Արցախի գիտական կենտրոնը նոր սարքավորումների կարիք ունի. փոխտնօրեն
Երեկ Արցախի գիտական կենտրոնում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, նույն ինստիտուտի քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը: Նրանք նախ ծանոթացել են գիտական կենտրոնի շենքային ու աշխատանքային 25պայմաններին, եղած հնարավորություններին ու գիտատեխնիկական զինվածությանը։
Ս. Դադայանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման հանդիպումները և ընդգծել, որ այն կրելու է շարունակական բնույթ:
Լևոն Թավադյանն էլ նշել է, որ Արցախի գիտական կենտրոնի կայացման գործը միշտ էլ Հայաստանի ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում է եղել:
«Մենք այստեղ՝ տեղում ենք ծանոթանալու Արցախում կատարված և կատարվելիք գիտական աշխատանքներին»,-մասնավորապես ասել է Լ. Թավադյանը:
Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողները հակիրճ ներկայացրել են ուսումնասիրվող թեմաները՝ ընդգծելով դրանց արդիական ու կարևոր լինելը՝ պատասխանելով նաև ներկաների հարցադրումներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գիտական կենտրոնի փոխտնօրեն Անյուտա Սարգսյանն ասել է, որ իրենց կենտրոնը կազմավորվել է 2007 թվականից և, որ կենտրոնի հիմնական առաքելությունն Արցախի Հանրապետության համար արդիական խնդիրների գիտական վերլուծությունները և աշխատանքներն են. դրանց մեջ մտնում են թե՛ հասարակագիտական, և թե՛ բնագիտական թեմաներ, որոնք անհրաժեշտ են Արցախի զարգացման գործում:
«2013 թվականից առ այսօր կենտրոնին աշխատակցում են թեկնածուական պաշտպանությունն անցած 4 և 1 դոկտորի գիտական աստիճանով գիտաշխատողներ,-ընդգծել է Ա. Սարգսյանը և ավելացրել,- Արցախի գիտական կենտրոնում կատարվում են լուրջ հետազոտություններ: Բնական գիտությունների առումով ուսումնասիրություններ են կատարվում քիմիայի, կենսատեխնոլոգիայի, էկոլոգիա, երկրաբանության ոլորտներում: Գիտահետազոտական աշխատանքներում գյուղատնտեսության ոլորտներն էլ ենք ուսումնասիրում, օրինակ՝ հողի մշակման, անասնապահության զարգացման և այլ ուղղություններով: Յուրաքանչյուր թեմայի հետազոտման համար հատկացվում է 2 տարի»:
Ա. Սարգսյանի խոսքով՝ իրենց կենտրոնի կողմից ուսումնասիրվել է նաև Ստեփանակերտի կեղտոտվածության աստիճանը. պարզվել է, որ չնայած Արցախը հաղթահարել է պատերազմի արհավիրքներ, բայց մաքրության տեսանկյունից ունենք բավականին բարձր ցուցանիշ:
«Կենտրոնում գործում է կահավորված 2 լաբորատորիա, իսկ վերջերս ստեղծված 1-ն էլ անհրաժեշտ սարքավորումների կարիք ունի: Չնայած ամեն տարի մենք լաբորատորիան վերազինում ենք նոր սարքավորումներով, այնուամենայնիվ, գիտական հետազոտություններ իրականացնելու համար դեռևս դրանք բավարար չեն. երբեմն ստիպված ենք լինում մեր աշխատանքներն ուղարկել Երևան՝ այնտեղի լաբորատորիաներում հետազոտություններ իրականացնելու համար»,-տեղեկացրել է Ա. Սարգսյանը և ավելացրել, որ կենտրոնում իրականացվում է 16 գիտահետազոտական ուսումնասիրություն, որից 6-ը՝ ֆինանսավորվում են Հայաստանի գիտության պետական կոմիտեի կողմից, 10-ը՝ ԱՀ կառավարության: