Ընտրություններ, որ հոգնեցրին դեռ չսկսված
Մեր վարչապետի ակտիվ հանդիպումները, նույնիսկ քսան պաշտոնատարի հետ Վրաստան այցի մասին հաղորդագրությունները ստվերվում են: Լրատվական դաշտում հիմնականը խորհրդարանական ընտրությունների թեման է: Մամուլին հետևողը կկարծի, թե հասարակությունը բան ու գործ թողած` շնչակտուր հետևում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հայտարարություններին: Ավելի ճիշտ՝ պատգամավորության թեկնածուների ցուցակների հրապարակման գործընթացին: Մեր քաղաքական ուժերը սպասումը թեժացնելու հարցում կարգին հմտացել են: Ցուցակները մաս-մաս են հրապարակում:
Կարճ ասած, հասարակական կյանքն ամբողջությամբ տեղավորվում է խորհրդարանական ընտրությունների գործընթացների սպասման տիրույթում: Անգամ աննախադեպ ցուրտ ձմեռն ու նույնքան աննախադեպ ջեռուցման վարձերը հասարակությանը չեն շեղում այդ սպասումից:
Ընդունեք, որ անսպասելի է կամ անբացատրելի: ՀՀ Ազգային ժողովն իրականում բավական համեստ տեղ ունի մեր երկրի կառավարման համակարգում: Կրկնում եմ, խոսքը ոչ թե գործող օրենսդրության մասին է, այլ մեր քաղաքական կյանքում խորհրդարանի ունեցած իրական դերակատարության: Մենք պատրաստվում ենք ընտրել, կարծեմ, վեցերորդ գումարման ԱԺ:
Նախկին 25 տարվա ընթացքում մեր խորհրդարանականները, չնչին բացառությամբ, մշտապես եղել են գործադիր իշխանության կցորդի դերում: Խորհրդարանը միշտ էլ հլու-հնազանդ դակել-հաստատել է գործադիր իշխանության ներկայացրած օրենքների բոլոր նախագծերը: Բայց միևնույն է, օրենսդիր բարձրագույն մարմին ունենալը քաղաքակիրթ աշխարհի պարտադրանքն է, որ մերժել չենք կարող: Հատկապես, որ 2018-ից դառնալու ենք խորհրդարանական համարվող երկիր: Այսինքն` այդպիսին դառնալու ենք` նոր ընտրվելիք խորհրդարանի պարագային: Գուցե դրանով է պայմանավորված հետաքրքրության աճն այս ընտրությունների նկատմամբ:
Նախորդ տարիներին էլ բազմաթիվ խոշոր սեփականատերեր ու գործարարներ ձգտում էին հայտնվել պատգամավորական ցուցակներում: Ինչից կարելի էր ենթադրել, որ ԱԺ պատգամավորի մանդատն ինչ-որ լրացուցիչ գործառույթ ունի: Խոսքն անձեռնմխելիության իրավական երաշխիքի մասին չէ: Բոլորն էլ գիտեն, որ մեր խորհրդարանականներն իշխանությունների առաջին իսկ պահանջով զրկում են իրենց գործընկեր պատգամավորին անձեռնմխելիությունից: Տեսեք, ըստ մեր պետական բյուջեի` ամեն տարի երկրի ծախսերի հինգ տոկոսը բաժին է ընկնում «Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում և այլն» տողին:
Պետական կառավարման մարմիններից ամենաթանկը հենց գործադիրն է: Օրինակ, 2017-ի բյուջեով նախատեսված է 4 մլրդ 194 մլն դրամի չափ գումար տրամադրել այս կառույցին: Այսինքն` մեր օրենսդիր մարմինը հարկատուների վրա տարեկան մոտ 8,5-9 մլն դոլար է «նստում»: Համեմատության համար ասենք, որ կառավարման մարմիններից մյուս գիգանտը ՀՀ նախագահի աշխատակազմն է, որին 2017-ին հատկացվելու է 3 մլրդ 856 մլն դրամ: Բարդ չէ ենթադրել, որ ՀՀ կառավարության աշխատակազմը երրորդն է՝ իր 1 մլրդ 710 մլն դրամ չափաբաժնով:
Այսինքն` Հայաստանի նման փոքր երկրում գործադիր կառավարումը տարեկան մոտ 3 մլն դոլարով թանկ է նստում, քան օրենսդիրը: Սա` այն դեպքում, երբ գործադիր կառավարման ծախսերի մեջ չեն հաշվարկվել նախարարությունների, մարզպետարանների ու մյուս գործադիր կառույցների ծախսերը: Այս անտրամաբանական համամասնությունն էր, որ ժամանակին օգտագործվեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը փաստարկելու համար: 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի մասով ծախսերը կտրուկ կպակասեն: Հնարավոր է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո կմեծանան բուն խորհրդարանի ծախսերը:
Հատկապես, որ ոչ ոք այսօր չգիտի, թե քանի պատգամավորից է բաղկացած լինելու ապագա ԱԺ-ն: Մի բան ակնհայտ է՝ այս անգամ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Այնքան մեծ, որ որոշ գործիչներ հրաժարվեցին իրենց պաշտոնից խորհրդարանական ապագա մանդատի համար: Օրինակ` ՀՀ վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահը: Նույնիսկ ավանդական 10 հազարանոց ընտրակաշառքն է վերանայվել:
Ըստ մամուլի` նոր ընտրություններում ընտրակաշառքն ավելի ծանրակշիռ դերակատարություն է ունենալու: Առաջին հերթին` այն պատճառով, որ ավելի է ծանրացել. խոսվում է 20-50 հազարանոց մասնաբաժնի մասին: Բոլոր դեպքերում, սպասվող ընտրություններում ահագին շատ անհասկանալի բան կա: Հավանաբար այդ պատճառով են ազդեցիկ քաղաքական ուժերը հնարավորինս ինտրիգային դարձնում իրավիճակը: Պակաս ազդեցություն ունեցող ուժերն էլ, ընդունելով խաղի կանոնները, կրկնում են խոշորներին:
Բայց հայտնի բան է՝ ոչինչ ծածուկ չի մնա: Նույնիսկ հայտնի է, թե քանի օրից ամեն ինչ հայտնի կդառնա: Ես նկատի ունեի ընտրության օրը: Իսկ եթե Դուք այլ կերպ ընկալեցիք՝ դա Ձեր կարծիքն է: