Ադելը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին
Երգչուհի Ադելի կարողությունը կազմում է 85 մլն ֆունտ: Sunday Times թերթի վարկածով՝ երկրի ամենահարուստ մարդկանց վարկանիշի համաձայն, նա Մեծ Բրիտանիայի ամենաապահովված կին երաժիշտն է, տեղեկացնում է BBC-ն:
Միլիոնատեր երգիչների՝ 50 հոգուց բաղկացած ցուցակում Ադելը 30-րդ տեղն է զբաղեցրել. վերջին տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 35 մլն ֆունտով:
Միակ կին երաժիշտը, որն Ադելից ավելի շատ է վաստակել, իռլանդուհի Էնիան է՝ 91 մլն ֆունտ:
Ադելը նաեւ գլխավորում է ամենահարուստ երիտասարդ երաժիշտների (մինչեւ 30 տարեկան) ցուցակը:
Երգչուհին այժմ 27 տարեկան է, նրա դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 2008 թվականի հունվարի 28-ին, լույս տեսնելուց արդեն մեկ շաբաթ անց գլխավորել է UK Albums Chart-ը, իսկ հետագայում ստացել է «պլատինե» կարգավիճակ (այսինքն՝ վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակով) եւ անվանակարգվել 2008 թվականի Mercury Prize-ում:
Այսօրվա դրությամբ Ադելն ունի հարյուրից ավելի տարբեր պարգեւներ, ներառյալ Բրիտանական կայսրության շքանշանը: Երգչուհին նաեւ ընդգրկված Է Գիննեսի ռեկորդների գրքում:
Տասն ամենահարուստ երաժիշների ու խմբերի ցուցակում են սըր Փոլ Մաքքարթնին եւ Նենսի Շեւելը (760 մլն ֆունտ), սըր Էնդրյու Լլոյդ-Ուեբերը (715 մլն), U2 խումբը (500 մլն), սըր Էլթոն Ջոնը (250 մլն), սըր Միք Ջագերը (235 մլն), Օլիվիա եւ Դանի Հարիսոնները (220 մլն), Քիթ Ռիչարդսը (220 մլն), Ռինգո Սթարը (200 մլն), Մայքլ Ֆլեթլին (198 մլն), Սթինգը (185 մլն):
Մեծ Բրիտանիայի հարուստների ամբողջական ցուցակը կհրապարակվի ապրիլի 24-ին: