«Մոսկվայի հետաքրքրությունը հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հանդեպ անձնավորված չէ». Մարկեդոնով

«Չեմ կարծում, որ Հայաստանի ներքին օրակարգը Կրեմլի գլխավոր խնդիրն է»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին և դրանցում Մոսկվայի դերակատարությանը։

Մարկեդոնովը նշեց, որ շատ հաճախ են կովկասյան տարածաշրջանում շրջանառվում այն սցենարները, թե որքանով են երկրները կարողանում ինքնուրույն կերպով որոշել իրենց քաղաքական կուրսը, որքանով են անկախ, ինքնիշխան։

«Ես չեմ կարող մատնանշել մի երկիր, որտեղ բացարձակ անկախություն կա։ Չէ՞ որ Ռուսաստանը ևս բացարձակ անկախ երկիր չէ։ Ռուսաստանից Հայաստանի որոշակի կախվածության գործոն կա, սա ոչ լավ է, ոչ վատ, դա այդպես է։ Այնինչ ես չեմ կարծում, որ Հայաստանի ներքին օրակարգի հարցը Կրեմլի գլխավոր խնդիրն է, և, որ Կրեմլը չի ուտում, չի խմում, ցանկանում է այս կամ այն կուսակցության հաղթանակը։ Առաջին հերթին՝ Կրեմլին հետաքրքրում է հետևյալ հարցը, թե որքանով Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական ընթացք կունենան»,- նման տեսակետ հայտնեց փորձագետը։

Վերջինիս համոզմամբ՝ կան որոշակի մտահոգություններ գունավոր հեղափոխությունների առնչությամբ։ Դրանք, նրա գնահատմամբ, երևի թե չափազանցված են։ Խոսքը, նրա փոխանցմամբ, մասնավորապես, Էլեկտրամայդանի կամ «Սասնա ծռերի» հետ կապված զարգացումների մասին է, երբ մի շարք ռուս հրապարակախոսներ և լրագրողներ միանգամից դրանք համեմատում էին գունավոր հեղափոխությունների հետ։ Սակայն, Մարկեդոնովի կարծիքով, պետք է հասկանալ, որ Հայաստանում բավականին ամուր են փողոցային քաղաքականության ավանդույթները։

Ավելին, նրա խոսքով՝ Հայաստանում այդ ավանդույթը եղել է մինչ «գունավոր հեղափոխություններ» տերմինի ի հայտ գալը։ «Այդ փողոցային պահերը Հայաստանում լինելու են՝ անկախ նրանից, դա դո՞ւր է գալիս ոմանց, թե՞ ոչ։ Սա փոքր երկիր է, որտեղ իշխանության և հասարակության միջև տարածությունն այնքան մեծ չէ, որքան իմ երկրում կամ ԱՄՆ-ում։ Կան մտավախություններ՝ Երևանում իրավիճակի քաոտիզացիայի, անհասկանալի պերսոնաժների ի հայտ գալու, որոնք կարող են ամբոխից դուրս գալ»,- ասաց Մարկեդոնովը։

Ռուս քաղաքագետն ասաց, որ կան հստակ քաղաքական իրողություններ։

«Եթե իշխանության գա մեկը, ով Գլենդելում է ուսանել, ապա Հարվարդում ստացել է իր մագիստրոսական կոչումը, կարող է նույնիսկ չտիրապետել ռուսերենին, բայց նա երկու-երեք օր կաշխատի նախագահի և վարչապետի աշխատասենյակում և կհասկանա, որ առանց Ռուսաստանի՝ այդքան էլ չի ստացվի։ Վառ օրինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ բացարձակ հակասովետական գործիչ, ԽՍՀՄ փլուզման լոկոմոտիվ, և այլն, և այլն, բայց մարդ, ով Հայաստանը դարձրել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Այս իմաստով Հայաստանի փորձն առանձնահատուկ է։ Հայաստանը տարանջատում է ռուսականը սովետականից։ Դա պետք է կարողանալ անել։

Այսինքն՝ կա Մոսկվայում հետաքրքրություն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենալու Երևանում, բայց դա անձնավորված չէ, որքան համակարգային»,- ասաց Մարկեդոնովը։

Տեսանյութեր

Լրահոս