«ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս». Սերժ Սարգսյան

«Ցեղասպանություն ճանաչելը քրիստոնեական երանգ չունի, Ցեղասպանությունը ճանաչել են ոչ միայն քրիստոնեությունը դավանող անհատներ կամ պետություններ. այստեղ խոսքը ոչ թե քրիստոնյայի մասին է, այլ հումանիստի, մարդու մասին, ով դատապարտում է մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը: Իհարկե, որոշ պարագաներում, որոշ հարցերում մեր հարևանները փորձում են այդ խնդիրներին կրոնական երանգ հաղորդել՝ կախված լսարանից»,- արաբական Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բերելով օրինակներ, թե ինչպես են մեր հարևան երկրներն օգտագործում կրոնական գործոնը.

«Առաջին՝ ոչ ցեղասպանություն իրագործողը, ոչ էլ նա, ում նկատմամբ այն իրագործվում է, կարծում եմ՝ կրոնական համոզմունքներից չի ելնում: Ես չեմ կարծում, որ Օսմանյան կայսրությունում տուժել են միայն քրիստոնյաները կամ միայն հայերը: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է ԼՂՀ խնդրին ևս կրոնական երանգ հաղորդել, ինչն իրականության հետ բոլորովին կապ չունի: Այսինքն՝ երբ լսարանն իսլամական է, մահմեդական է, ապա նրանք այս երանգավորումն են փորձում հաղորդել: Երբ որ լսարանը եվրոպական է, նրանք արդեն խոսում են տարածքային ամբողջականության մասին: Բայց գոնե հայերի մասով երբեք չի կարելի մտածել, որ հայերը զուրկ են համակեցության գաղափարներից: Այսօր մենք փայլուն հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, փայլուն հարաբերություններ ունենք բազմաթիվ արաբական երկրների հետ, և եթե համակեցության կանոնները մեզ համար բարձր կանոններ չեն, ապա սա ինչպե՞ս է ստացվում: Մենք համակեցության կանոնները շատ լավ գիտենք և այստեղ ուղղակի համաձայն չենք Թուրքիայի իշխանությունների հետ. այստեղ կրոնական խնդիր բացարձակապես չկա: Միգուցե նրանք այդ կանոններո՞վ են ղեկավարվում, բայց մենք այդ կանոններով չենք ղեկավարվում»:

Նախագահը նկատեց՝ 1988թ., երբ ինքը դեռ Ստեփանակերտում էր աշխատում, դուրս են եկել փողոց՝ բողոքի ցույցով, և ասել՝ միացում. «Այսինքն՝ մեր ցանկությունն էր՝ միանալ Մայր Հայաստանին: Բայց Սովետական Միության փլուզման հետ կապված՝ զուտ իրավական տեսակետից շատ ճշգրիտ լինելու պահանջից ելնելով՝ Ղաբարաղում հանրաքվե անցկացվեց՝ ինքնորոշվելու և անկախ պետություն դառնալու օրակարգով:

Անշուշտ, առաջին հերթին՝ կամքը ԼՂՀ-ում ապրողներինն է, թե նրանք ինչպիսի կարգավիճակով կուզենան ապրել. լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը: Ինձ համար ամենից կարևորն այն է, որ ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովված լինի, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում այնքան, ինչքան այս աշխարհը գոյություն կունենա, որովհետև իրենք իրենց պատմական հայրենիքում ապրել են հազարամյակներ: Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որևէ կասկած չկա՝ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա:

Այնպես որ, ամենակարևորն այն է, որ ԼՂՀ-ն դուրս լինի Ադրբեջանի կազմից: Այսինքն՝ մենք կողմնակից ենք նրան, որպեսզի ԼՂՀ ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը: Այնպես, ինչպես ամբողջ աշխարհում տեղի է ունենում: Եթե այդ իրավունքը հարգելի չլիներ, եթե այդ իրավունքն ամենահիմնական իրավունքներից չլիներ, այսօր երևի ՄԱԿ-ը բաղկացած կլիներ 50-70 երկրներից, ու տասնամյակների ընթացքում անկախացող երկրները չէին դառնա ՄԱԿ-ի անդամ: Նույն Ադրբեջանն այսօր անկախ երկիր չէր լինի, նույն Հայաստանն այսօր անկախ երկիր չէր լինի, որովհետև Ադրբեջանն ու Հայաստանն անկախացան Սովետական Միության փլուզման հետևանքով: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա՝ այդ մարդկանց որևէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»:

Պատրաստեց՝ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս