի վարկանիշը կտրուկ բարձրացավ։

Երկրորդը, վերջին սահմանադրական փոփոխություններով Ալիևը կոնկրետ քայլեր է ձեռնարկում երկրի իշխանությունը բացառապես իր ընտանիքի անդամների ձեռքում պահելու համար։ Հաջող պատերազմն Ալիևին կտա անհրաժեշտ հասարակական աջակցությունը` հնարավոր պալատական հեղաշրջումները կանխելու համար։ Եվ, վերջապես, ապրիլյան վերջին պատերազմը բացահայտեց հայկական կողմի մի շարք, թերևս, լավ և երկար տարիներ թաքցված թուլությունները, հատկապես` հայ-ռուսական ռազմական և դիվանագիտական կապերի որակը։

Գրեթե մեկ տարի, ապրիլից ի վեր, ակնհայտ է, որ հայկական կողմի մոտ լուրջ փոփոխություններ չեն եղել` թե՛ ռազմական, թե՛ արտաքին ազդեցության առումով, որոնք կստիպեին Ադրբեջանին վերանայել իր ռազմական պլանները։ Ավելին, ՀՀ ներքաղաքական վիճակը, վերջին կադրային փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ արտաքին ռազմական քաղաքականությունը ոչ մի կերպ չեն զսպել Ադրբեջանին։ Բաքուն շատ ավելի բացահայտ ռազմատենչ դիրք է գրավել, ինչը ենթադրում է, որ ՀՀ հետապրիլյան ջանքերը, օրինակ, Ռուսաստանի հետ առավել սերտ ռազմական ինտեգրացիան, չկարողացան նպաստել հայկական կողմի անվտանգությանը։ Ավելի կարճ, հայկական կողմը շարունակում է մնալ խոցելի, և Ալիևը ցանկանում է օգտվել ՀՀ-ի իշխանությունների թերացումներից։

– Ի՞նչ դերակատարություն ունի ներկայումս ստեղծված իրավիճակում Մոսկվան, որը, ըստ մի շարք տեղեկությունների, փորձում էր կազմակերպել նախարարական հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև` ունենալով զուգահեռաբար նոր ծրագիր, սակայն այդ նախաձեռնությունները, ըստ էության, չիրականացան։ Հաշվի առնելով և՛ Երևանում, և՛ Բաքվում Մոսկվայի նկատմամբ բարձր անվստահությունը, որքանո՞վ Մոսկվային կհաջողվի իր ծրագրերը պարտադրել հակամարտող կողմերին։

– Վստահ չեմ, թե ինչ նոր ծրագիր ունի Մոսկվան։ Բայց հստակ է, որ Մոսկվան ցանկանում է ունենալ ԼՂ հակամարտության միջնորդության մենաշնորհը` գուցե ինչ-որ առումով կրկնօրինակելով ԱՄՆ-ին արաբաիսրայելական կոնֆլիկտում։ Այս մենաշնորհը կարևոր է` կոնֆլիկտը ռուսական նպատակների համար օգտագործելու համար։ Լայն առումով` ռուսական արտաքին քաղաքականությունն ուղղված է համաշխարհային գերտերություն դառնալուն, գերտերություն, որը, ինչպես 19-րդ դարում, կունենա իր ազդեցության գոտին, այն է` հետխորհրդային երկրները։ Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ) այս ազդեցության գոտին վերստեղծելու գործիքն է։

Հարավային Կովկասում ՀՀ-ն հաջողության վառ օրինակ է Մոսկվայի համար, թե ինչպես ստեղծել արբանյակ երկրներ։ Մոսկվան կցանկանար կիրառել այս մոդելն այլ հետխորհրդային երկրների, այդ թվում` նաև Ադրբեջանի վրա։ Ռուսական արբանյակ երկրներ ստեղծելու կարևոր բաղադրիչներից են` ռուսական ռազմաբազայի կամ ռազմաբազաների տեղակայումը, երկրում ստրատեգիական տնտեսական գործակալ դառնալը, հատկապես` էներգետիկ ոլորտում, և հեշտ ղեկավարվող և Ռուսաստանին հավատարիմ վարչախումբը, ինչպես նաև` մեկ կամ մի քանի ընդդիմադիր կուսակցություններ և մեդիա ունենալն է։

Ադրբեջանին ԵՏՄ բերելը Ռուսաստանի համար կատարյալ հաղթանակ կլինի։ Բայց պարտադրել սա Ադրբեջանին` դժվար է։ Բաքուն երկու տասնամյակից ավելի անկախ քաղաքականություն է վարում, իսկ ռուսական կապիտալը երկրում լրջորեն զիջում է արևմտյան ներդրումներին։ Բայց ահա ԼՂ կոնֆլիկտը լավ հնարավորություն է ստեղծում Մոսկվա-Բաքու գործարքի համար։

Այս առումով, հենց նույն Ռուսաստանի շահերից է բխում նոր կարճաժամկետ, բայց արյունոտ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում։ Այս հնարավոր նոր բախումը դարձյալ կավարտվի Մոսկվայի միջնորդությամբ` վերահաստատելու, որ ռեգիոնում Ռուսաստանն է կայունացնող ուժը։ Սա պատգամ կլինի թե՛ կոնֆլիկտի կողմերին, թե՛ ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Այն նաև կհստակեցնի նոր ամերիկյան վարչակազմի վերաբերմունքը ԼՂ կոնֆլիկտի նկատմամբ։ ԱՄՆ պասիվության դեպքում` Ռուսաստանն առավել կակտիվացնի Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացը։

Այս բանակցությունների բանալին ԼՂ կարգավիճակի հարցը կլինի, ուր Մոսկվան և Բաքուն կփորձեն գտնել ընդունելի տարբերակ. չի բացառվում, որ դա լինի Ադրբեջանի ֆեդերալիզացիայի միջոցով։ Այս սցենարի դեպքում Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կապահովի նաև իր ռազմական ներկայությունը ԼՂ-ում։ Սակայն, եթե ԱՄՆ-ը առավել ակտիվ միջնորդական դեր գրավի հնարավոր լայնածավալ պատերազմը կանխելու համար, ապա Մինսկի խումբը հնարավորություն կտա Ռուսաստանին և ԱՄՆ-ին` միասին աշխատել Մադրիդյան/Լավրովյան պլանի սահմանններում։ ԱՄՆ-ի հետ նման համագործակցությունը կարևոր է Պուտինի համար, որն Արևմուտքի կողմից դեռ մնում է մեկուսացման մեջ։

Ինչ վերաբերում է հայկական կողմին պարտադրելուն. եթե լինի սկզբունքային համաձայնություն Մոսկվայի և Բաքվի միջև, որին Արևմուտքը դեմ չէ, ապա այս որոշումը կհրամցվի հայկական հանրությանը` որպես միակ իրական տարբերակ։ Ռուսաստանն արդեն լավ փորձ ունի` Հայաստանում հասարակական կարծիքը մանիպուլյացնելու։ Դա արվում է մամուլի, սոցմամուլի և, իհարկե, իշխանական ապարատի ներկայացուցիչների կոորդինացված քայլերով` սովորաբար հղում կատարելով վախի, ֆիզիկական ոչնչացման, տնտեսական աղետի վտանգին, եթե հայկական կողմը հակառակվի ռուսական պլանին։ Իհարկե, հարց է, թե կկարողանա՞ն մեծամասնությանը համոզել։

– Ինչպիսի՞ դիվանագիտական ջանքերը կարող են փրկել իրավիճակը։

– ՀՀ-ն լավ հնարավորություն ունի անվտանգության մեխանիզմները ներդնելու արշավ սկսելու համար։ Հայկական կողմը նախաձեռնողական դիվանագիտության մեծ պակաս ունի։ Այս առումով արժե Բաքվի դիվանագիտությանը հետևել։ Լավ օրինակ կարող է ծառայել Ղրղըզստանը, թե ինչպես վերաբալանսավորել արտաքին հարաբերությունները։ Մոսկվայի հետ այլ դիվանագիտական լեզու է պետք օգտագործել։ ԱՄՆ-ում լուրջ փոփոխություններ են կատարվում Թրամփի վարչակազմում, որոնց ևս պետք է արագ արձագանքել։

ՌԴ-ն ունի բոլոր լծակները կոնֆլիկտը սառեցնելու համար. Ադրբեջանին ուղղված խիստ քննադատություն, ռազմական կապերի սառեցում, տնտեսական միջոցներ, բոլորն էլ շատ արդյունավետ կարող են լինել։ ՀՀ դաշնակիցներ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի կոշտ դիրքորոշումը ևս կարող է սանձել Ադրբեջանին։ Սրանք միանգամայն իրատեսական քայլեր են, եթե ընդունենք ՀՀ մեկնաբանությունը, թե ԵՏՄ-ն և ՀԱՊԿ-ը` ռուսաստանյան ռազմական դաշինքը, լուրջ կազմակերպություններ են, ԵՄ-ի ու ՆԱՏO-ի նման։ ՀՀ-ի և Ղարաբաղի անվտանգության համար ՀՀ-ն զոհաբերել է իր անկախության մի շարք բաղադրիչներ` մտնելով այս դաշինքների մեջ։

Դիվանագիտական ջանքերի մի մասը հենց այս դաշնակցային կապերն անհրաժեշտության ժամանակ օգտագործելն է։ Իսկ եթե չեն աշխատում, ապա, թերևս, ժամանակն է` դրանք վերանայել։ Օրինակ, ՀԱՊԿ ռուսաստանյան ռազմական դաշինքից դուրս գալը ՀՀ-ին թույլ կտա բալանսավորված հարաբերություններ պահել Ռուսաստանի և Արևմտյան երկրների հետ։

– Որքանո՞վ են հավանական հայկական կողմից նման դիվանագիտական քայլեր։

– Հայաստանն իր ստրատեգիական դաշնակիցներից, ամենայն հավանականությամբ, օգնություն չի պահանջի և կշարունակի մնալ դիվանագիտական մեկուսացման մեջ` իր սեփական ընտրությամբ։ Սա շահավետ է Մոսկվայի համար։ Ռուսաստանը Հայաստանից ստանում է այն, ինչ ցանկանում է, բայց փոխարենը` պարտավորված չէ իրեն իբրև ՀՀ դաշնակից պահել։ Սա նշանակում է, որ երիտասարդ զինվորներն ու խաղաղ բնակիչներն են վճարելու իրենց կյանքով։ ՀՀ հանրությունը սա որոշ ցավով է ընդունում, բայց ևս համարում է նորմալ։

«Հյուծող պատերազմի» արդյունավետությունն այն է, որ զոհը հարմարվում կամ «նորմալացնում» է պատերազմական վիճակը և, ի վերջո, ընդունում, որ անզոր է այն կանգնեցնել։ ՀՀ-ի դեպքում, ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ ղեկավարներն իրենք են համոզել թե հայաստանցիներին, թե նաև Սփյուռքի մի մասին, որ Հայաստանն անզոր է մեծ թշնամիների առաջ։ Սրանով է, թերևս, բացատրվում Հայաստանի դիվանագիտական կիսակաթվածահար վիճակը, ճգնաժամային կառավարման բացակայությունը։ Իհարկե, խորքային խնդիրն այն է, որ իշխող և ընդդիմադիր շատ ղեկավարների մոտ չկա տեսլական։

Օրինակ, պարզ չէ, թե Հայաստանն ինչպես է տեսնում ԼՂ հարցի լուծումը։ Ադրբեջանն այն տեսնում է` իբրև իր տարածք, և ըստ այդմ գործում է։ ՀՀ դեկավարները, նաև ընդդիմությունը խոսում են հողեր տալու մասին, և միաժամանակ` ներքին լսարանի համար ժամանակ առ ժամանակ վերալվանում տարիներ առաջ շրջանառության մեջ դրված ազգ-բանակ կոնցեպտը։ Եթե սա տակտիկական վարքագիծ է, ապա այն չի գործում, քանի որ ցածր ինտենսիվության պատերազմ է պարտադրվել հայկական կողմին, և այն սպառնում է հսկողությունից դուրս գալ։

– Ուշագրավ է Իրանի ակտիվությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում։ Ինչպես Երևանում իր պաշտոնական այցի շրջանակում, այնպես էլ օրերս Թեհրանում Հասան Ռոուհանին հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում։ Ծրագրվում է, որ մարտի վերջին Պուտին-Ռոուհանի հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև ԼՂ հակամարտությունը։ Սրան զուգահեռ` մի շարք փորձագետներ պատահական չեն համարում հայ-իրանական հարաբերություններում ի հայտ եկած ռազմական բաղադրիչը, որն ամրագրվեց Վիգեն Սարգսյանի` Իրան կատարած այցով։ Իրանը, ըստ էության, ամրապնդում է իր ներգրավվածությունը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, որքանո՞վ Իրանին կհաջողվի իսկապես ներգրավվել այս հարցերում` հաշվի առնելով իրանաիսրայելական հակասություններն ու Թրամփի հակաիրանական կոշտ դիրքորոշումը։

– Ադրբեջանը որդեգրել է չհայտարարված «սողացող» պատերազմի քաղաքականություն։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ Իրանը, բացի դիվանագիտական հորդորներից, որևէ այլ քայլ ձեռնարկի` ակտիվ ռազմական գործողությունները կանխելու համար։ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար գործընկերային հարաբերություններ է պահպանում։ Ի դեպ, դեռ 2015-ին Իրանը և Ադրբեջանն արդեն բանակցում էին համատեղ ռազմական արտադրության, զորավարժությունների շուրջ։ Իրանի հիմնական ուշադրությունը հիմա Մերձավոր Արևելքում իր դիրքերի ամրապնդումն է։

Այս առումով Ռուսաստանը լավ գործընկեր է Թեհրանի համար։ Իսկ ռուս-թուրքական համագործակցությունն այնքան էլ վտանգավոր չէ Իրանի համար, քանի որ այն հիմնականում դրական արդյունքներ է տալիս Սիրիայում։ Ավելին, Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը միասին են վարում սիրիական խնդրի լուծման բանակցությունները։ Հարավային Կովկասում ևս Իրանն իր հեռահար նպատակներն ունի և Ռուսաստանի բնական մրցակիցն է։ Իհարկե, Իրանը կնախընտրի, որ ռուսական, հատկապես` ռազմական ներկայությունը թուլանա Հարավային Կովկասում։ ԼՂ հարցում Իրանի համար լավագույն տարբերակը ստատուս-քվոն պահելն է։

Եթե Ռուսաստանը Թուրքիային դարձնի ակտիվ միջնորդ, ապա Իրանը ևս, ամենայն հավանականությամբ, կմիանա։ Իհարկե, սա ավելի հավանական կլինի այն դեպքում, եթե Մինսկի խմբի ֆորմատը մի կողմ դրվի։ Կարծում եմ` Իրանի համար Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է, և, թերևս, առավել սահմանափակ իր արտաքին քաղաքական որոշումներում, քան Ադրբեջանը։ Համաձայն եմ, որ գուցե ՀՀ ներկայացուցչի այցը պատահական չէր ռուս-իրանական հանդիպումից առաջ։ Բայց չեմ տեսնում, թե ինչ ռազմական բաղադրիչի մասին է խոսքը, գոնե զուտ ռազմական կամ ռազմաարդյունաբերական առումով որևէ կոնկրետ գործարք չի կնքվել, բացի ՀՀ-ի արտահայտած ցանկություններից։

– Մինչ Թրամփի երդմնակալության արարողությունը շատ փորձագետներ կանխատեսում էին, որ նրա աշխատակազմը որոշակի հեռավորություն կպահպանի ՌԴ-ի հարևաններից և մեր տարածաշրջանից, այդ թվում` ԼՂ հակամարտությունից։ Օրերս պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել էր, որ աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ` խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ապահովել կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։ Նրա խոսքով` ԼՂ չկարգավորված հակամարտությունն ԱՄՆ ազգային շահերի սպառնալիք է։ Այս հայտարարությունն ի՞նչ է ենթադրում ամերիկյան այս նոր քաղաքականության կոնտեքստում։ Ի՞նչ սպասել ԱՄՆ-ից այս հարցում։

– Գոնե նախնական շրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը մնալու է անկանխատեսելի։ Անկանխատեսելի լինելը կարծես Թրամփի կառավարման և բանակցային տակտիկան է։ ԼՂ կոֆլիկտում ԱՄՆ-ի դերը մեծապես կորոշվի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններով։ Մոսկվան մեծ հույսեր ունի, որ Թրամփը կընդունի Ռուսաստանին` իբրև գերտերություն, որին պետք է հարգել և ընդունել, որ այն ունի ազդեցության գոտի, որտեղից ԱՄՆ-ը պետք է հեռու մնա։ Այս գոտին ներառում է նախկին խորհրդային երկրները։ Թվում է` Թրամփի մեկուսացման քաղաքականությունը հենց դրան կբերի։ Սա, թերևս, ամենավտանգավոր տարբերակն է Հայաստանի և ԼՂ-ի համար։

Հարավային Կովկասում միանձնյա գործող ՌԴ-ն կունենա մեկ նպատակ` օգտվել ԱՄՆ-ի բացակայությունից (որը երևի մի քանի տարի միայն կտևի) և արագ ընդլայնել ԵՏՄ-ն։ ԼՂ-ն կարող է դառնալ մանրադրամ` Ադրբեջանին ԵՏՄ ներս բերելու համար։ Ի դեպ, թե ինչպես ԼՂ հարցը ՌԴ-ն կլուծի, հստակ չէ, բայց չի կարելի լիովին բացառել, որ դա կարող է լինել նույն ձևով, ինչպես Մոսկվան ցանկանում է լուծել ուկրաինական և սիրիական ճգնաժամերը, այն է` Ուկրաինայի, Սիրիայի և այս դեպքում` Ադրբեջանի ֆեդերալիզացիա։

Սակայն Թրամփի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Ֆլինի արագ անկումը և նրա փոխարեն առավել հակառուսական դիրքորոշում ունեցող պահպանողական «բազեների» կոնսոլիդացումը կարող է փոխել իրավիճակը նաև Հարավային Կովկասում։ Այսինքն` ԱՄՆ-ը կարող է ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելով` օրինակ, առաջ տանել անվտանգության մեխանիզմների ներդրման հարցը։ Սա, թերևս, լավագույն տարբերակը կլինի ԼՂ-ի համար։

Բայց նաև պետք է նշել, որ ոչինչ երաշխավորված չէ` առանց դիվանագիտական ջանքերի։ Հայկական կողմը, թերևս, պետք է հստակեցնի, թե ԱՄՆ ստրատեգիական շահերի կոնտեքստում ՀՀ-ն ու ԼՂ-ն ինչո՞ւ են կարևոր։ Հայկական խնդիրը ներկայացնել` իբրև թույլ երկրի մարդու իրավունքների համար պայքար, թերևս, գրավիչ չէ ԱՄՆ-ի համար, որն «անվտանգություն սպառողների» նկատմամբ այլևս բարյացակամ չէ։ Դարձյալ արժե հետևել, թե Ադրբեջանն ինչպես է իր հայցը ներկայացնում Արևմուտքին` իբրև անկախ քաղաքականություն վարող պահանջատեր, որը պատրաստ է սեփական ուժերով խնդիրը լուծել և կարևոր գործընկեր լինել ԱՄՆ-ի համար Կովկասում։

Տեսանյութեր

Լրահոս