«Ինձ թվում է՝ Պապը դեպի ինձ է գալիս, նույնիսկ ուզում եմ գրկել իրեն». Անահիտ Բախշյան

Հռոմի պապ նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցը պատմականորեն շատ կարևոր է: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նրա համար շատ ավելի կարևոր է Պապի օրինակը, կերպարը Հայաստան բերելը, երբ «մեր հասարակությունը տեսավ, թե ինչպիսին է այն մարդը, որն ունենալով միլիարդ 300 միլիոն հետևորդներ, ինչքան համեստ է, ժուժկալ է, ինչ սիրող սիրտ ունի, և ծառայող մարդ է»:

Ա. Բախշյանը նշեց, որ ինքն այս պահին շատ հուզված է. «Մտածում եմ՝ երանի այն մարդիկ, որոնք այսօր պտտվում են Պապի շուրջ՝ թե ամենաբարձր հոգևորականներ, թե աշխարհիկ մարդիկ, նայելով Պապին, տեսնելով նրա վարքը, յուրաքանչյուր մարդուն գնալու իր պատրաստակամությունը, արդյոք նրանց մեջ մի բան շարժվո՞ւմ է, արդյոք իրենք չե՞ն մտածում լինել Պապի նման, որպեսզի ժողովուրդն իրենց սիրի, նրանք տեսնում են, չէ՞, որ ժողովուրդը, որն այս Պապին առաջին անգամն է տեսնում, որքան սիրով է գնում, որքան այդ սերը փոխադարձ է, դա երևում է, պետք չէ շատ բան ասել: Թող մտածեն՝ այս ժողովուրդը Պապին առաջին անգամ է տեսնում, այս ո՞նց են սիրում, բա ո՞նց անենք, որ մեզ էլ սիրեն, ո՞նց անենք, որ մենք էլ վաստակենք այդ սերը, մենք էլ փողոցով հանգիստ շրջենք, ոչ թե շքեղ մեքենաներով, շքեղությամբ մեզ չպարուրենք, որը կլինի մեծ պատնեշ ժողովրդի և իրենց միջև»:

Ա. Բախշյանը ավելի շատ կարևորում է Հռոմի պապի այցի բարոյական կողմը: Նա ուզում է, որ Պապի օրինակը վարակիչ լինի, և մեր իշխանությունները նույնպես ուզենան այդքան սիրված և սպասված լինել իրենց ժողովրդի կողմից. «Իրենք հասկանան, որ որքան էլ բարձր է Պապի աթոռը, բայց Պապն իր ամեն քայլափոխին, դեմքի արտահայտությամբ գալիս է դեպի մարդը, դեպի քեզ: Ես նրան հեռուստացույցով եմ նայում, բայց ինձ թվում է՝ ինքը դեպի ինձ է գալիս, նույնիսկ ուզում եմ գրկել իրեն»:

Անդրադառնալով նրան, որ Հռոմի պապը շեղվեց նախապես գրված տեքստից և արտասանեց «ցեղասպանություն» բառը՝ խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին՝ Ա. Բախշյանը նկատեց, որ Պապի այդ քայլը խոսում է այն մասին, որ, երբ մարդն ունի համոզմունք, գաղափար, ապա ոչ մի բան իրեն չի շեղում. «Չգիտեմ՝ Պապն ում էր խոստացել չասել այդ բառը, պաշտոնական տեքստով հանգստացրել էր երևի որոշ հատվածներին, բայց մարդը եկավ ու ասեց: Այսինքն՝ սա նույնպես օրինակ է մեր մեծերին, ՀՀ նախագահին, Վեհափառին, որ, եթե սկզբունքները կան իր մեջ, ապա այդ սկզբունքներից ինքը չի կարող փախչել, ու այդ սկզբունքներն են գնահատվում: Նա այնքան սրտանց ու հավատով էր խոսում մեր երկրի մասին, որ չվարակվել այդ հավատով նշանակում է՝ վերջին սրիկան լինել»:

Տեսանյութեր

Լրահոս