Հիշե՛ք, հունիսի 7-ն ընտրություն չէ ՔՊ-ի և այլ քաղաքական ուժերի միջև, այլ միջոցառում, որտեղ ԵՄ-ն ամեն միջոցով աշխատելու է ՔՊ-ին իշխանության պահել. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այն կարծիքին է, որ եթե առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ուզում են ընտրություններում հաղթել իշխող ուժին՝ ՔՊ-ին, ապա դա պետք է անեն մինչև ընտրությունները։ Հակառակ պարագայում չի բացառվում, որ ԵՄ-ի միջամտությամբ Հայաստանում գործի Մոլդովայի սցենարը. պատահական չէ, որ ԵՄ-ն պետք է Հայաստան ուղարկի «արագ արձագանքման խումբ»՝ ընտրություններին ընդառաջ։

«Չպետք է մոռանանք, որ ԵՄ-ն Հայաստան է ուղարկում ոչ միայն այդ 20 հոգանոց խմբին, այլև 15 մլն եվրո է տալու, դա պաշտոնապես, բայց ոչ պաշտոնապես կարող է ավելի շատ գումար էլ տա, որովհետև այդ 20 հոգին, որ գալու են Հայաստան, նրանց ծախսերը պետք է հոգան։

Եթե ուշադրություն ենք դարձրել, Կայա Կալասը նաև ասել էր, որ հետագայում այստեղ ավելի մեծ ներկայացուցչական խումբ կլինի։

ԵՄ-ից Հայաստան ուղարկվելիք խումբն ի՞նչ  է անելու, պարզ է, որ առաջին հերթին դիտարկելու են Հայաստանի լրատվական դաշտը և բոլոր այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ կշեղվեն ԵՄ-ի կողմից գծված հիմնական ուղուց, նրանց նկատմամբ հնարավոր է որոշակի միջոցառումների իրականացնում։

Կարդացեք նաև

Հիշե՛ք, հունիսի 7-ն ընտրություն չէ ՔՊ-ի և այլ քաղաքական ուժերի միջև, այլ միջոցառում, որտեղ ԵՄ-ն ամեն միջոցով աշխատելու է ՔՊ-ին իշխանության պահելու համար, ինչպես արեց Ռումինիայում, Մոլդովայում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադլայանը։

Ըստ քաղտեխնոլոգի, առաջիկա ընտրություններում՝ ԵՄ-ն, Բրիտանիան, Թուրքիան, որոնց շահերը համընկնում են այստեղ, կռիվ են տալու և անեն ամեն ինչ, որպեսզի իրենց կողմից Հայաստանում վերջին 8 տարիների ընթացքում կատարված ներդրումները չզրոյացվեն։

Այս համատեքստում Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, թե ինչպես էին Թուրքիայի արտգործնախարարը, ԱՄՆ փոխնախագահը բացահայտ իրենց աջակցությունը հայտնել ՔՊ-ին առաջիկա ընտրությունների ժամանակ։

«Միանշանակ սա ԵՄ-ի կողմից միջամտություն է ՀՀ ներքին կյանքին, ի դեպ՝ մոլդովական սցենար՝ նշանակում է ոչ ազնիվ տեխնոլոգիաների կիրառմամբ իշխող ուժի վերարտադրություն՝ ցանկացած միջոցով։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանում դատական համակարգն ամբողջովին կախման մեջ է գտնվում գործադիրից, ընտրություններում կարող են ստանալ ընտրությունների համար դատարանից ցանկալի փաստաթուղթ, առավել ևս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում։ Դրա համար եմ ասում՝ եթե ցանկանում են հաղթել ՔՊ-ին, պետք է դա անեն մինչև հունիսի 7-ը, եթե իշխանությունը մինչ այդ մնա, կվերարտադրվի նշածս սցենարով»,- հավելեց նա։

Արմեն Բադալյանը վստահ է, որ եթե Հայաստանում կիրառվի մոլդովական սցենարը, ապա ժողովրդի որևէ քվե իր նպատակին չի ծառայելու։ Շատերն են կոչ անում քաղաքացիներին գնալ ընտրությունների և ում ցանկանան՝ ընտրեն, ինչն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ պետք է ընտրել արժանի քաղաքական ուժին։

«Ֆիքսենք, որ սա աշխարհաքաղաքական ընտրություն է, այլ ոչ թե ԱԺ ընտրություններ, սա ոչ էլ «Գյումրի-2» է։ Ընտրության մասնակիցները պետք է հասկանան՝ իրենց մրցակիցը ՔՊ-ի հետ միասին գլոբալիստական ուժերն են, որի դեմ, իհարկե, կարող են գործողություն իրականացնել ու հաղթել, եթե սովորական ընտրությունների սցենարով գնան, այլ ոչ թե մոլդովական։

Գլոբալիստները 8 տարի շարունակ աշխատել են Հայաստանում, արել են քաղաքական ու ֆինանսական ներդրումներ, հետևաբար՝ սա նրանց համար միայն Հայաստան չէ, այլ ամբողջ տարածաշրջան։

Իշխող քաղաքական ուժը կարող է կիրառել ոչ ազնիվ մեթոդներ, օրինակ, չգրանցել այս կամ այն ուժին։ Այնպես որ, ընդդիմությունը մինչև ընտրություններ շատ անելիքներ ունի»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ-ն նմանատիպ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։

Տեսանյութեր

Լրահոս