Բաժիններ՝

«Դու որպես ի՞նչ ես ներկայացնում, ո՞վ ես դու, որ ներկայացնում ես». Միքայել Մելքումյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

«Եթե ցանկանում եք՝ Հայաստանում գիտությունը զարգանա, գիտությունն ու տնտեսությունն իրար հետ կապվեն, ոչ թե մենք արտադրենք գիտության թեկնածուներ, այլ նաև դոկտորներ, ու դրա հետ միասին՝ իրենց գյուտը կյանքի կոչվի, որ դառնա արտադրության մաս, մենք պետք է կարողանանք այդ գյուտերը ներգրավել տնտեսության մեջ: Թե որ ոլորտից կլինի, դա այլ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով կրճատումների խնդրին՝ նա նշեց, որ այդ մասով ամեն ինչ խառն է. «Հիմա պատասխանատվություն կրելո՞ւ են այն մարդիկ, ովքեր տարվա սկզբին կամ անցած տարի գրել, պլանավորել են այս տարվա բյուջեն, մեծամասնությունը քվեարկել է ու ասել՝ «այո»: Որովհետև իրենք պետք է հիմնվեին նրա վրա, թե ի՞նչ կառուցվածք է պետք, որ կյանքի կոչեն իրենց ծրագիրը: Հիմա պարզվում է, որ այս կառուցվածքը կարող էր այնպես լինել, որ նույնիսկ նախարարություններ կան, որտեղ փոխնախարարի կարիք չկա: Ի վերջո, պետական ծառայությունը ծառայություն մատուցելու խնդիր է, և դա պետք է անել որակով: Հիմա կարող են կրճատել և ասել՝ գիտեք, եթե առաջ մենք պետք է ձեզ 10 օրում պատասխանեինք, հիմա 4 ամսում կպատասխանենք, որովհետև մարդ չունենք: Արդյո՞ք դա է մեր նպատակը, որ մեր ծառայության որակն ընկնի: Եթե ոչ, ապա ո՞վ է ուռճացրել այս ամբողջ համակարգը: Այստեղ գալիս է պատասխանատվություններ կրելու խնդիրը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ այս տարվա բյուջեն իր կատարողականով նորույթ չէ.

«Այդ պրոբլեմային գործընթացը շարունակվում է տարիներ շարունակ: Երբ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում էր, իմ հիմնական հարցն էր. «Դու որպես ի՞նչ ես ներկայացում, ո՞վ ես դու, որ ներկայացնում ես: Եթե հաշվապահական փաստաթուղթ ես ընդամենը ներկայացնում, ապա խնդիր չկա, դա մենք կարող ենք կարդալ: Բայց եթե այդ ներկայացրածի հիմա վրա քաղաքական գնահատականներ ունակ չես, լիազորված չես տալու, ուրեմն սա աբսուրդ է»:

Կարդացեք նաև

Գալիս ինչ-որ թվեր է ասում, այդ թվերը հնչեցնելու ընթացքում մենք չգիտենք՝ հանրապետությունում ինչ է տեղի ունեցել: Եթե 500 միլիոնով տրանսֆերտները կրճատվել են, ներկրումը 30%-ով կրճատվել է, արտահանումը 4%-ով կրճատվել է, նոր աշխատատեղեր չեն առաջացել, աղքատությունը չի կրճատվել, գործազրկությունը չի կրճատվել, ուրեմն ի՞նչ ենք անում, բայց բյուջեն ծախսում ենք: Այս պայմաններում շատ կարևոր է, որ, երբ կառավարությունն է գալիս, քաղաքական լուրջ գնահատականներ հնչեցվեն քաղաքական թիվ մեկ ամբիոնից, որը չկա»:

Պատգամավորի մատնանշած մյուս խնդիրը նրա նշած PR ակցիան է. «Հիմնական միտքը դրված է՝ ժողովրդի կողմից վստահության վերականգնման հայտ ներկայացնելը: Այսինքն՝ հայտ է ներկայացնում, կառավարությունը մտածել է՝ ի՞նչ անենք, ու որոշել են հռչակել, որ ոչ ֆորմալ մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարում են, և կամաց-կամաց վստահությունը կվերականգնվի: Երբ ժողովրդի հետ խոսում ես, պետք է մատչելի ասես՝ որտեղ էր թերացումը: Երբ մի բանի դեմ պայքարում ես, ասում ես՝ այսօրվանից չկան մենաշնորհներ, բայց չես ասում, թե ով էր հրաման տվել, որ այդ մենաշնորհը լինի: Կառավարությունն իրեն դրել է նոր բժշկի տեղ: Որ գնում ես նոր բժշկի մոտ, նա հարցնում է՝ ո՞ւմ մոտ ես բուժվել նախկինում, ու հիվանդության պատմությունն է նայում, և մենք հիմա եթե չտանք գնահատական, թե ոչ պաշտոնական մենաշնորհն ինչի՞ հետևանք էր, ուրեմն մենք չենք կարող բուժել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս