«Օհանյան-Օսկանյան դաշինքը դասական օրինակ էր՝ ինչպես չի կարելի դաշինք ձևավորել». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքը դե յուրե գոյություն չունի, և ըստ նրա՝ ընդամենը խոսում են, որ կարող է այդպիսի դաշինք լինել, եթե միավորվեն: Սակայն, մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգը նկատեց՝ ինչպես պարզվեց՝ դեռևս չմիավորված՝ քանդվում է անգամ դե յուրե գոյություն չունեցող դաշինքը:
«Ընտրությունների ժամանակ կարևորը բովանդակությունն է՝ ինչ ասել ընտրողին, այլ ոչ թե՝ ում հետ ասել: Դաշինք ձևավորում են՝ որոշակի սկզբունքներից ելնելով, և առաջնայինը ծրագրային մասն է, ապա կարևոր է, թե որ ուժերն են միավորվում: Իսկ այստեղ ընդամենը համամասնական ցուցակում լավ տեղերում հանգրվանելու խնդիր էին փորձում լուծել: Այն փոքր կուսակցությունները, որոնք փորձում էին մեծերի հետ կցվել, հիմնականում այդ խնդիրն ունեին՝ մտնել խորհրդարան: Եթե դա է դրվում դաշինքի ձևավորման հիմքում, ապա արդյունք չի տալիս»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը:
Նա մատնանշեց ԲՀԿ-ի օրինակը՝ ասելով, որ այն հզոր ուժ է, ու նրա լոկոմոտիվը Գագիկ Ծառուկյանն է, իսկ մյուս ուժերը, որոնք փորձում են նրան միավորվել, ըստ քաղտեխնոլոգի՝ ԲՀԿ-ի հետ ոչ մի առնչություն չունեն, ընդամենը փորձում են խորհրդարան մտնել. «Նրանք ԲՀԿ-ին ոչինչ չեն տալու: Ուղղակի դաշինքներն ուժի ցուցադրման անուղղակի PR է, որն անգամ չկարողացան անել, որովհետև դատարկություն է, ուժ չկա, որպեսզի PR անեն:
Պայմանական ասած՝ «Համախմբում» չկայացած դաշինքն էլ դասական օրինակ էր՝ ինչպես չի կարելի դաշինք ձևավորել. եթե մի դաշինքի ուժերից մեկն իրեն ռուսամետ է համարում, մյուսը՝ արևմտամետ, մյուսը, ընդամենը մեկ ամիս առաջ նախագահի նստավայրում նստած՝ նախագահի հետ ներքին քաղաքականություն էր մշակում, հիմա դուրս է գալիս պայքարելու, էն մյուսը նախարար էր աշխատում, տասը տարի լռում էր, ոչինչ չէր անում, իսկ երբ պաշտոնից հեռացրին, անմիջապես տեսավ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, և դա կարող է բերել արյունոտ հեղափոխությունների, ապա այդ դաշինքին ոչ ոք չի հավատալու»:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս գործընթացներում մի փոքր տարբերվում է «ԵԼՔ» դաշինքը, որը, նրա խոսքով՝ թեև հավասարազոր ուժերի միություն է, բայց բովանդակություն չունի. ««ԵԼՔ»-ը գաղափարական դաշինք չէ, այլ տեխնիկական է. այնտեղ արևմտամետություն չկա»:
Արմեն Բադալյանն անհասկանալի է համարում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը. «Չենք կարող ասել, որ ՀԺԿ ղեկավարը վերջին խորհրդարանական գործունեության տարիներին բուռն պատգամավորական գործունեություն է իրականացրել, և հիմա ՀԱԿ-ը խիստ շահագրգռված է, որ լավ գործունեություն իրականացրած ՀԺԿ ղեկավարին նորից իր հետ խորհրդարան տանի:
Բոլորս էլ տեսել ենք, որ ՀԺԿ ղեկավարը ՀԱԿ խմբակցությունում նստած է՝ որպես կոճակ սեղմող: Անիմաստ էր ուղղակի այդ դաշինքի ձևավորումը, առավել ևս, որ ՀԺԿ ղեկավարը չունի այն հեղինակությունը, ինչ ուներ 2003 թվականին»:
Հետևաբար, ըստ նրա՝ դաշինքները ստացել են արհեստական բնույթ, և այն կարևորությունը, որ կարելի էր ներկայացնել՝ այդ դաշինքները ձևավորելով, ուղղակի իմաստազրկվեց:
Մեր հարցին՝ այս ամբողջ գործընթացն ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, արդեն նախանշվո՞ւմ է, թե որ ուժերը կհայտնվեն ապագա խորհրդարանում, նա այսպես պատասխանեց. «Սևագիր դիտարկումները ցույց են տալիս այն, որ բավականին մեծացել է գումարի գործոնը, որովհետև վստահություն ընդհանրապես չկա քաղաքական ուժերից և ոչ մեկի նկատմամբ, անկախ նրանից՝ իշխո՞ղ քաղաքական ուժ է, թե՞ այսպես ասած՝ ընդդիմադիր: Այսինքն՝ ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ վստահություն չկա: Իհարկե, սա չի նշանակում, որ ընտրություններին մարդ չի գնալու:
Բնականաբար, գնալու են, ուղղակի այսօրվա դրությամբ ավելի շատ հետաքրքրվում են՝ ինչքան ընտրակաշառք են բաժանելու: Մոտավորապես նախանշվում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կհայտնվեն խորհրդարանում, իսկ մյուսների դեպքում 50-50% է»: