«Մոտենում է նոր ցիկլոն, որն ավելի ընդգրկուն է ու հզոր». Գագիկ Սուրենյան. «ՀԺ»

Այսօր օրվա երկրորդ կեսին Հանրապետություն է ներթափանցելու նոր ցիկլոն, որն իր հետ հյուսիս-արեւմուտքից բերելու է ցուրտ օդային հոսանքներ: Այս ցիկլոնը շատ ավելի ընդգրկուն ու հզոր է, ինչի հետեւանքով կեսօրից հետո եւ հունիսի 8-ին ու 9-ին տեղումները կլինեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ նաեւ օրվա ընթացքում: Կրկին մեծ է կարկուտի հավանականությունը: Մեր երկրում սպասվող եղանակային «իրադարձությունները» այսպես բնութագրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ հունիսի 8-9-ին սպասվում է նաեւ ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով: Ցիկլոնի ուժը, ըստ Սուրենյանի, կթուլանա հունիսի 10-ին: Աստիճանաբար կնվազի նաեւ տեղումների հավանականությունը. եթե հունիսի 10-ին տեղումներ են սպասվում հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ միայն երեկոյան ժամերին, ապա հունիսի 11-ին տեղումների հավանականությունը մեծ է միայն հյուսիսային շրջաններում:

«Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամսի 10-ից: Շատ բարձր ջերմաստիճան դեռ մի ակնկալեք: Բարձրացումից հետո ջերմաստիճանը հազիվ կմոտենա 30 աստիճանին»,- ընդգծում է օդերեւութաբանը:

Սուրենյանի հետ զրուցեցինք նաեւ վերջին օրերին հանրապետության գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանի որոշ հատվածներում գրանցված կարկտահարության դեպքերի մասին:

Մասնագիտորեն նկարագրելով երեւույթը՝ Սուրենյանն ասաց, որ ուժեղ կարկուտի պատճառը ձեւավորված գերհզոր կարկտային ամպամածությունն է. «3000-6000 մետր բարձրությունների վրա վերջին երկու օրերին տեղի է ունենում ցուրտ օդի ներհոսք, իսկ գետնամերձ շերտում՝ տաք օդի ներհոսք: Այս երեւույթով պայմանավորված մեծանում է ըստ բարձրության ջերմաստիճանի անկման մեծությունը. մենք դրան ասում ենք ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտ: Կեսօրից հետո, օդի տաքացումով պայմանավորված առաջացնում են ուժեղ վերընթաց հոսանքներ եւ հզոր կարկտային ամպամածություն, ինչի հետեւանքով հանրապետության առանձին հատվածներում անձրեւների հետ տեղում է նաեւ կարկուտ»,- բացատրեց Սուրենյանը:

Հարցին՝ արդյո՞ք այդ կարկտաբեր ամպերի հզորությունն է պատճառը, որ հակակարկտային կայանների ներգործությունը չի ազդում՝ Սուրենյանը դրական պատասխան տվեց.

«Այո, վերջին երկու օրերին գերհզոր ամպամածություն է առաջանում: Հենց հակակարկտային կայանների ներգործության շնորհիվ է, որ աղետալի կարկտահարություն չի լինում: Եթե կայանների ներգործությունը չլիներ՝ հետեւանքերը շատ ավելի ծանր կարող էին լինել, որովհետեւ ամպի ուղղաձիգ հզորությունը հասնում է մինչեւ 10-12 կիլոմետրի, իսկ ամպի մեջ կարկտի գոտին՝ մինչեւ 4-5 կիլոմետրի: Ամպի մեջ ունենում ենք 4-5 կլիոմետր շերտով կարկտի կուտակում. դա հզոր սառցե կուտակում է: Եղել են դեպքեր, որ չպաշտպանվող տարածքներում նման ամպերից տեղացել է մինչեւ 5-6 սանտիմետր տրամագծով, այսինքն հավի ձվից էլ մեծ կարկուտ, որի տեւողությունը կարող է հասնել մինչեւ 40 րոպեի: Իսկ վերջին օրերին տեղացած կարկուտի տրամագիծը 1-2 սանտիմետր է, տեւողությունը՝ 4-5 րոպե»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս