«Լուկաշենկոն սրա պատասխանը ստանալու է, չեմ կասկածում». Ալեքսեյ Մարտինով
Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովի հետ, ով Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով բազմիցս հայտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակներում»։
– Պարոն Մարտինովը անտեսելով ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների, Իսրայելի վարչապետի հորդորները` Մինսկը, այնուամենայնիվ, որոշեց արտահանձնել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան, ում մեղքը կայանում է նրանում, որ նա նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ և հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։ Ինչո՞ւ Մինսկն անտեսեց իր եվրասիական գործընկերների հորդորները` որոշում կայացնելով կատարել Ադրբեջանի պահանջը։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։
– Բնականաբար, սա կարելի է որակել` որպես Մինսկի դեմարշը Մոսկվայի դեմ։ Իհարկե, Լուկաշենկոն լուրջ ռիսկի է դիմում` վատթարացնելով իր հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Հայաստանի հետ։ Հարցն այն է, որ, ինչպես մենք գիտենք, անցյալ տարվա վերջին Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնեց Բաքու, հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խնդրեց նրանից Բելառուսի համար էապես զեղչել նավթի գինը, այսինքն` զեղչել այնքան, որպեսզի այն լինի ավելի էժան, քան Բելառուսին մատակարարվող ռուսական նավթն է։
Իսկ Լապշինի արտահանձնմամբ կարծես թե Լուկաշենկոն որոշեց հավելյալ կերպով շահագրգռել, հաճոյանալ Ալիևին։ Եկեք հասկանանք նաև, որ սա ամենևին էլ Բելառուսի մտահղացումը չէր, ակնհայտ է, որ այսպիսի խորամանկ ծրագիրն Ադրբեջանն է կազմել` ընտրելով այսպիսի բազմաշերտ պատմություն։ Գիտենք, որ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ընդգրկված են տարբեր քաղաքական գործիչներ, պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, գիտնականներ, արտիստներ, ճամփորդներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք տարբեր տարիների այցելել են ԼՂՀ։ Այդ ցուցակում 500-ից ավելի գործիչ է ընդգրկվում պարբերաբար։
Կարծում եմ, որ այս գործի համար Լապշինն ընտրվեց երկու պատճառով։ Նախ` նա ունի երկքաղաքացիություն, այս դեպքում անհասկանալի և անորոշ է դառնում, թե որ երկիրն է առաջինը նրան պաշտպանելու գործը ստանձնելու, սա որոշակի հակասություն և դժվարություն է ստեղծում։ Երկրորդը` նա անզգուշություն է ունեցել բնակություն հաստատել Մինսկում։ Այս երկու հանգամանքները նրա հետ չար կատակ խաղացին, որի հետևանքով այս գործն անցնելով այսքան ընթացակարգեր` հասավ արտահանձնման փուլին։ Լապշինը նաև հրապարակել էր մի շարք նյութեր` բավականին արդարացի, բավականին հիմնավորված, օրինակ` ԼՂ հակամարտության գոտում անցյալ տարի ամառը բռնկված լարվածության մասին, ինչը, բնականաբար, ադրբեջանական ԶԼՄ-ների շրջանում լուրջ նյարդայնության պատճառ դարձավ։ Սա բազմաքայլ պատմություն էր։
– Լապշինի գործը, ըստ Ձեզ` կարո՞ղ է նախադեպ դառնալ։ Արտահանձնումից հետո ցուցակներում ընդգրկված մի շարք գործիչներ արդեն իսկ մտավախություններ են հայտնում, որ գուցե սա շարունակական դառնա։
– Ամենատհաճն այս ամենում հենց այն է, որ նախադեպ է ստեղծվում, մեխանիզմ, որի օգնությամբ Ադրբեջանը թելադրում է իր իրավունքները` թույլ տալ կամ թույլ չտալ այցելել Ղարաբաղ։ Սա, իհարկե, մտածված է, հուսով եմ, որ լրագրող, բլոգեր Լապշինի կյանքին որևէ վտանգ չի սպառնա, քանի որ այս դեպքը բավականին լայն հանրային արձագանք ստացավ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, թե՛ Իսրայելում, որտեղ ամենաբարձր մակարդակում հետևում են այս իրադարձությանը։ Սա, իմ գնահատմամբ, անձնագրի հանդեպ խորը անհարգանք է։ Չգիտեմ` այս գործն ինչով կավարտվի, բայց այն, որ Լուկաշենկոն վտանգում է իր անձնական հարաբերությունները Ռուսաստանի, Հայաստանի, Իսրայելի ամենաբարձր իշխանությունների հետ, դա միանշանակ է։
Անկասկած, այս դեպքը մտածելու տեղիք է տալիս։ Ես որևէ դեպքում չեմ այցելի Մինսկ, քանի դեռ վստահ չեմ, որ ինձ ոչինչ չի սպառնում, քանի որ ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, այնտեղ մասնակցել եմ միջազգային կոնֆերանսների, որպես միջազգային դիտորդ` մասնակցել եմ ԼՂՀ նախագահական ընտրություններին։ Ես այդ ցուցակներում երկու անգամ եմ եղել այս երկու այցելությունների համար, ուստի ես լրացուցիչ անգամ կմտածեմ` արժե՞ արդյոք մեկնել Մինսկ կամ այլ մի տեղ։ Կարծում եմ, որ շատերը, որոնք այդ ցուցակներում են հայտնվել ժամանակին և այսօր, կմտածեն Մինսկ այցելելուց առաջ, քանի դեռ այս հարցի շուրջ նման իրավիճակ է։
– Լուկաշենկոյի որոշումը «դեմարշ» որակեցիք։ Մինսկի այս քայլը հարված չէ՞ արդյոք եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին։
– Շատերն այսօր փորձում են Լապշինի գործը ներկայացնել` որպես ինտեգրացիոն պրոյեկտների նկատմամբ հարված։ Ես չեմ կարծում։ Գտնում եմ, որ նույնիսկ գուցե Բելառուսը ցտեսություն մաղթի Լուկաշենկոյին, քան որևէ մեկը հրաժարվի այն ինտեգրացիոն պրոյեկտներից, որոնք ծավալվում են հետսովետական տարածքում։
– Ի՞նչ հետևություններ պետք է անեն Մոսկվան և Երևանը, երբ գործընկերներն այսպես կոպիտ անտեսում են միմյանց հորդորները նման զգայուն թեմաների վերաբերյալ։
– Դժվար է ասել։ Այն, որ Լուկաշենկոն իր արձագանքները ստանալու է, այն, որ նա այսկերպ իր նկատմամբ ուշադրություն է հրավիրում և՛ ԵՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, դա միանշանակ է, նա սրա պատասխանը ստանալու է, չեմ կասկածում։
– Կան մի շարք համատեղ հարթակներ։ Չկա՞ն արդյոք լծակներ Բելառուսի նկատմամբ, որոնց կիրառմամբ Մոսկվան կամ Երևանը կարող են չեզոքացնել այս դեպքի նախադեպայնության վտանգը։ Այսինքն` ինչպե՞ս կարող են արձագանքել սրան։
– Ես չունեմ այս հարցի պատասխանը։ Եկեք համբերությամբ լցվենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկա օրերի ընթացքում։ Վստահ եմ, որ իրադարձություններն ուշագրավ են լինելու։