Գրիպը սիրում է չոր ցուրտ և խոնավ տաքություն
Մեր տարածաշրջանում գրիպն ի հայտ է գալիս ձմռանը մոտ սեզոններին՝ աշնանն ու գարնան սկզբին: Գրիպի առաջացումը սովորաբար կապում են կլիմայական փոփոխությունների հետ: Սակայն չափազանց դժվար է հստակ նշել, թե որ սեզոնին է գրիպն առավել ակտիվ:
Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Ջորջ Սուհիգարայի կարծիքով՝ պատճառն այն է, որ նախկինում գրիպի վրա ազդող գործոններն ուսումնասիրվում էին առանձին-առանձին (օրինակ՝ առանձին ջերմությունը, խոնավությունը), սակայն պետք է ուսումնասիրել ամբողջը միասին:
Սուհիգարան, իր գործընկերների հետ, հաշվի առնելով բոլոր գործոնները, փորձել է այս վիրուսն ուսումնասիրել մեկ այլ տեսանկյունից:
Ուսումնասիրելով վերջին 18 տարիներին ամբողջ աշխարհով մեկ գրիպի ծագման փաստերը՝ հեղինակները հանգել են այն եզրակացության, որ վիրուսի վրա ազդող գլխավոր գործոնը խոնավությունն է, սակայն ջերմությունն էլ չի կարելի անտեսել: «Proceedings of the National Academy of Sciences»-ում տպագրված հոդվածում հետազոտողները պնդում են, որ 24°С ջերմաստիճանից ցածր պայմաններում՝ ցածր խոնավությունը հանգեցնում է վիրուսի տարածման, իսկ եթե դրսում 24°С-ից բարձր ջերմաստիճան է, ապա գրիպին անհրաժեշտ է ոչ թե՝ բարձր, այլ՝ ցածր խոնավություն:
Այս ամենը բացատրելը հեշտ է, եթե հիշենք վիրուսի կազմությունը: Վիրուսների գեների սպիտակուցներում սինթեզվում են տարատեսակ սպիտակուցներ, որոնցից մի քանիսն ընկնում են բջջաթաղանթ: Ընկնելու ընթացքում այն իր հետ տանում է բջջաթաղանթի մի մասը, այնպես որ, վիրուսի «ներքին օրգանները» հայտնվում են հավելյալ թաղանթի մեջ, որը կազմված է լիպիդներից և սպիտակուցներից, այդ թվում՝ վիրուսային: Այս թաղանթը վիրուսին անհրաժեշտ է բջիջների հետ փոխազդեցության համար: Սակայն, եթե շրջակա միջավայրի ջերմաստիճանը չափազանց բարձր է և քիչ խոնավ, ապա այն չորանում է, իսկ եթե դրսում ցուրտ է և խոնավ, ապա թաղանթը չափազանց շատ ջուր է կլանում և ուռչում է՝ կրկին վնասվելով:
Հենց այս պատճառով էլ չափազանց դժվար է գրիպի ալիքները կանխատեսել արևադարձային գոտիներում: Հյուսիսում թե՛ խոնավությունը, թե՛ ջերմաստիճանը շատ և հաճախ է փոփոխվում, իսկ հասարակածին մոտ՝ երկու կլիմայական պարամետրերն այնքան էլ շատ չեն փոփոխվում, ինչի պատճառով էլ համաճարակային օրինաչափությունը կանխատեսելը չափազանց դժվար է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը