Եպիսկոպոսների ու թեմերի առաջնորդների շառաչուն ապտակը՝ Արայիկ Հարությունյանին. մի անպտուղ sms-ի պատմություն

Երեկ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անցկացված ժողովից հետո հանդես եկան բավականին կոշտ հայտարարությամբ:

«Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անհարգալից արտահայտություններով։

Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։

Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով»,- մասնավորապես նշված էր այդ հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Անդրադարձ էր կատարվել նաև Միքայել և Բագրատ սրբազանների ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու գծով կուրատոր, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այն անվանեց խայտառակություն:

Արայիկ Հարությունյանի վրդովմունքը հասկանալի էր, ինքն արել էր ամեն ինչ՝ կանխելու համար հայտարարության կոշտ բնույթը, ինչը, սակայն, չստացվեց, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն իրեն հանձնարարված պատասխանատու գործում ձախողեց:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել…

168.am-ի տեղեկություններով՝ մինչ Եպիսկոպոսաց ժողովը Սփյուռքից եկած բոլոր եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները, ինչպես նաև հայաստանյան եպիսկոպոսներ ու թեմակալ առաջնորդներ անանուն sms են ստանում՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայ առաքելական եկեղեցու սիրելի սպասավորներ, խնդրում եմ ձեզ անցնել հետևյալ հղմամբ»:

Տեքստին կցված է լինում մի հղում, որի վրա սեղմելով՝ եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները բացում են… Ուշադրություն… Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 2-ին կատարած գրառումը, որում ասվում է՝

«Կտրիճ Ներսիսյանի հեռանալն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ է:

Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:

Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

Կարճ ասած՝ Արայիկ Հարությունյանն ասում է՝ «եկել, եկել եք՝ միանգամից Կաթողիկոս ընտրեք, ու քանի որ վստահ է եղել, որ իր գրառումը ոչ ոք չի կարդալու, համենայն դեպս մի հատ էլ sms է ուղարկել եպիսկոպոսներին ու թեմերի առաջնորդներին:

Ուշագրավ է, որ մեր տեղեկություններով՝ Սփյուռքից եկած եպիսկոպոսներից շատերի համարներն իրենց ծառայության վայրերի երկրների հեռախոսահամարներ են, բայց դե, ինչպես ասում են, բա էլ ԱԱԾ-ն ինչի՞ համար է, որ չունենային նրանց համարները:

Ինչևէ, դավադրությունը չստացվեց, որովհետև սփյուռքյան ու հայաստանյան եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդներն անմիջապես բացահայտել են այն:

Ինչպես ասում են, կրկին փորձեք, դուք դրանից լավ եք:

Տեսանյութեր

Լրահոս