«Քանի որ կոռուպցիայի դեմ չեն կարողանում պայքարել, որոշեցին այն օրինականացնել». Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ թեև կառավարության ծրագրում խնդիրները հստակ ձևակերպված են, սակայն դեկլարատիվ են.

«Ինձ գերեց միայն ծրագրի նախաբանը, իսկ դրանից հետո արդեն անհասկանալի էր, որովհետև տնտեսական խնդիրները, որ ունենք, չկան, այլ հիմնական նշված գործիքը սուբսիդիան է, որը հարկատուների հաշվին է արվում։ Դա դեկլարատիվ է, որ տեսեք՝ ինչ լավն ենք լինելու, բոլորիդ փորձելու ենք աջակցել, բայց իրականությունն այն է, որ հնարավոր չէ բոլորին աջակցել»։

Տնտեսագետին զարմացրել և ուրախացրել է այն փաստը, որ հասարակությունը մեծ հույսեր է կապում այս փոփոխությունների հետ.

«Եթե նախկինում միշտ վարչապետ, նախարար պաշտոններն ընկալվում էին՝ որպես նվեր, ապա սա ընկալվեց՝ որպես ինչ-որ առումով ճգնաժամային կառավարություն. այսինքն՝ խնդիրներ կան, որոնց լուծման համար ձևավորվել է այս կառավարությունը։ Այդ ակնկալիքը կա, ու դա մեծ աջակցություն է կառավարությանը, և, եթե չկարողանան դրանից օգտվել, ապա ավելի վատ կլինի, քան, եթե մնար ստանդարտ վիճակը»։

Անդրադառնալով Հարկային նոր օրենսգրքին, տնտեսագետը հիշեցրեց, որ, թեև սա նոր է ընդունվում, բայց նախագծվել է նախկինում, այսինքն՝ նոր կառավարությունը դա որպես ժառանգություն է  ստացել.

«Տնտեսական քաղաքականությունն ու հարկային քաղաքականությունը հակասում են։ Եթե այս օրենսգիրքն այսօր տրվող ուղերձներից հետո մշակվեր՝ հաստատ այլ կլիներ։ Արդյունավետության բարձրացման առումով մենք չենք կարող Արևմուտքին հասնել, որովհետև վստահություն չկա, իսկ դա լրացուցիչ ծախսեր ու բեռ է ավելացնում ցանկացած գործողության համար»։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի համար կարևորը ներմուծման կամ առևտրի խթանումը չէ.

«Դրանց մասին մտածում է նաև պետությունը, որովհետև հարկերի մեծ մասը գոյանում է ներմուծումից և առևտրից։ Այսինքն՝ այն, ինչ տնտեսության համար ձեռնտու չէ, բյուջեի համար ձեռնտու է, ու հարկային, մաքսային մարմիններն էլ ավտոմատ հարմարեցնում են։ Եթե կառավարությունը ցանկանում է այս ամենը վերացնել, ապա պլան հասկացությունն ընդհանրապես պետք է վերացնի։ Դա շատ մեծ ռիսկ է. պատրա՞ստ է այսօրվա կառավարությունը գնալ դրան, ես չգիտեմ, որովհետև կարող է պարզվել, որ, ի վերջո, բյուջեն չենք կարողանում կատարել: Քանի որ կոռուպցիայի դեմ չեն կարողանում պայքարել, որոշեցին այն օրինականացնել, այսինքն՝ մարդկանց տուգանքները մտցնել ֆոնդ և դրանով պարգևավճար տալ. ընդամենը դա տեղի ունեցավ»։

Տեսանյութեր

Լրահոս