«Մեր նպատակն իշխանությանը նոր դեմք հաղորդելն է, ժողովրդի լեզվով ասած` իշխանափոխություն անելը, և մենք արդեն արել ենք դա»

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ

– Պարոն Նիկոյան, հայտարարվում է, որ միայն վերջին շրջանում 11 հազար մարդ է անդամագրվել ՀՀԿ-ին, սակայն, այնպիսի կարկառուն դեմքեր, ինչպես Հովիկ Աբրահամյանն է` իր մերձավոր շրջապատով, խոսվում է նաև Մհեր Սեդրակյանի մասին, հեռանում են կուսակցությունից։ Ի՞նչ է կատարվում Հանրապետականում։

– Որևիցե գործիչ դառնում է կարկառուն այնքանով, որքանով ինքը թիմի անդամ է։ Եթե թիմի անդամ չի, այդ «կարկառուն» բառն այլևս դուք չեք օգտագործի։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, որ սա շատ բնական պրոցես է։ Եթե դուք ուշադիր լինեք, անցած տարվա փետրվարի 12-ին ՀՀ նախագահն իր ելույթում հստակ նշագծեց այն նշաձողը, որին պետք է համապատասխանի և՛ կուսակցականը, և՛ բարձրաստիճան պետական պաշտոնյան։ Եթե որևիցե մեկը գտնում է, որ իր դեմքը, իր դիմագիծը, իր էությունը չի համապատասխանում տվյալ չափորոշիչներին, և իրեն ուրիշ տեղ է տեսնում, մեր դռները և՛ դուրս եկողների համար են բաց, և՛ մուտք գործողների։ Անկեղծ եմ ասում, ես դա համարում եմ անցյալ, սպառված թեմա, որի մասին այլևս անիմաստ է խոսել։ Ավելի է լավ մենք ապագայի վերաբերյալ խոսենք։

– Այդ դեպքում, հաշվի առնելով անցյալը, ապագայում Հանրապետականում կուսակցական զարգացումներն ո՞ւր են տանում։

– Դուք ՀՀԿ-ին անդամակցածների թիվը շատ ճիշտ նշեցիք։ Նախկինում քննադատությունները շատ էին, թե 1 գիշերում արթնացան, 7000 հոգի հանրապետական դարձան։ Ոչ, 1 գիշերում 7000 հանրապետականներ չեն արթնացել, այս 3 ամիսների ընթացքում կուսակցության շարքերը համալրվել են նոր մարդկանցով։ Բնական է, նոր լիդերի, նոր հանրային նշանակություն ունեցող մարդու, անձի մուտքը որևէ կուսակցություն իր հետ բերում է իր համակիրների հոսք դեպի այդ կառույց, ինչը տեղի ունեցավ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելով և համագործակցելով ՀՀԿ-ի, ՀՀԿ ղեկավար մարմնի և առաջին տեղակալի կարգավիճակ ստանալու հետ միասին։ Այնպես որ` դա շատ բնական պրոցես է, որ այս ամիսների ընթացքում տեղի է ունեցել։

– Տեսակետ կա, որ, թեև Հանրապետականն ինքնամաքրվում է, սակայն բոլոր այդ օդիոզ դեմքերը համախմբվում են Ծառուկյանի շուրջ` ոչ առանց Սերժ Սարգսյանի գիտության։ Այդ դեպքում ի՞նչ տարբերություն, եթե ԱԺ-ում կլինեն նույն դեմքերը` այլ թիմերով կամ այլ պայմանական սահմանազատումներով։

– Մեր խնդիրը` և՛ կուսակցության, և՛ իշխանության, հանրությանը ներկայանալ այլևս այլ դեմքով, այլ որակով, որովհետև յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում` իշխանությունը, պետք է ականջալուր լինի հանրության պահանջներին, իսկ հանրության թիվ մեկ պահանջը հենց դա էր` ուղղված մեր կուսակցությանն ու իշխանությանը։ Եվ, բնականաբար, չէր կարող Հանրապետական կուսակցությունը չորդեգրել այնպիսի դիրքորոշում, որը մենք որդեգրել ենք այս մեկ տարվա ընթացքում։ Մեր նպատակն իշխանությանը նոր դեմք հաղորդելն է, ժողովրդի լեզվով ասած` իշխանափոխություն անելը։ Այդ ընդդիմադիրները, որ ասում են` այ, մենք ուզում ենք իշխանափոխություն, մենք արդեն արել ենք դա։

– Ներքին։

– Այո, ներքին իշխանափոխություն ենք արել, եկել են նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր գաղափարներ, կիրթ, նորմալ անցյալով, նորմալ ներկայով, և, կարծում եմ, շատ ավելի լավ ապագայով մարդիկ։ Եվ նույնը կատարում ենք կուսակցության մեջ։ Այսինքն` մենք կատարում ենք հանրության պահանջը։ Մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները լուծելու համար արդեն տևական ժամանակ մենք գնացել ենք այդ փոփոխություններին կամ, իրենց լեզվով ասած, իշխանափոխության։ Ինչպիսին կլինի մյուս կուսակցությունների վիճակը, դա իրենց գործն է։ Մենք չենք կարող սահմանել, թե այլ կուսակցություններից որոնք կհավաքվեն, և ովքեր կդառնան պատգամավոր։

– Բայց վերլուծաբաններն ասում են` դարձյալ որոշողը Սերժ Սարգսյանն է։

– Սխալվում են։ Մեր դիրքորոշումն այդ ամենի վերաբերյալ շատ հստակ է։ Եթե մեր կուսակցությունը գնում է ինքնամաքրման ճանապարհով և նույնն անում է պետական կառավարման համակարգում, դժվար թե մենք ցանկանանք, որ բոլոր մյուսները տեղափոխվեն և հավաքվեն մի տեղ։ Ի վերջո, եթե հավաքվում են մի տեղում, դրանից պետության կամ քաղաքական դաշտի որակն առանձնապես քիչ կփոխվի։ Բայց մենք, իհարկե, այսօր մտածում ենք իշխանության որակական և կուսակցության որակական փոփոխության մասին։ Եթե հավաքվում են մի տեղում, հանրությունն արդեն պետք է դրա մասին մտածի։ Դա մենք չէ, որ պետք է մտածենք։

– Ամեն գնով մանդատ ձեռք բերելու ձգտումը որքանո՞վ է արդարացված։

– Տեսեք, երբ ուշադիր նայում ենք` ովքեր են, ում հետ, ինչ պայմաններում հնարավոր դաշինքներ կազմում, այդ պրոցեսն ուղղակի չեմ կարողանում քաղաքագիտորեն կամ քաղաքական տերմինաբանությամբ բացատրել։ Դուք ասացիք` ամեն գնով մադատ ձեռք բերել։ Համատեղվում են մարդիկ, որոնք անհամատեղելի են միմյանց հետ և փորձում են ինչ-որ բացատրություններ տալ, թե մենք ունենք ընդհանուր խնդիր` իշխանափոխություն։ Է, իշխանափոխությունն արդեն տեղի է ունեցել։

– «Ծառուկյան» դաշի՞նքը նկատի ունեք, թե՞ Օհանյան-Օսկանյան։

– Ընդհանուր առմամբ, բոլոր տեղերում, որտեղ նայում ես` ովքեր են հավաքվում, ինչ լոզունգներով և ինչպիսի գաղափարներ ու կյանքի ճանապարհ են անցել, հասկանում ես` նրանք անհամատեղելի մարդիկ են։ Ես խնդրում եմ, ուշադիր եղեք և հետևեք այն պրոցեսին, երբ արդեն ցուցակները կազմեն։ Հիշեք այն մարդկանց խոսքերը, որոնք մինչև հիմա հայտարարում են, թե միասնական ջանքերով պետք է գնալ իշխանափոխության և այլն։ Այսինքն` փորձում են ինչ-որ գաղափարական կամ գոնե քաղաքական հիմնավորում դնել։ Բայց կտեսնեք, որ այդ հիմնավորումը կզրոյանա, ու կտեսնեք, թե ինչ բացատրություններ կտան այն մարդիկ, որ այլևս որևէ դաշինքում չեն լինի, դուռը շրխկացնելով դուրս կգան, որովհետև, վստահաբար, իրենք կհասկանան, որ ցուցակում իրենց բաժին ընկնող համարը պատգամավոր չի դառնալու։

– ՀՀԿ-ի ընտրացուցակն արդեն որոշակիացե՞լ է, թե՞ վերջին օրվան կթողնվի։

– Ոչ, երևի թե մեկ շաբաթ ևս պետք է սպասեք։

– Ասացիք, որ իշխանությունը պետք է ականջալուր լինի ժողովրդի պահանջներին, բայց ժողովուրդը պահանջում է արդարություն, պահանջում է աշխատատեղեր, պահանջում է վստահություն վաղվա օրվա հանդեպ, որ չկա, և որի բացակայության ապացույցն է արտագաղթի այս ահռելի չափը` մոտ 50 հազար մարդ, որ 2016թ. վերջին տարիների ամենամեծ ցուցանիշն էր։

– Բոլոր այն բարեփոխումները, որ կատարվում են մեր երկրում, դա միջոց է, նպատակը` ձեր բարձրացրած հարցերի լուծումն է։ Մեր երկրում այս տարի սպասվում են 800 մլն դոլարից ավելի ներդրումներ, գումարը կա, ներդրողը կա, և կա այն ոլորտը, որտեղ պետք է ներդրում արվի։ Այսինքն` բիզնես ծրագիրն ամբողջությամբ կա։ Անցած տարվա համեմատ` սա եռակի, քառակի ավելի շատ ներդրում է։ Եվ այն լուծելու է ձեր բարձրացրած խնդիրը։ Մարդիկ արտագաղթում են, երբ չունեն աշխատանք, չունեն աշխատավարձ, չեն կարողանում բարեկեցիկ կյանք ապահովել իրենց համար։ Եթե այս խնդիրները լուծվում են, լուծվում է նաև արտագաղթի հարցը։

Արտագաղթի դեմ պայքարելու լավագույն միջոցն աշխատատեղ ստեղծելն է։ Ինձ թվում է` այս տարվա մեջ մենք միասին ականատես կլինենք բարեփոխումների արդյունքին։ Վարչապետի այցը Ռուսաստան, հանդիպումը հայ գործարարների հետ և, ընդհանուր առմամբ, շատ այլ երկրների հետ հարաբերությունները և այն փոփոխությունը, որ կատարվում է երկրում, հույս է ներշնչել շատ բիզնեսմենների, որ Հայաստանում կարելի է ներդրում կատարել և բիզնես անել։ Ահա փոփոխությունների արդյունքը, որ կերևա այս տարի։

– Ս. Սարգսյանը մի անգամ ասել էր, որ ինչքան ուզեք` այդքան կխփեք։ Այս անգամ ինչքա՞ն է դրված նիշը, ՀՀԿ-ն նորից մեծամասնությո՞ւն պետք է կազմի ԱԺ-ում։

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարում է ընտրությունների միջոցով իշխանության գալու համար։ Ամբողջ աշխարհում դա այդպես է, չկա մի քաղաքական ուժ, որ չի ձգտում դրան, բնականաբար, նաև մեր կուսակցությունն է ուզում, որ ընտրությունների, ժողովրդի քվեարկության արդյունքով հայտնվի իշխանության։ Ինչպիսի՞ կարգավիճակով, կկարողանա՞ վաստակել այդքան քվեներ, որ միանձնյա կառավարություն ձևավորի, թե՞ 1 կամ 2 քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելով, դա ցույց կտան քվեարկության արդյունքները։ Բայց, ամենակարևորը՝ իշխանությունն ինքը գնաց Ընտրական օրենսգրքի այնպիսի սկզբունքային փոփոխության, որը բացառում է տեղամասում քվեարկության արդյունքների վրա որևէ ազդեցությունը։ Այսինքն` ընտրողը մտնում է տեղամաս, ինքն ազատ է գաղտնի քվեարկություն իրականացնելու, և նրա ձայնն արդարացիորեն հաշվվելու է։ Այդ կարծիքին են գրեթե բոլորը, նաև ընդդիմությունը, որ հայտարարել է, որ, այո, հասել ենք մենք այս արդյունքի։ Իշխանությունը պատրաստ էր ավելի առաջ գնալ` էլեկտրոնային գրանցում, քվեարկություն և ձայների հաշվում, դրան զուգահեռ` թղթայինը, բայց կար ֆինանսական խնդիր, որի պատճառով ձեռնպահ մնացինք շատ առաջ գնալուց։

Բոլոր խնդիրները, ինչը կասկածի առիթ է տվել, լուծված են։ Նկարահանում տեղամասում, քվեարկությանը մասնակցածների ցուցակի մատչելիություն… բոլորը լուծված են։ Եվ իշխանությունն ինքն է սահմանել խաղի այնպիսի կանոններ, որ որևիցե մեկը` լավագույն ցանկության ու ջանքերի դեպքում, միևնույն է, չի կարող դա խախտել։ Այս ընտրությունները լինելու են առաջինը մեր նորանկախ պետության մեջ, որ ինչքան էլ փորձեն վարկաբեկել, քվեարկության արդյունքների վրա ստվեր գցել, միևնույն է, հանրությունը և քաղաքական ուժերի մեծամասնությունն ընդունելու են արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս