Գյումրու մանկապարտեզներում որոշ ապրանքներ թանկացել են
asparez.am. Հացի գինը նվազել է, պակասել է նաեւ քաշը: Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներից 23-ում արդեն ավարտվել են սննդի մատակարարման մրցույթները: Վերջին մրցույթը կայանալու է փետրվարի 16-ին` «Հենզել եւ Գրետել» մանկապարտեզում:
Եթե 2 տարի առաջ Գյումրու քաղաքապետարանն էր կազմակերպում եւ անցկացնում այս մրցույթները, ապա այսօր մանկապարտեզների տնօրեններն իրենք են ինքնուրույնություն դրսեւորում եւ այդ մրցույթներն անցկացնում առանձին-առանձին:
Մրցույթների հայտարարություններն հրապարակվել են gnumner.am կայքում, սակայն մրցակիցների շրջանում ակտիվություն չի եղել: Մրցույթին հիմնականում դիմել եւ հաղթել են գրեթե նույն անհատ ձեռներեցներն ու կազմակերպությունները:
Մինչ մրցույթների անցկացումը մանկապարտեզներն ուսումնասիրել են անհրաժեշտ ապրանքատեսակների շուկայական գները, որոնք էլ մրցույթում հիմք են դարձել:
Նախորդ տարվա համեմատ, որոշ ապրանքատեսակների գներ բարձր են ներկայացվել, պատճառը եղել է գնաճը:
Եթե նախորդ տարի տեղական փափուկ մսի մեկ կգ-ը որոշ մանկապարտեզներ գնում էին 2600 դրամով, ապա այսօր` 2700, բրնձի մեկ կգ-ը գնել են 330 դրամով, այս տարի արդեն` 375, հնդկաձավարի մեկ կգ-ը նախկինում 500 դրամով են գնել, այսօր` 570 կամ ավել գնով: Միայն հացի գինն է փոխվել, 1 դրամով պակասել է: Այսօր մանկապարտեզները հացի 1 կգ-ը գնում են 263 դրամով, իսկ նախորդ տարի գնում էին 264 դրամով: Սակայն հացի քաշի փոփոխություն է նկատվում: Մանկապարտեզը 1000 գրամ հացի դիմաց վճարում է 263 դրամ, բայց ստանում 900 գրամ: Մակապարտեզների տնօրենների մեծ մասի հավաստմամբ` քաշի նման տարբերություն երբեմն են նկատում, միշտ տեղյակ են պահում հաց առաքողին: Տնօրենների խոսքով` առաքիչը մշտապես խոստանում է ուշադիր լինել:
Ո՞ւր է գնում ամեն 1 կգ-ի 100 գրամ հացը
Այն, որ հացի քաշի տարբերություն կա, ապացուցվեց նաեւ այցելությանս օրը: Մանկապարտեզներից մեկում պատահական ընտրված մեկ հացը կշռում էր ոչ թե 500 գրամ, այլ` 450: Մանկապարտեզը նման 2 հացի դիմաց վճարում է 263 դրամ, սակայն, ինչպես պարզ է, ստանում է 900 գրամ: Ձմռանը օրական յուրաքանչյուր մանկապարտեզ միջինը գնում է 5-7 կգ հաց, երեխաների բարձր հաճախելիության դեպքում` օրական մոտ 8-13 կգ: Հացը ամենալայն սպառվող ապրանքն է նաեւ մանկապարտեզներում, աշխատակիցները հաստատում են` երեխաները հացակեր են:
«Փարոս» մանկապարտեզի տնօրեն Արմինե Կարապետյանը, նաեւ «Զանգակ» մանկապարտեզի տնօրեն Սիրանուշ Մելքոնյանը հավաստիացնում են, որ ժամանակին են ստանում սննդամթերքը, մատակարար ընկերություններից ու անհատ ձեռներեցներից գոհ են, նշում են, որ հացի այս քաշի տարբերությունը հազվադեպ է լինում: Ս.Մելքոնյանի խոսքով` լինում է, որ որոշ ապրանքներ երբեմն ավել քաշով են ստանում:
«Փարոս» մանկապարտեզում եւս ավարտվել է սննդի մատակարարման մրցույթը: Ապրանքատեսակների գներն հայտնի են, մատակարար ձեռներեցների հետ կնքվել են պայմանագրեր` 1 տարի ժամանակով: Մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի վերջին շաբաթը այս մանկապարտեզը կարտոֆիլի մեկ կգ-ը մատակարար ձեռներեցից գնելու է 160 դրամով, 1 կգ բրինձը` 375, 1 լիտր արեւածաղկի ձեթը` 720, 1 կգ ջեմը` 1100, 1 կգ շաքարավազը` 420, 1 կգ հալվան` 1000, 1 կգ կաղամբը` 95, 1 բուլկին` 60, 1 լիտր կաթը` 340, 1 կգ թթվասերը` 1100, 1 կգ փափուկ տավարի միսը` 2700, 1 կգ հնդկաձավարը` 640, 1 կգ տեղական հավի միսը` 1500, 1 կգ հացը` 263 դրամով եւ այլն:
Այս մանկապարտեզում հաղթող է ճանաչվել 2 անհատ ձեռներեց` «Հակոբ Սոսյան» ու «Ռուզաննա Սարգսյան»: Վերջինս միայն հաց է մատակարարում, բոլոր մանկապարտեզների հացի մատակարարն այս ձեռներեցն է:
Մանկապարտեզի տնօրեն Արմինե Կարապետյանի խոսքով` նախկինում սննդամթերք մանկապարտեզին մատակարարել են 5 ձեռներեցներ ու ընկերություններ: «Ճիշտն ասած` սպասում էինք, որ մրցույթին շատերը կմասնակցեն, անցած տարի ինձ մոտ 5 մատակարար էր, սակայն այս տարի չներկայացան,-ասում է տնօրենը:
3 անհատ ձեռներեցներ են դիմել «Զանգակ» մանկապարտեզի սննդի մատակարարման մրցույթին, 2-ն էլ հաղթող են ճանաչվել` «Հակոբ Սոսյան», «Տիգրան Սիմոնյան», «Ռուզաննա Սարգսյան»:
Մանկապարտեզը մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջին շաբաթը նշված ձեռներեցներից ապրանքատեսակները գնելու է հետեւյալ արժեքով` 1 կգ հացը` 263 դրամ, 1 կգ կարտոֆիլը` 160, 1 կգ տավարի փափուկ միս` 2700 դրամ, 1 կգ տեղական հավի միսը` 1500 դրամ, 1 կգ հնդկաձավարը` 570, 1 կգ բրինձը` 375 դրամ եւ այլն:
Կնքված պայմանագրի համաձայն` մատակարարը պարտավոր է շահած գներով սննդամթերքը մատակարարել: Մանկապարտեզներում պատմում են, որ նախորդ տարի մրցույթից հետո շաքարավազի գինը բարձրացել է, սակայն մատակարար ընկերությունը պահպանել է պայմանագրային պարտավորվածությունը եւ շաքարավազի գնի փոփոխություն չի եղել:
Վճարովի մանկապարտեզներում երեխաները թերի են սնվում
Գյումրու «Փարոս» մանկապարտեզում ամենամսյա վարձավճարը կազմում է 7500 դրամ. սննդի համար` 6500, կոմունալ ծախսերի համար` 1000 դրամ է նախատեսված:
Այցելությանս օրը ճաշացուցակով նախատեսվում էր նախաճաշին` հաց, բրնձով կաթնապուր, ճաշին` հնդկացորենով փլավ, հաց, մանդարին, հետճաշին` բուլկի: Շուրջ 70 սանի համար (այդ օրը ներկա երեխաների թիվն է) այդ օրը ծախսվել էր 15 հազարից ավել դրամ:
Համայնքապատկան «Զանգակ» մանկապարտեզը նույն օրը ծախսել էր մոտ 6 հազար դրամ: Ճաշացուցակով նախատեսվում էր` նախաճաշին` հաց, կարագ, պանիր, չրով հյութ, ճաշին` հաց, բրնձով սուպ, հետճաշիկին` հաց, հնդկաձավարով փլավ, աղցան: Ներկա երեխաները` 33-ն էին: Այստեղ ամենամսյա վարձավճարը եւս 7500 դրամ է, 6000-ը` սննդի, 1500-ը` կոմունալ ծախսերի համար է նախատեսված: Այս մանկապարտեզն արդեն 25-26 տարի է` գործում է տնակային պայմաններում:
Համեմատելով 2 մանկապարտեզների ճաշացուցակները` արձանագրում ենք չափաբաժինների տարբերություններ. հացը նույն օրը «Փարոսի» սաների համար նախատեսվել է 100 գրամ, «Զանգակում»` 132 գրամ, բրնձի չափաբաժինը 2 մանկապարտեզներում նույնն է` 30 գրամ: Կարագի չափաբաժինը տարբեր է, քանի որ «Փարոսում» կարագն օգտագործվել է կաթնապուրում, իսկ «Զանգակում»` հացի եւ կարագի հետ: «Փարոսում» կարագը երեխաներին տրվել է 5 գրամ, «Զանգակում»` 15 գրամ:
Անի Մկրտչյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։