Նիկոլի իշխանության օրոք պետական տոները վերածվել են դատարկ օրերի, իսկ երբեմն՝ ազգային նվաստացման խորհրդանիշների. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես բազմաթիվ այլ պետական տոների դեպքում ենք ականատես եղել, հուլիսի 5-ն էլ բացառություն չէ։ Այսօր նույնպես որևէ բան չկա շնորհավորելու։ Նիկոլի իշխանության օրոք պետական տոները վերածվել են դատարկ օրերի, իսկ երբեմն՝ ազգային նվաստացման խորհրդանիշների։

Նիկոլի՝ սիմվոլիստական մոլուցքով տարված քաղաքականությունն ուղղված է հայկական օրացույցը տոներից «մաքրելուն»։ Փաստացի՝ մեկ առ մեկ մոռացության են մատնվում բոլոր այն օրերը, որոնք խորհրդանշում էին ազգային հպարտություն, պետականություն և ինստիտուցիոնալ հիշողություն։ Դրանց փոխարեն օրացույցում ավելանում են ամոթի, խարանի, պարտության և արժանապատվության կորստի օրերը։

Այսօր՝ հուլիսի 5-ին, որը ՀՀ Սահմանադրության՝ մայր օրենքի ընդունման օրն է, հանրությունը չունի իրական հիմք այդ օրը նշելու կամ գնահատելու։ Պատճառն ակնհայտ է. մենք չունենք գործող և կենսունակ Սահմանադրություն, քանի որ ՀՀ Սահմանադրությունը ավելի քան յոթ տարի է՝ բռնաբարված է։ Պետք է փաստենք, որ Սահմանադրություն այլևս չի գործում որպես իրավունքի գերակայության աղբյուր, այլ ենթարկվում է Նիկոլի քաղաքական կամքին ու օրեցօր ենթարկվում է նոր մեկնաբանությունների՝ ըստ իրավիճակի։ Այն դարձել է թղթի կտոր, որը խախտվում է ամեն օր, ըստ իշխանության պահի շահերի ու քաղաքական քմահաճույքների։

Նիկոլը ձևավորել է այնպիսի մթնոլորտ, որտեղ իրավունքի գերակայությունը փոխարինվել է «քաղաքական ճաշակով» մեկնաբանված «օրենքով»։ Իր համար Սահմանադրությունը ոչ թե ազգային համաձայնության փաստաթուղթ է, այլ՝ սեփական իշխանությունը երաշխավորող գործիք։ Օրենքի ցանկացած խախտում նա ներկայացնում է որպես «հեղափոխական նպատակով պայմանավորված ճշգրտում» կամ՝ «իրավական քաղաքականություն»։

Անտեսելով առկա Սահմանադրությունը՝ Նիկոլն այսօր բացահայտորեն պատրաստվում է բոլորիս վզին փաթաթել արդեն սեփական օգտագործման սահմանադրություն, որն առաջիկայում կներկայացնի։ Այդպես կփորձի վերջնականապես հաստատել և օրինականացնել իր անձնիշխան, լիբերալ-ավտորիտար կառավարումը։ Նրա իշխանության վերջին փուլի առանցքը դառնում է՝ ինստիտուցիոնալ վերահսկողության նոր մեխանիզմների ստեղծում և պետականության բովանդակային ապամոնտաժում։

Այս քաղաքական փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր սահմանադրական հասարակական համաձայնության ձևավորումն է՝ Նիկոլի հեռացման և լեգիտիմ վերաստեղծման գործընթացի միջոցով։

Սա իր հերթին ենթադրում է առաջին հերթին լայն հանրային ու քաղաքական համախմբում, սահմանադրական նոր կարգի մշակման հանրային քննարկում, ինչպես նաև ինստիտուցիոնալ ապակայունացման ու «մեկ մարդու իշխանության» մերժում։ Այս ամենից հետո նաև իրավական ու քաղաքական նոր էջի բացում՝ հիմնված ազգային արժեքների, իրավունքի գերակայության և պատմական հիշողության վրա։

Ասեմ, հնարավոր է իրավիճակը փոխել, բայց դա չի լինի ինքնաբուխ, քանի դրա համար անհրաժեշտ է հստակ նպատակ, ազգային լայն դաշինք ու երկարաժամկետ պատասխանատվություն։ Սահմանադրական պետություն հնարավոր է կառուցել միայն այն ժամանակ, երբ կա ժողովուրդ, որն իր սահմանադրությանը վերաբերվում է ոչ թե որպես իշխանության շահերի թուղթ, այլ՝ որպես արժանապատվության, ազատության և ինքնիշխանության ակտ»։

Տեսանյութեր

Լրահոս