Ռուսական բանաձևը

«Լարսի անցակետի հարցում ամենահետաքրքրված կողմերը, բնականաբար, Ռուսաստանն ու Հայաստանն են, ամենաքիչը դրանով հետաքրքրված է Վրաստանը։ Ես չէի ասի, որ չկա հետաքրքրություն, բայց այն ավելի քիչ է, քան Հայաստանում և Ռուսաստանում։ Պետք է հասկանալ նաև, որ այս հարցն այն լծակներից մեկն է, որի միջոցով Վրաստանը երկխոսում է Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով։ Երկրները որոշումներ են կայացնում առաջին հերթին՝ ելնելով իր առաջնային շահերից։ Եթե Վրաստանի համար շահավետ լինի այլընտրանքային ճանապարհը քաղաքականապես, ապա Վրաստանը դա կդիտարկի, իսկ եթե ոչ՝ չի դիտարկի, քանի որ այստեղ Վրաստանն ավելի շատ կորցնում է, քան շահում։ Քաղաքական մակարդակում բանակցություններն ընթանում են։

Նույնիսկ արդեն սկսել են խոսել որոշակի տեխնիկական հարցերի շուրջ, ինչը ևս ազդանշան է այն մասին, որ տեղաշարժ կա, բայց կանխատեսել և մոտակա ապագայի համար ամսաթվեր նշելն անիրատեսական է»,- 168am-ի հետ զրույցում ասել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը տնտեսական ոլորտում փորձելու է ավելի շատ ներդնել Վրաստանում զբոսաշրջիկների միջոցով, վրացական արտադրանքը ռուսական շուկա մտցնելու միջոցով և այլ ուղղություններով։

«Եթե Ռուսաստանից Վրաստանի կախվածությունը հասնի որոշակի մակարդակի, Ռուսաստանը կսկսի այլ լեզվով խոսել մեզ հետ։ Սա է այն բանաձևը, որով Ռուսաստանն աշխատում է հարևան երկրների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ դա որոշակի ռիսկ է մեզ համար: Կառավարությունը ևս դա շատ լավ է հասկանում, ուստի բոլոր հարցերը, որոնք առնչվում են այս հարցին, կքննարկվեն հազար անգամ՝ մինչ վերջնական որոշման կայացումը»,- ասել է Առնոլդ Ստեփանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս