
Գազայում հարձակման է ենթարկվել մարդասիրական առաքելություն իրականացնող հիմնադրամի երկու ամերիկացի աշխատակից

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում հուլիսի 5-ին հարձակում է իրականացվել Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակցի վրա, որոնք մասնակցել են սննդի օգնության բաշխման գործընթացին։ Այս մասին հայտնել է հիմնադրամը X սոցիալական ցանցում։
GHF-ի հաղորդագրության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել SDS-3 հաստատությունում, որտեղ իրականացվում էր պարենային օգնության տրամադրում։ Նախնական տվյալներով՝ երկու անհայտ անձինք նռնակներ են նետել ամերիկացի աշխատակիցների ուղղությամբ։
Հիմնադրամի պաղեստինցի աշխատակիցները և շրջապատում գտնվող քաղաքացիական անձինք չեն տուժել։Ըստ հիմնադրամի՝ վիրավորված ԱՄՆ քաղաքացիները գտնվում են կայուն վիճակում, ստանում են բժշկական օգնություն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Կազմակերպությունը հորդորել է հանրությանը աջակցել վիրավորներին և նրանց ընտանիքներին։
GHF-ն ընդգծել է, որ ունի հավաստի տեղեկություններ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից կազմակերպված հնարավոր հարձակումների մասին՝ ուղղված ամերիկյան անձնակազմին, պաղեստինցի աշխատակիցներին և մարդասիրական օգնությունից կախված քաղաքացիներին։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ հիմնադրամը հայտարարել է, որ շարունակելու է իր առաքելությունը՝ Գազայի բնակիչներին մատակարարելով անվտանգ և մասշտաբային սննդային աջակցություն։