Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հայերեն թարգմանությունը

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից ներկայացված բանաձևը, որը 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանություններն ու կոտորածները ճանաչել է որպես Ցեղասպանություն: «Արմենպրես»-ը ներկայացնում է բանաձևի հայերեն թարգմանությունը:

«1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը

Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել.

Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում: Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:

Կարդացեք նաև

Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպես վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը:

Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում:

Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:

Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թվականին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտությանը:

100-ամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ Նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին: Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել այդ իրադարձություններին:

Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը`անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:

Գերմանիայի Բունդեսթագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար:

Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:

Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը:

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը:

Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:

Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:

Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար:

Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:

II. Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում գերմանական կառավարությանը.

-հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը,

-թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների և կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում,

-շարունակել անցյալի վերաիմաստավորումով հասնել թուրքերի և հայերի միջև մերձեցման, հաշտության և պատմական մեղքի ներման,

-շարունակել օժանդակել և պետական բյուջեի սահմաններում ֆինանսավորել Թուրքիայում և Հայաստանում այն գիտական, հասարակական և մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կծառայեն հայերի և թուրքերի միջև պատմության վերաիմաստավորմանը,

-որպես առաջին քայլ ակտիվորեն օժանդակել Հայաստանի և Թուրքիայի կողմից պատմական իրադարձությունների քննարկմանը և հայ-թուրքական հարաբերությունների վաղուց ի վեր սպասվող բարելավմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստավորման և հաշտեցման ուղղությամբ,

-Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին խրախուսել շարունակելու միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այս պահին լճացման մեջ է,

-ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում,

-միջնորդել, որպեսզի վերջին տարիներին Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն կերպով շարունակվեն,

– ֆինանսական հնարավորությունների շրջանակներում Գերմանիայում նույնպես շարունակել օժանդակել գիտահասարակական և մշակույթի բնագավառներում տարվող այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչվում են 1915/16թթ. իրադարձությունների հետ:

Բեռլին, 2 հունիսի 2016թ.

Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ և խմբակցություն
Թոմաս Օպերմանն և խմբակցություն
Կատրին Գյորինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր և խմբակցություն
Հիմնավորում

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն և ծանրագույն հետևանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին և զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավել հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը և լեզուն, այնպես էլ բռնագաղթերի և կոտորածների հիշողությունը կարևոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար:

Գերմանիայի Բունդեսթագը հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում:

Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը և կոտորածը նախապես ծրագրված են եղել և որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել:

Ընդհանուր առմամբ, ջարդերի և տեղահանումների ծավալը Թուրքիայում դեռևս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ կան նաև հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երկու ժողովուրդների միջև հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն և փաստերն այլևս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման և սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները և լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկմ ան առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների և սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունք ները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաև Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել և բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության և քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաև եկեղեցականների և գերմանացի բազմաթիվ անհատների անհապաղ խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, և ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը և Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որևէ ճնշում չգործադրեց:

Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների և հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների և տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարևորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռևս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ:

Տեսանյութեր

Լրահոս