«Ես չեմ հասկանում՝ ինչի՞ են այդ տարածքների հարցն անընդհատ քննարկում. նման բան չկա, նման խնդիր չկա, նման զարգացումներ գոյություն չունեն». Դավիթ Բաբայան
«Ոչ ոք չի ասել՝ զիջումներ, երբևիցե որևէ մեկը չի օգտագործել «զիջում» բառը, դա կա՛մ վատ թարգմանություն է, կա՛մ միտումնավոր վատ թարգմանություն ու ուղղված է ինչ-որ մանր, կեղտոտ խաղերի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցի մասին:
Հիշեցնենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԼՂՀ նախագահը հարցազրույցի ժամանակ ասել է. «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։
Այնուամենայնիվ Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր զիջումների դեպքում չի խաթարվի ԼՂՀ անվտանգությունը, ինչպես նշել է Բակո Սահակյանը: Ի պատասխան՝ նա ասաց, որ որևէ մեկը Արցախում երբևիցե չի խոսել զիջումների մասին, դա եղել է «սխալ» թարգմանություն. «Մենք խոսում ենք, որ մենք պատրաստ ենք գալ ընդհանուր հայտարարի, այնպիսի մի մեխանիզմ մշակել, այնպիսի մի տարբերակ ընդունել, որն ընդունելի կլինի բոլորի համար, բայց դա չի նշանակում՝ զիջումներ, որը միակողմանի է, առավել ևս՝ չի նշանակում՝ ինչ-որ տարածքներ տալ: Ես չեմ հասկանում՝ ինչի՞ են այդ տարածքների հարցն անընդհատ քննարկում: Նման բան չկա, նման խնդիր չկա, նման զարգացումներ գոյություն չունեն: Այսինքն՝ հասկանալի է, որ որոշ մարդիկ նեղ, կեղտոտ խաղեր են անում, ուզում են կեղտոտ դաշտ մտնել, ցույց տալ, որ իրենք կան, բայց դա չի նշանակում, որ նման գործընթացներ ընթանում են»:
Դ. Բաբայանը նշեց, թե՝ խոսելով տարածքների մասին՝ պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքը. այդ հարցերի քննարկումից պարզապես հնարավոր չէ խուսափել, որովհետև կողմերից մեկը՝ Ադրբեջանը, անընդհատ խոսում է այդ տարածքների մասին, նա տեսնում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ որպես ադրբեջանական նախկին ԽՍՀՄ տարածքային աբողջականության վերականգնում: Ըստ Դ. Բաբայանի՝ դա «աննորմալ» մոտեցում է, սխալ է, չի կարող ընդունելի լինել, բայց «խեղճ» միջնորդները չեն կարող պարզապես նրա կողմից բարձրացրած հարցերը քննարկման չդնել, որովհետև միջնորդները դատավորներ չեն:
«Բայց, կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ դա ընդունելի է: Մենք կարծես թե մոռանում ենք, որ այդ տարածքների խնդիրը միակողմանի չէ, օրինակ, գոյություն ունի Շահումյանի շրջանի խնդիր, որն օկուպացված է Ադրբեջանի կողմից, Գետաշենի, Մարտունաշենի, Հյուսիսային Արցախի… Դա հսկայական տարածք է, սրա մասին էլ է, չէ՞, խոսքը գնում, ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չի խոսում, անընդհատ ինչ-որ կեղտոտ խաղեր են տանում, կուլ են տալիս ադրբեջանական խայծը, մեկը՝ չիմանալով, մյուսը՝ զգացմունքային, էն մյուսն էլ՝ կեղտոտ նպատակներ հետապնդելով: Դրա համար, երբ մենք ասում ենք՝ փոխզիջումային տարբերակ բոլորի համար, սա չի նշանակում, որ լինելու է միակողմանի զիջում»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Մեր այն հարցին՝ եթե անգամ խոսենք փոխզիջումների մասին՝ հայկական կողմն ի՞նչ է պատրաստ փոխզիջել, Դ. Բաբայանը պատասխանեց, որ դա ցույց կտա բանակցային գործընթացը. «Եթե Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, մեզ հետ նստել բանակցային սեղանի շուրջ, այդ դեպքում հնարավոր է խոսել՝ տեսնենք՝ նրանք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում, սահմանները ոնց պետք է անցնեն: Այս ամենը պետք է քննարկվի, քանի որ չկա այդ քննարկումը, և Բաքուն չի հրաժարվում իր ռևանշիստ քաղաքականությունից, ինչի՞ մասին կարող ենք խոսել, բայց մի բան հստակ է, որ այնպես պետք է կարգավորվի խնդիրը, որ ստեղծվի կայուն խաղաղություն, որ որևէ մեկը, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, գայթակղություն չունենա նորից պատերազմը վերսկսել և փորձել հարցը կարգավորել ուժային տարբերակով, որովհետև ԼՂԻՄ-ի սահմանները և 1991 թվականի Արցախի Հանրապետության սահմանները գայթակղություն են առաջացրել թշնամու մոտ՝ ոչնչացնել Արցախը: Մենք ասում ենք, որ մենք պետք է ի վիճակի լինենք պահպանել մեր անվտանգությունը բոլոր հարթություններում»:
Հարցին էլ՝ ո՞րն է երաշխիքը, որ Ձեր նշած կայուն խաղաղությունը կապահովվի փոխզիջման դեպքում, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Եթե Բաքուն իր մեջ ուժ գտնի և իրոք կառուցողական երկխոսության գնա, հենց դա է լինելու երաշխիքը, այլ երաշխիք չկա: Երաշխիքներից մեկն այն է, որ մենք պետք է միշտ ունենանք հզոր բանակ և ի վիճակի լինենք պաշտպանել մեզ՝ բոլոր հարթություններում»: