«Հայաստանը պետք է սխալ չգնահատի իրավիճակը՝ Brexit-ը համարելով ԵՄ-ի տապալում»

«168 Ժամի» զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Տիկին Գևորգյան, փաստորեն Մեծ Բրիտանիայում առարկայացած «մնալ»- «դուրս գալ» դիլեման առանցքային իրադարձություն դարձավ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ ԵՄ-ի ժամանակակից պատմության համար, որը, ինչպես մի շարք միջազգայնագետներ են պնդում, արտացոլեց արևմտյան աշխարհակարգի ճգնաժամն ու սպառվածությունը՝ ազդարարելով եվրոպական ինտեգրացիոն պրոյեկտի նոր պատմությունը և  լիբերալ հանրությանը դնելով նոր ընտրության առջև։ Իրականում, ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, և ո՞րն է լինելու դրա հետևանքը:

– Բացատրեմ, թե քաղաքական առումով այստեղ ինչ տեղի ունեցավ։ Այս հանրաքվեն նախաձեռնեց ներկայումս արդեն հրաժարական տված վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ պարզապես իր ներքին կուսակցական խնդիրները լուծելու  նպատակով, այն էր` անցկացնել հանրաքվե, ուր, Քեմերոնի ու իր խորհրդականների հաշվարկներով՝ մարդկանց մեծ մասը կքվեարկեին ԵՄ-ում մնալու օգտին: Սա Քեմերոնին հնարավորություն կտար մեկընդմիշտ լռեցնել իր կուսակցության արմատական թիմին, թուլացնել փոքր, բայց արագ համախոհներ հավաքող աջակողմյան կուսակցություններին և «փակել» ԵՄ-ի հարցը: Բայց վարչապետը սխալ հաշվարկ թույլ տվեց, և գործընթացն իր հսկողությունից դուրս եկավ:

Նախ՝ վարչապետը թերագնահատեց իր կուսակցության ներսում առկա պառակտումը: Նա նաև թերագնահատեց սոցիալապես անապահով ընտրողների մոտ կառավարության և նաև ընդդիմության նկատմամբ ունեցած անվստահության աստիճանը: Բայց ամենակարևոր գործոնն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության երկակի պահվածքն էր: Թեև այն պաշտոնապես դեմ էր ԵՄ-ից դուրս գալուն, այնուամենայնիվ ընդդիմությունը թույլ արշավ տարավ այդ գործընթացի դեմ: Սա լեյբորիստների ներկայիս ղեկավարի՝ Ջերեմի Քորբինի, ազդեցության արդյունքն էր: Նա ուժեղ սոցիալիստական հիմնադրույթներով ընտրվեց 2015-ին՝ իբրև իր կուսակցության ղեկավար, և ԵՄ-ի մեծ երկրպագու չէր: Ըստ նրա՝ ԵՄ-ն աշխատավորների իրավունքները լավ չի պաշտպանում: Վերջին տվյալներով՝ Լեյբորիստական կուսակցությունը ևս ճգնաժամի մեջ է, արշավ է սկսվել Քորբինին ղեկավար պաշտոնից հանելու համար:

Եվ, ի վերջո, այս գործընթացում որոշիչ դեր ունեցավ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելու գաղափարի կողմնակիցների  բավականին հաջող, կազմակերպված տեղեկատվական, կամ, ավելի ճիշտ, ապատեղեկատվական արշավը` հիմնված հակաէմիգրացիոն և հակակապիտալիստական զգացմունքների վրա:

Հետաքրքիր է, որ այս արշավի ղեկավարները պարզապես մի կողմ էին նետում փորձագետների, հատկապես՝ տնտեսագետների, կարծիքը, որոնք զգուշացնում էին լուրջ տնտեսական վնասի մասին: Ընտրազանգվածի մեծ մասն այսպիսով հրաժարվում էր լսել անաչառ վերլուծությունը, եթե այն չէր համընկնում իրենց կարծիքի հետ: Ցանկացած զգուշացում՝ տնտեսական և այլ վտանգների մասին, վարկաբեկվում էր՝ իբրև «Վախի նախագիծ»:

Արդյունքում, հատկապես Անգլիայի ավանդական լեյբորիստական սոցիալապես անապահով հեռավոր շրջանները քվեարկեցին ԵՄ-ից դուրս դուրս գալու օգտին, չնայած նրան, որ այս անապահով շրջաններն առաջինը տնտեսապես կտուժեն այս որոշումից, քանի որ երկրի տնտեսական աճը մոտ ապագայում խիստ կթուլանա, իսկ այս աղքատ շրջանների օգնությունը ԵՄ-ից կդադարի:

Այսպիսով, ծայրահեղ աջ ազգայնական ղեկավարները միավորեցին հակաէմիգրացիոն տրամադրություններ ունեցող առավել բարեկեցիկ ապրողներին և սոցիալապես անապահովներին: Իսկ ծայրահեղ ձախակողմյան ղեկավարներն օգնեցին նրանց, հատկապես ոտքի հանելով անապահովներին` Լոնդոնի և այլ մեծ քաղաքների բանկիրների դեմ իրենց քարոզչությամբ: Սա ծայրահեղ ազգայնական և ծայրահեղ սոցիալիստ ուժերի «ամուսնության» արդյունքն էր, որ կարողացավ հաջող ագիտացիոն PR արշավով ապտակ հասցնել ներկայիս կառավարությանը և ավանդական քաղաքական շրջանակներին: Սա ավելի շատ ներքին բողոքի ձայն էր երկրի կառավարության և հիմնական կուսակցություների դեմ, քան Եվրամիության:

Սա բողոք էր երկրում հարստության բևեռացման դեմ, որը հիմնականում Լոնդոնում և մեծ քաղաքներում է կենտրոնացված: Սա բողոք էր նաև էլիտիստ, ժողովրդից կտրված բոլոր քաղաքական գործիչների, ինչպես նաև՝ մամուլի դեմ: Բողոք էր նաև ներգաղթի և տնտեսական գլոբալիզացիայի դեմ, մանավանդ, երբ արդյունաբերական շրջաններում շարունակում էին գործարաններ վաճառվել կամ փակվել:

Պարզապես, այս բողոքի արտահայտման արդյունքում Մեծ Բրիտանիան ընդունեց մի որոշում, որ երկրի համար կարող է դառնալ ճակատագրական:

– Այնուամենայնիվ  հնարավո՞ր է, որ  որոշում կայացնողներն  այս հանրաքվեին իրավական ընթացք չտան։ Հանրաքվեի արդյունքներն այլևս վերջնական կարելի՞ է համարել։

– Պետք է նշել, որ Մեծ Բրիտանիան դեռևս հղում չի կատարել Եվրամիության Սահմանադրության 50-րդ հոդվածին, համաձայն որի՝ ԵՄ անդամ երկիրը նախ՝ պետք է դիմի ԵՄ-ին՝ կառույցից դուրս գալու գործընթաց սկսելու նպատակով։

Ինքնին հանրաքվեն իրավական ուժ չունի, պարտադրող չէ, բայց Մեծ Բրիտանիան ժողովրդավարական երկիր է, ցանկացած խորհրդարան և կառավարություն պետք է հաշվի առնի մեծամասնության կարծիքը։ Երկրում դեռ խիստ բևեռացած են կարծիքները, որովհետև ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները հսկայական մեծամասնություն չեն ունեցել և հակառակ կողմին հաղթել են ընդամենը 1 միլիոն 2 հարյուր հազար ձայնի առավելությամբ (ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է բնակչության 51.9%-ը, դեմ` 48.1%-ը)։ Տնտեսական շուկաների արձագանքը բավականին սթափեցնող էր շատերի համար, որովհետև, ինչպես տեսաք, բրիտանական ֆունտ ստեռլինգի կուրսը տուժեց, բաժնետոմսերի գներն անկում ապրեցին, ներկայումս իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, բայց, ինչպես ասացի, ներքին քաղաքականության առումով կարծիքները խիստ բևեռացած են։ Այդ բևեռացումը հատկապես խոշոր քաղաքների, մասնավորապես՝ Լոնդոնի և շրջանների միջև է, ուստի քաղաքական ղեկավարներն ու նոր ղեկավարները, որոնք դեռ պետք է իշխանության գան, պետք է ձգտեն ներքին պառակտվածության խնդիրը լուծել։ Նշեմ մեկ փաստ ևս, որը խոսուն է՝ տարեցների 60%-ը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, իսկ երիտասարդների 60-ից ավելի տոկոսը բոլոր շրջաններում ու քաղաքներում քվեարկել է ԵՄ-ում մնալու օգտին, այսինքն՝ այստեղ տարիքային գործոն կա։

Մինչև 50-րդ հոդվածը չկիրառվի, մինչև պաշտոնական դիմում չլինի, գուցեև  հնարավոր են փոփոխություններ, որովհետև Դևիդ Քեմերոնը միանգամից այդ հոդվածին հղում չկատարեց, փոխարենը՝ այդ ծանր որոշումը թողել է երկրի նոր ղեկավարներին։ Հնարավոր սցենարներից մեկն այն է, որ, երբ նշանակվի նոր վարչապետ, իրականում նա ընտրված չի լինի ժողովրդի կողմից, և չի բացառվում, որ սկսվի արշավ, որպեսզի  պարտադրվեն նոր ընտրություններ, և այդ դեպքում հնարավոր է, որ այս արդյունքները վերանայվեն նոր խորհրդարանի կողմից։

Մյուս կողմից՝ ԵՄ-ի հիմնադիր անդամները և հատկապես Եվրախորհրդարանի նախագահը կոշտ և հստակ պահանջեցին Բրիտանիայից՝ արագացնել բաժանումը, քանի որ որոշումն արդեն ընդունվել է: ԵՄ-ՄԲ լարվածությունը նորություն չէ: Պարզապես Եվրոպական միությունն այլևս չի ցանկանում համբերատար լինել ՄԲ-ի նկատմամբ, և վերջ տալ այս անորոշությանը, քանի որ այն լավ չէ ԵՄ-ի տնտեսության և քաղաքական միասնության համար: Միևնույն ժամանակ, հասկանալով ներքին իրավիճակի բարդությունը, Եվրամիության Հանձնաժողովը, որը միության գործադիր մարմինն է, ավելի մեղմ դիրք է գրավել՝ գոնե պահանջելով, որ «բաժանությունն» անմիջապես սկսվի:

Իհարկե, խնդիրն այն է, որ ԵՄ-ն չի կարող ՄԲ-ին ստիպել, որ այն պաշտոնապես դիմի դուրս գալու համար: Ավելին, կարծես Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, թվում է, իրենք էլ վստահ չեն, թե իրենց հաջորդ քայլն ինչ պետք է լինի: ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկած շատ ընտրողներ կարծես փոշմանել են, մանավանդ՝ տեսնելով, թե տնտեսական հարվածն իրական էր: Բրիտանական ընկերությունները մեկ օրվա մեջ 150 միլիարդ ֆունտի կորուստ ունեցան, իսկ աշխարհի շուկաներում այսօր արդեն այս հանրաքվեի վնասն անցնում է 2 տրիլիոն ԱՄՆ դոլարից:

Ամեն ինչ դեռ անորոշ է: Վստահությամբ կկարողանանք պնդել, որ Բրիտանիան լքում է ԵՄ-ն միայն այն բանից հետո, երբ հոդված 50-ը սկսի աշխատել:

– Եթե համարենք, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, շատ է քննարկվում, որ այս որոշումը կարող է նախադեպային դառնալ   ԵՄ այլ երկրների համար, որոնք կրում են ԵՄ-ի ողջ բեռը, որ սա լուրջ հետանքներ է  ունենալու ԵՄ-ի համար։ Հստակ է, որ սա մարտահրավեր է ԵՄ-ի համար, ուստի ի՞նչ հետևանքների մասին կարող ենք խոսել։

– Ինձ թվում է, որ տեղի ունեցածը զարթուցչի զանգ էր ԵՄ այն անդամ երկրների կուսակցություների, պարզ քաղաքացիների համար, որոնք եվրոպամետ են: Այս անսպասելի հաղթանակը ցույց տվեց, որ պետք չէ թերագնահատել ներքին դժգոհությունները, որոնք կապված են տնտեսական գլոբալիզացիայի և ներգաղթի հետ, ցույց տվեց, որ պետք է զգոն լինել վտանգավոր PR արշավների նկատմամբ, քանի որ շատ ընտրողներ չեն վստահում ավանդական կուսակցություններին: Սա միայն բրիտանական խնդիր չէ:

ԵՄ-ի մյուս անդամները հիմա շատ ավելի զգոն պետք է լինեն պոպուլիստական, ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների նկատմամբ: Ավելի մեծ ջանքեր պետք է ներդրվեն կեղծ քարոզչությունը կանխելու համար, բայց նաև քաջություն ունենան ընդունելու, որ ԵՄ-ն միշտ չէ, որ ճիշտ որոշումներ է ընդունել, և սրանք պետք է շտկվեն:

– Ինչպե՞ս կվերանայվի այս որոշման արդյունքում ԵՄ-ի Հարևանության քաղաքականությունը։ Կարծիքներ են շրջանառվում, որ ԵՄ-ն կկենտրոնանա ներքին խնդիրների  վրա՝ փորձելով լուծել ԵՄ անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները, շտկումներ մտցնել՝ ուշադրությունից դուրս թողնելով Հարևանության քաղաքականությունը։ Այս առումով, ըստ Ձեզ՝ ի՞նչ սրբագրումներ են լինելու ԵՄ հանձնաժողովի կողմից։

– Համաձայն եմ, կլինեն և՛ սրբագրումներ, և՛ ուշադրության  կենտրոնացում ներքին խնդիրների վրա: Գուցե անգամ ԵՄ-ն կորցնի այլ թույլ անդամների և որոշի ստեղծել ավելի փոքր, բայց կուռ միություն: Կարծում եմ՝ ավելի շատ հոգ կտարվի բացատրելու, թե ինչքան
վտանգավոր է ծայրահեղ աջակողմյանների երբեմն կեղծ քարոզչությունը, թե ինչ օգուտ են տալիս միգրանտները, և նաև շտկումներ կարվեն միգրացիոն քաղաքականությունում, ավելի արդար սոցիալական ու հարկային քաղաքականություն կարող է իրագործվել: Տարիների ընթացքում շատերը մոռացել են, թե ինչու ստեղծվեց այս միությունը, ինչքան կարևոր են այս արժեքները, և ինչ բարիքներ է բերել այս միությունն իր բոլոր անդամներին: Ստեղծվել է նաև եվրոպական ինքնություն, որը չի բացառում ազգային ինքնությունը: Սա հատկապես ցայտուն է արտահայտված երիրասարդների մոտ, նաև բրիտանացի երիտասարդների մոտ:

Միևնույն ժամանակ, դա այդքան էլ վատ չէ ԵՄ-ի հարևան երկրների համար: Այս ճգնաժամից, ամենայն հավանականությամբ, դուրս կգա ավելի կուռ վրոպական միություն:

Ի դեպ, շատ բան կախված կլինի, թե ինչ կկատարվի Բրիտանիայի հետ: Եթե Բրիտանիան երկարատև տնտեսական դժվարությունների մեջ հայտնվի և ավելի թույլ դիրք ունենա համաշխարհային քաղաքականության մեջ, սա կարող է սթափեցնել այն երկրներին, որտեղ ԵՄ-ից դուրս գալու նմանատիպ շարժումներ կան: Ըստ ԵՄ Սահմանադրության՝ երկու տարում պետք է ավարտվի Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: Իսկ նոր առևտրային և այլ համաձայնագրերի ստորագրումը բոլոր 27 ԵՄ անդամների հետ, ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների հետ կարող է երկար տարիներ տևել: Սա, անկասկած, կազդի Սիթիի և բիզնեսի վրա:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի ընդլայնմանը, մինչև այս ճգնաժամն արդեն ԵՄ-ն դանդաղեցրել էր իր ընդլայնումը: Այս առումով առանձնապես մեծ փոփոխություն չի լինի: Բայց կարծում եմ՝ ավելի լուրջ ուշադրություն կդարձվի ԵՄ-ի արժեքների ամրացման վրա: Եթե այս ճգնաժամը ճիշտ օգտագործվի, ապա սա կտանի ավելի խորն ինտեգրման ԵՄ-ի ներսում, ավելի լուրջ ուշադրություն կդարձվի այնպիսի երկրների վարքագծին, ինչպես, օրինակ, Հունգարիան՝ ԵՄ-ի անդամ, որը, եթե հիմա փորձեր միանալ ԵՄ-ին, ամենայն հավանականությամբ, կձախողվեր, քանի որ հեռացել է եվրոպական սկզբունքներից: Բացի այդ, ԵՄ-ն փոքր-ինչ խոցելի լինելով հիմա ներսում, առավել քան նախկինում, կձգտի, որի իր «հարևանությամբ» խաղաղություն լինի:  Շատ եվրոպական գործիչներ նախկինում չեն թաքցրել, որ Բրիտանիան կողմնակից էր ավելի դանդաղ ինտեգրման: Բրիտանիայի ելքը կարող է արագացնել վաղուց ծրագրվող ֆիսկալ և այլ ինտեգրացիոն
ծրագրերը, ինչը կուժեղացնի ԵՄ-ն:

– Ըստ Ձեզ՝ Հայաստանը,  ԵՄ-ի համար այս նոր իրողության  պայմաններում, երբ նոր խնդիրներ  են ի հայտ գալիս ԵՄ-ի համար, իրեն ինչպե՞ս պետք է դիրքավորի ԵՄ-ի հետ հարաբերություններում, երբ  բանակցում է նոր համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Այս ամենից հետո Հայաստանի դերն ինչպե՞ս եք տեսնում։

– Առաջինը, ինչ Հայաստանը կամ ցանկացած հետխորհրդային երկիր պետք է ճիշտ գնահատի, թե ինչ է տեղի ունենում և ինչու: Եվ հատկապես պետք է զգույշ լինել և չընկնել այնպիսի լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք պատկանում են եվրոպական ծայրահեղ պահպանողական կուսակցություններին կամ ռուսական պետական հսկողության տակ են։ Ըստ նրանց` ԵՄ-ն դա մի թույլ, անհասկանալի կառույց է, և Բրիտանիայի դուրս գալով՝ կսկսվի ԵՄ-ի կազմալուծումը:

Նախ՝ պետք է հստակ հասկանալ, որ Բրիտանիայի ելքը բացարձակ անակնկալ չէր: ՄԲ-ԵՄ հարաբերությունները միշտ էլ խնդրահարույց են եղել: Բրիտանիան ԵՄ-ի հիմնադիր անդամ չէ, ավելին, այն միշտ ինքնության խնդիր է ունեցել՝ իրեն համարելով ոչ ամբողջությամբ եվրոպական երկիր, այլ մի պետություն, որը հատուկ դեր ունի ԱՄՆ-ի և մայրցամաքային Եվրոպայի միջև: Ավելին, տարիներին ընթացքում ԵՄ-ի որոշ շրջանակներում անգամ կարծիք էր ձևավորվել, թե գուցե Միությունն ավելի ուժեղ կլինի՝ առանց Բրիտանիայի:

Եթե նմանատիպ հանրաքվե տեղի ունենար Ֆրանսիայում, և այն որոշեր դուրս գալ, ապա սա իսկապես լուրջ խնդիր կլիներ: Բրիտանիայի դուրս գալով՝ կուժեղանա Գերմանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը Միությունում: Սա նաև հնարավորություն կտա Լեհաստանին ստանձնելու ավելի որոշիչ դեր: Ավելին, Փարիզը, Ֆրանկֆուրտը, Ամստերդամը, Դուբլինը կշահեն խոշոր բիզնեսի՝ Լոնդոնից հնարավոր արտահոսքից: Ի դեպ, նույն Ռուսաստանի համար, եթե քաղաքական առումով գուցե կարճաժամկետ օգուտ է, տնտեսական առումով՝ վատ լուր է: ԵՄ-ի տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի՝ ազդելով Ռուսաստանի տնտեսության վրա: ԵՄ-ն Ռուսաստանի ամենակարևոր արտահանման շուկան է, հատկապես էներգետիկ առումով:

Ի վերջո, Մեծ Բրիտանիան կբանակցի սերտ առևտրային պայմանագիր ԵՄ-ի հետ, ինչպես, օրինակ, Նորվեգիան: Սա նշանակում է, որ սերտ հարաբերությունները կշարունակվեն ԵՄ-ի հետ: Այս ամենից առավել կտուժի Բրիտանիան, քանի որ ԵՄ-ի հետ առևտրային շուկայի անդամ լինելու համար այն կշարունակի խոշոր մուծումներ կատարել Եվրամիությանը և ընդունել աշխատուժի ազատ շարժի պայմանը: Այսինքն, միգրանտների հարցն այդպես էլ չի լուծվի, ԵՄ-ին մուծումներն առանձնապես չեն նվազի, բայց Բրիտանիան իրավունք չի ունենա ազդելու ԵՄ-ի կողմից ընդունվող օրենքների վրա: Ավելին, Մեծ Բրիտանիայի ներկայիս կառուցվածքը կարող է փոխվել: Թե՛ Շոտլանդիան, թե՛ Հյուսիսային Իռլանդիան նշել են, որ ցանկանում են մնալ ԵՄ-ի կազմում: Շոտլանդական անկախության հանրաքվեն միանգամայն իրատեսական է:

Հայաստանը պետք է սխալ չգնահատի իրավիճակը և համարի ներկայիս նահանջը՝ իբրև ԵՄ-ի տապալում: ԵՄ-ն ստատիկ միություն չէ, որ փակ դռների հետևում պարտադրվում է քաղաքացիներին: Որքան էլ ցավալի լինեն արդյունքները, ի վերջո, բրիտանական հանրաքվեն հենց ապացույցն էր, որ մարդկանց ձայնը վճռորոշ կարող է լինել: ԵՄ-ն արժեքների վրա հիմնված  միություն է, և երբեմն հենց այդ արժեքները պահպանելու համար, երկրներ կլինեն, որ դուրս կգան: Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ կարգի միության անդամ կցանկանա լինել:

Ի դեպ, շատ կարևոր է նաև նշել, որ ոչ միայն Բրիտանիայում, այլ նաև ԵՄ-ի անդամ երկրներում, երիտասարդների բացարձակ մեծամասնությունն իրեն եվրոպացի է համարում: Բրիտանիայի հանրաքվեն այժմ ներկայացվում է՝ իբրև ծերերի հաղթանակը երիտասարդների նկատմամբ: Աչքաթող անել այն փաստը, որ ապագա սերունդը ԵՄ-ում, և այդ թվում՝ նաև Բրիտանիայում, հավատարիմ է մնում եվրոպական դաշինքին, սխալ կլինի ԵՄ-ի քննադատների համար:

Տեսանյութեր

Լրահոս