Բաժիններ՝

Օրբանը Զելենսկուն մեղադրել է Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը վտանգի տակ դնելու համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չվերսկսելը «շարունակում է վտանգի տակ դնել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը»։

Այս մասին նա գրառում է արել X հարթակում՝ շեշտելով, որ նավթի մատակարարումները պետք է «անմիջապես վերսկսվեն»։

«Մենք գիտենք, որ խողովակաշարը գործում է։ Մենք գիտենք, որ Հունգարիա նավթի մատակարարումները չեն վերսկսվել նախագահ Զելենսկու քաղաքական որոշման պատճառով։ Մենք նաև գիտենք, որ նախագահ Զելենսկին շրջանցում է Բրյուսելը՝ պնդելով, որ խողովակաշարը չի կարող վերագործարկվել», – հավելել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը նաև նշել է՝ Ուկրաինայի նախագահից ակնկալում են, որ նա կկատարի իր պարտավորությունները Եվրամիության և դրա անդամ պետությունների նկատմամբ և կվերագործարկի խողովակաշարը։

Օրբանը տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին ավելի ուշ այս թեմայի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Սլովակիայի իր գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Վերջինս փետրվարի 24-ին հայտարարել էր, որ Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային՝ նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։

Ուկրաինայի տարածքով դեպի Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթ տեղափոխող «Դրուժբա» խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Բուդապեշտը և Բրատիսլավան Կիևին մեղադրում են խողովակաշարի վերագործարկումը քաղաքական պատճառներով հետաձգելու համար։

Փետրվարի 26-ին Օրբանը նաև բաց նամակ էր հղել Զելենսկուն՝ մեղադրելով նրան Հունգարիան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի և հունգարական ընտանիքների անվտանգ և մատչելի էներգամատակարարումը վտանգի տակ դնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս